Երաժշտական եռանկյունի

Նվագակցման նուրբ արվեստը․ «Երաժշտական եռանկյունի»

Բազմաթիվ երաժշտական մասնագիտություններից առանձնանում է դաշնակահար-նվագակցողի մասնագիտությունը, որը բացի բարձր կատարողական արվեստին տիրապետելուց, պահանջում է նաև այնպիսի կարևոր հատկանիշ, ինչպիսին է անսամբլի զգացողությունը:

Վերջինով պայմանավորված է յուրաքանչյուր մենակատարի հաջողության աստիճանը, հատկապես երբ նկատի ունենք վոկալ արվեստը:

Դաշնակահարուհի Մարիաննա Հայրապետյանն անցել է ավանդական ուսման ճանապարհ՝ Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոց, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Շարունակել է մասնագիտացումն ասպիրանտուրայում որպես դաշնակահար, համերգային կատարող: Որպես մենակատար մասնակցել է բազմաթիվ մրցույթների դեռևս դպրոցական տարիներից: Հանդիսացել է «Նոր անուններ» ծրագրի անդամ, իսկ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթին ստացել է հատուկ մրցանակ՝ «Լավագույն դաշնակահար-կոնցերտմայսեր»:

Ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իտալիայում և Ռուսաստանում: Այժմ աշխատում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում:

«Ես անչափ սիրում եմ իմ մասնագիտությունը և յուաքանչյուր մենակատարի հետ աշխատելիս ոգեշնչվում եմ և՛ փորձերի շրջանում, և՛ առավել պատասխանատու բեմի վրա: Պատասխանատվությունը մեծանում է հատկապես միջազգային մրցույթների ժամանակ, երբ նվագակցման որակից կախված է մենակատարի գնահատականը և մրցանակը»,- ասում է Մարիաննա Հայրապետյանը:

Դաշնակահարուհին չի սահմանափակվում նվագակցությամբ, այլ նաև մշակում է ժողովրդական ստեղծագործություններ և հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Այդ մշակումները նա որակում է որպես իմպրովիզացիաներ երաժշտական թեմաների շուրջ, ունի նաև ինքնուրույն ստեղծագործություններ, ինչպիսին է Արցախյան պատերազմին նվիրված կոմպոզիցիան:

Մարիաննա Հայրապետյանը համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Էդուարդ Թադևոսյանը, Արաքս Մանսուրյանը, Արամ Թալալյանը, Տիգրան Մանսուրյանը, Առնոլդ Քոչարյանը և այլոք:

Հաղորդման ընթացքում հնչում են բազմաթիվ կատարումներ՝ Մարիաննա Հայրապետյանի նվագակցությամբ, ինչպես նաև իր հեղինակային ստեղծագործություններն ու մշակումները:

Back to top button