Դպրություն

Ո՞ւմ է օգնում պետությունը մասնավոր դպրոցի դեպքում՝ աշակերտի՞ն, թե՞ դպրոցին․ «Դպրություն»

Աշակերտները այսօր շատ առողջ են դատում՝ նրանք գիտեն իրենց ի՞նչ և ո՞վ է հարկավոր՝ իրական գիտելիք ձեռք բերելու համար։ Եվ այստեղ մի քանի կարևոր հանգամանք կա՝ ուսուցիչ, դասագիրք, ժամանակակից ծրագրեր։

Իսկ պարտադիր ատեստավորման գործընթացը այսօր կարևորվում է և՛ ծնողական, և՛ աշակերտական համայնքների կողմից։ Եղել են դպրոցներ, որտեղ աշակերտները ատեստավորված ուսուցչին դիմավորել են ծափահարություններով։

«Փոքր երկրներում կրթությունը ամենաառանցքային ուղղությունն է, և պետք է բոլոր առումներով լինի ներառական։ Գործընթացի բոլոր մասնակիցները պետք է նայեն այդ աշխատաքին ոչ թե որպես միայն շահույթի աղբյուր, այլ նաև երկիրը զարգացնելու միջոց՝ հաշվի առնելով շահառուների հնարավորությունները։ Բոլոր ուղղություններով հոգատար լինելու պարագայում շատ խնդիրներ են հնարավոր լուծել։

Արտաշես Թորոսյան

Օրինակ՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ կազմակերպվեցին բազմաթիվ ծրագրեր, այդ թվում նաև՝ գյուղը ապրեցնելու համար։ Գյուղում կային Արցախից տեղահանված մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեին։ Գյուղի համախմբման շնորհիվ այդ ընտանիքների երեխաները կարողացան դպրոց հաճախել։ Դպրոցը դարձավ մի կենտրոն, որը ներառականության միջոցով փոխեց ինչպես կյանքը գյուղում, այնպես էլ իր կյանքը՝ դպրոցի աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում»,– ասում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։

Սոկրատ Մկրտչյան

«Իմ իմացած մասնավոր դպրոցներում գրքի համար վճարը մտնում է ուսման վարձավճարի մեջ, գրքի համար ծնողից գումար չեն վերցնում։ Սակայն, այս տարի ևս, երբ պետությունը տրամադրել է գումար այդ դպրոցներին, էլի եկել են, «Զանգակ» հրատարակչությունից բավականին մեծ թվով դասագրքեր են ստացել։ Գոնե ինձ ծանոթ մասնավոր դպրոցներում ուսման վարձավճարի փոփոխություն չի եղել։ Բայց պետությունը այդ դասագիրքը չի տվել դպրոցին, տվել է աշակերտին, նրա ծնողին՝ որպես աջակցություն։ Իսկ դպրոցը, թեկուզ երկու հազար դրամով, պետք է վարձավճարը պակասեցնի»,– փաստում է «Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

Մերի Վենգրժանովիչ

«Մեր դպրոցն էլ է ստացել դասագրքեր՝ այբենարան և հայոց լեզու։ Իսկ մնացած բոլոր դասագրքերի հարցը մենք ենք լուծում։ Այս պահին Ռուսաստանից, Ուկրաինայից շատ հայրենակիցներ են վերադառնում և իրենց համար կրթությունը ապահովելը, այնպես անել, որ իրենք կարողանան հայրենիքում լիարժեք սովորել, թեկուզ սկզբում ռուսերենով, հետո հայոց լեզուն ուսումնասիրելով և այլն, մնան Հայաստանում, ծառայեն իրենց հայրենիքին՝ իմ կարծիքով շատ կարևոր գործընթաց է, ինչն էլ հիմա իրականացնում է մեր դպրոցը»,–ասում է «Սլավյանսկայա» դպրոցի տնօրեն Մերի Վենգրժանովիչը։

Back to top button