Մոռացված ֆիլմերի ստվերները

Հայ կինոյի մինչև օրս չգերազանցված ռեկորդը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Վավերագրական կինոյի փայլուն վարպետ Ռուբեն Գևորգյանցը խաղարկային կինոյի ժանրում սկսեց ստեղծագործել հասուն տարիքում։ Նկարահանեց մի քանի ֆիլմ, որոնցից կրիմինալ-դրամայի ժանրի «Սպիտակ ոսկոր» ֆիլմն աննախադեպ՝ 20 միլիոն դիտում ունեցավ։ Այս ռեկորդային դիտումը կրկնել չի հաջողվել դեռևս ոչ մի հայ ռեժիսորի։

Կինոյի աշխարհ Ռուբեն Գևորգյանցը մուտք գործեց որպես վավերագրող ռեժիսոր՝ 1968 թվականին նկարահանելով «Ներսիսյանցիները» վավերագրական ֆիլմը։ Տարիներ անց նա դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ Ռեժիսորի կինեմատոգրաֆիական գործունեությունը միշտ աչքի է ընկել ժանրային բազմազանությամբ և յուրահատուկ մտածողությամբ։

1980-ականներին Ռուբեն Գևորգյանցը եղբոր՝ Գեորգի Կևորկովի հետ համատեղ որոշեց նկարահանել մի քանի խաղարկային ֆիլմ։

Մոսկվայաբնակ սցենարիստ Առնոլդ Գրիգորյանը 1982 թվականին մոսկովյան պետկինոյի խմբագրական կոլեգիայի դատին հանձնեց Միքայել Նալբանդյանի մասին պատմող կինոսցենար։ Հեղափոխական բանաստեղծ Միքայել Նալբանդյանի կյանքին նվիրված սցենարի հաստատումից հետո նկարահանումները վստահվեցին Ռուբեն Գևորգյանցին։ 19-րդ դարի հեղափոխական բանաստեղծի ողբերգական ճակատագիրը երկար տարիներ ուսումնասիրած Առնոլդ Գրիգորյանը, սցենարում ընդգրկել էր գրողի կյանքի գրեթե բոլոր ժամանակահատվածները։ Ֆիլմի խմբագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ բացակայում էր միայն հնդկաստանյան շրջանը։

Դավիթ Մուրադյան

«Միքայել Նալբանդյանը մի այնպիսի հարուստ կենսագրություն ունի, որ առնվազն մի հիսուն տարի մարդը պետք է ապրի, որ կարողանա այդպիսի կենսագրություն ունենալ։ Բայց նա կարողացավ այդ կենասագրությունն ունենալ շատ երիտասարդ տարիքում։ Ապրեց ընդամենը երեսունվեց տարի և մահացավ թոքախտից՝ աքսորավայրում։ Այնպես, որ նա շատ հետաքրքիր անձնավորությունն էր»,- ասում է Դավիթ Մուրադյանը։

Միքայել Նալբանդյան

«Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի տնօրեն Գոռ Վարդանյանը պատմում է, որ  ստեղծագործական խմբում ընդգրկվեցին կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը, բեմադրող-նկարիչ Ռաֆայել Բաբայանը, իսկ գլխավոր հերոսի՝ Միքայել Նալբանդյանի դերում Ռուբեն Գևորգյանցի առաջարկով «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական խորհուրդը հաստատեց ճարտարապետ-երաժիշտ, «Առաքյալներ» ռոք խմբի հիմնադիր Արթուր Մեսչյանին։

Դերասանական և ստեղծագործական կազմի հաստատնմանը հաջորդող նկարահանումներն ուղեկցվում էին բազմաթիվ դժվարություններով։ Առաջին անսպասելի բարդությունը եղավ Երևանում, երբ Մոսկվա մեկնող նկարահանող խմբին հայտնեցին, որ Արթուր Մեսչյանի թեկնածությունը մոսկովյան պետկինոն չի հաստատում։ 

Գոռ Վարդանյան

«Պատճառն այն էր, որ Արթուր Մեսչյանը՝ Մոսկվայում ընկերների հետ միասին ապաստան էր խնդրել Անգլիայի դեսպանատնից։ Դա ֆիլմի նկարահանումից մի քանի տարի առաջ էր տեղի ունեցել, բայց այդ միջադեպը պատճառ հանդիսացավ, որ մոսկովյան պետկինոյի չինովնիկները միահամուռ պնդեն, որ նա չի կարող հանդես գալ հեղափոխական հերոսի դերում։ Մեկ ամիս շարունակ ես և Ռուբեն Գևորգյանցը վեճերի մեջ էինք: Գործը հասավ նրան, որ մենք հայտարարեցինք. կա՛մ Արթուրը պիտի մարմնավորի այդ դերը, կա՛մ ֆիլմը չի նկարահանվի։ Այդ հայտարարությունից հետո էր, որ մոսկովյան պետկինոյի պատասխանատուները զիջեցին»,- ասում է Գոռ Վարդանյանը:

Ազատության ու անկախության արժեքը հասկացող և դրան ձգտող բանաստեղծի գործունեության մասին պատմող ֆիլմի՝ էկրան բարձրանալուց երկու տարի անց՝ 1985-ին, Ռուբեն Գևորգյանցն արդեն աշխատում էր մեկ այլ՝ «Քանի դեռ ապրում ենք» ֆիլմի նկարահանման վրա։

Պերեստրոյկա-գլաստնոստի տարիները թևակոխած Խորհրդային Հայաստանում մոր սիրեկանին դանակահարած անչափահաս տղայի մասին պատմող հոդվածը մեծ արձագանք ունեցավ հասարակության տարբեր շերտերում, իսկ ֆիզիկոս, սցենարիստ Ալեքսանդր Դիվանյանը հոդվածը սցենարի վերածեց։ «Օրը սկսվում է» աշխատանքային վերնագրով սցենարը Դիվանյանը ներկայացրեց Ռուբեն Գևորգյանցին։ Գևոգյանցը հավանեց՝ առաջարկելով որոշակի փոփոխություններ։ Սցենարական աշխատանքներն ավարտելուց և հաստատելուց հետո Ռուբեն Գևորգյանցը համագործակցության հրավիրեց կինոռեժիսոր Կարապետ Բորյանին, որի հետ արդեն երեք վավերագրական ֆիլմ էր նկարահանել։ 

Էկրանային՝ «Քանի դեռ ապրում ենք» վերնագրով ֆիլմի երկրորդ ռեժիսոր Կարապետ Բորյանը պատմում է, որ այն օրերին ամենադժվարը գլխավոր հերոսին գտնելն է եղել։

Կարապետ Բորյան

«Մենք անընդհատ ֆոտո փորձեր էինք անում, փնտրում էինք այն դերասանին, որը կկարողանար վարպետորեն մարմնավորել այդ կերպարը։ Գևորգյանցի հետ զրույցների ժամանակ ես հասկանում էի, որ նա կարծես իր նման մեկին էր փնտրում։ Երկար փնտրտուքներից հետո որոշեցինք մեկնել Թիֆլիս, ընտրությունը կատարել Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանների մեջ։ Ճանապարհին որոշեցինք կանգ առնել Գյումրիում, այցելել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որի գլխավոր ռեժիսորն այդ տարիներին Խորեն Աբրահամյանն էր: Հանդիպեցինք Խորենի հետ, զրուցեցինք և ընթացքում ես հասկացա, որ Ռուբենի ընտրութունը կանգ է առել նրա թեկնածության վրա» ,-պատմում է Կարապետ Բորյանը:

Ռուբեն Գևորգյանցն ու Գեորգի Կևորկովն իրենց վերջին համատեղ՝ քրեակատակերգության ժանրի «Սպիտակ ոսկոր» ֆիլմը նկարահանեցին 1988 թվականին՝ Արցախյան շարժման թեժ օրերին: Սովետական Միության կեղծ բարեպաշտության դիմակը պատռող ֆիլմն աննախադեպ՝ 20 միլիոն դիտում ունեցավ։ Սակայն Խորհրդային Միության փլուզման հետ փլուզվեց նաև ֆիլմի  հաջողությունն ու համբավը։

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը նշում է, որ «Սպիտակ ոսկոր» կինոնկարը ժանրային առումով բացառիկ ֆիլմ է, որովհետև այն հայ կինոյի պատմության մեջ ֆիլմ-պարոդիայի ժանրում նկարահանված միակ գեղարվեստական կինոնկարն է։

Սիրանույշ Գալստյան

«Այս ֆիլմը շատ հետաքրքիր շերտեր պարունակող ֆիլմ է։ Այնտեղ բավականին նրբորեն ծաղրի են ենթարկվում ոչ միայն Խորհրդային Միության իրականության մեջ եղած կեղծ շքերթների, ժողովների հետ կապված իրողությունները, այլև Խորհրդային Միության շարքային քաղաքացու առօրյայում տեղ գտած արատավոր երևույթները»,-ասում է Սիրանույշ Գալստյանը։

«Սպիտակ ոսկոր» ֆիլմի գլխավոր հերոսի դերում հաստատվեց Մոսկվայից հրավիրված դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին, նրա զուգընկերուհին Աննա Էլբակյանն էր, իսկ ոստիկանության սպայի դերում հանդես եկավ դերասան Գեորգի Հովակիմյանը, որն էլ, վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, պատմում է, որ նկարահանումները սկսվեցին Երևանում, այնուհետև շարունակվեցին Օդեսայում, որտեղ ժապավենի վրա վերցվեց ֆիլմի հիմնական մասը։

Գեորգի Հովակիմյան

«Ինձ համար շատ հաճելի էր աշխատել փորձառու, հայտնի, իրենց ձեռագիրը ունեցող  մի շարք դերասանների հետ։ Երբ ֆիլմն էկրան բարձրացավ, ցուցադրվեց կինոթատրոններում, տոմսերը միանգամից սպառվեցին։ Ֆիլմն ապահովեց այն տարիների համար աննախադեպ դրամարկղային խոշոր հասույթ»,- տարիներ անց էլ Գեորգի Հովակիմյանը նույն ուրախությամբ  ու հպարտությամբ է պատմում ֆիլմի հաջողության հետ կապված իր հիշողությունները։

Գևորգյանց եղբայրների գեղարվեստական երեք ֆիլմերից հանդիսատեսը միանգամից ընդունեց, սիրեց ու գնահատեց «Սպիտակ ոսկոր» ֆիլմը։

Սակայն փոխվեցին ժամանակները, ժամանակի հետ՝ նաև բարքերը, և մասսայականություն վայելող ֆիլմը կորցրեց արդիականությունն ու տեղ զբաղեցրեց հազվադեպ ցուցադրվող ֆիլմերի ցանկում։ Այդ ճակատագրին էին արժանացել նաև նախորդ երկու՝ «Գիշերվա մեջ առկայծող կրակն» ու «Քանի դեռ ապրում ենք» ֆիլմերը, որոնք մինչև օրս սպասում են կապույտ էկրան վերադառնալու իրենց  հերթին։

Back to top button