Վերնատուն

Ծաղիկ պատճենահանելու ժամանակը չէ, երբ կան համամարդկային խնդիրներ․ «Վերնատուն»

Ժամանակակից արվեստի մերօրյա հետազոտությունների նյութի, թեմաների ու խնդիրների մասին է խոսում գյումրեցի արվեստագետ, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանը։

«Արվեստագետը ոչ թե պիտի փնտրի արհեստական, արհեստածին խնդիրներ, որ դրանց հիման վրա ինչ-որ բան ստեղծի, այլ ինքն իր մեջ շատ բազմաշերտ պիտի լինի և շատ երևույթներ փորձի իր պրիզմայով անցկացնել և արտահայտել», – ասում է Գոհար Սմոյանը։

Գոհար Սմոյանը արվեստագետ հետազոտող է, արվեստում կիրառում է բոլոր հնարավոր միջոցները՝ գրաֆիկայից ու նկարչությունից մինչև փերֆորմանս, ինստալյացիա։ Նրա հետաքրքրությունների կենտրոնում մարդկության գլոբալ խնդիրներն են՝ քաղաքականության թափանցիկությունը, կանանց խնդիրները, պատերազմը, սոցիալ-կրթական այլ խնդիրներ։

Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում այժմ դասավանդում է գրաֆիկա և արվեստի պատմություն։ Մի շարք խմբակային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և արտերկրում։

Արվեստագետն ասում է, որ եթե ապրում ես մի վայրում, որտեղ անընդհատ խնդիրներ ես տեսնում, չես կարող բավարարվել միայն էսթետիկ լուծումներով․ «Երբ բացահայտեցի արվեստի պահարանը ու հասկացա՝ ինչ է այնտեղ թաքնված, մտածեցի մարդկային կյանքի անարդար խնդիրները վեր հանել և խոսել, թեթևացնել մարդու հոգսերն ու պրոբլեմները։ Ես հասկացա, որ հիմա այն ժամանակը չէ, որ ես ուղղակի պատճենահանեմ ծաղիկը՝ յուղաներկով կամ ջրաներկով, այն կախեմ իմ պատից, էսթետիկական տեսակետից էլ ես ինձ լավ չէի զգա, և եթե ես եկել եմ այս դաշտ, առաքինություն ունեմ ինչ– որ բան փոխելու», – ասում է Գոհար Սմոյանը։

«Մաքուր նկարչությունը նույնպես հետազոտություն է պահանջում և ամենաբարդ հետազոտությունն է: Դա ինքնաճանաչման հետազոտությունն է։ Իմ արվեստում ամենակարևոր արժեքը ինձ համար մարդն է», – նշում է արվեստագետը։

Գոհարը առաջին մասնագիտությամբ կենսաքիմիկ է, ասում է որ գիտությունն արվեստում շատ կարևոր հիմք է, վստահ է, որ արվեստն առանց գիտության տգիտություն է։ «Առաջին տեղում ինձ համար գիտությունն է։ Մեր օրերում արվեստագետը պարտադիր պետք է հետազոտող լինի, հետազոտությունը շատ կարևոր է, դա այն մեթոդն է, որի միջոցով քո արվեստը դառնում է բազմաշերտ և անընդհատ խորանալու տեղիք է տալիս»։

Back to top button