ԿարևորՎերլուծական

Իրադրությունը հայկական կողմի համար մեկ տարի անց կարող է շրջադարձային լինել․ քաղաքագետ

Կան հանգամանքներ, որոնք մեր որոշելիքը չեն, սակայն դա չի նշանակում որ մենք անելիքներ չունենք` ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` վերլուծելով ներկա իրողություններում տարածաշրջանին նետված մարտահարավերները։

Ինչպե՞ս և որը պետք է լինի հայկական կողմի հակադարձումը

Ինչպե՞ս և որը պետք է լինի հայկական կողմի հակադարձումը, ինչպե՞ս կողմնորոշվել, հատկապես երբ թուրք-ադրբեջանական տանդեմը և Թուրքիան ինքը հակված չեն ճանաչելու տարածաշրջանային մյուս ուժերի իրավական նպատակները։

Ըստ քաղաքագետի` երբ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում, փոքր երկրները  ուղղակի փորձում են պահպանել իրենց գոյատևումը և նույնիսկ ինչ-որ բան շահել, հակառակ դեպքում կարող են կորցնել եղածը։

«Մենք պետք է հասկականք, որ շատ երկրներ նույն Եվրոպայում այդ (նման) աշխարհաքաղաքական հանգամանքների պատճառով են գոյություն ունեցել։ Օրինակ Բելգիան արհեստական պետություն է, այն ձևավորվել է Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև պայքարի  արդյունքում որպես «կոմպրոմիս»` «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքից ելնելով։ Ե՛վ Եվրոպայի կենտրոնում, և՛ աշխարհի մյուս հատվածներում որոշ երկրների շահերի բախման հետևանքով կան ձևավորված «կոպրոմիսային» նմանատիպ մի քանի պետություններ` օրինակ Շվեցարիան, Ֆինլանդիան։ Օսմանյան Թուրքիա-Իրան- Ռուսաստան պայքարի ժամանակահատվածում որպես նշված երեք կենտրոնների ուժային բալանսը հավասարակշռող միջոց Հարավային Կովկասում  ձևավորվել  են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը տարածաշրջանի իրողությունները դիտարկելով ասում է` հստակ է հետևյալը. «Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուժերի հավասարակշռումը խախտվելու (ուժերի հավասարակռշման խախտման) հետևանքով է տեղի ունեցել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմը։ Հարավային Կովկասում ձևավորված արդեն նոր իրավիճակում ուժեղացավ Ադրբեջանը, աճեց Թուրքիայի դերակատարումը։

Նոր հնարավորությունների շանս՝ Հայաստանի համար

ԱՄՆ-ի և Հավաքական Արևմուտքի հետ Իրանի միջուկային հնարավոր գործարքը կնքվելու դեպքում կաճի նաև Թեհրանի դերակատարումը, որի դեպքում Հայաստանի համար նոր հնարավորություններ կառաջանան։ Իրանը` որպես էներգակիրներ արտահանող և կոմունիկացիոն խոշոր դերակատար և Իրան-Ռուսաստան նոր` վերաբեռնավորվող մերձեցումը բալանսի փոփոխություն են ենթադրում, ինչից կարող է շահել Հայաստանը` զարգացման նոր հնարավորությունների տեսլականում, քանի որ Թուրքիա-Ադրբեջան օրեցօր մերձեցող հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի համար վտանգ են ներկայացնում»։

Ըստ Ստեփան Դանիելյանի` Հայաստանի քաղաքական էլիտան պետք է հասկանա ներկա իրավիճակը և հնարավոր փոփոխությունների  հնարավորությունները, դրանք, ըստ քաղաքագետի, կարող են հայկական կողմի համար մեկ տարի անց շրջադարձային լինել։ «Ռադիոլուր»-ի զրուցակիը հնարավոր է համարում իրադարձությունների զարգացման հետևյալ սցենարը. «Թուրքիայում 2023 թվականին սպասվող նախագահական ընտրություններում արևմտամետ ուժերի հաղթանակի դեպքում կլարվեն հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ և, եթե նշված ժամանակահատվածում Ուկրաինայի հարցում որոշակի, թեկուզ ժամանակավոր, հանգուցալուծում հաջորդի, ապա Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռման փոփոխություն է լինելու, ինչը մեծացնելու է Հայաստանի դերը` բացելով  նոր հնարավորությունների պատուհան, սա հայկական կողմի համար նաև որոշակի կորուստների վերադարձ է ենթադրում»։ 

Հայաստանի անելիքներն առայժմ խիստ սահմանափակ են և պայմանավորված են արտաքին հանգամանքներով` ասում է Ստեփան Դանիելյանը։ 

«Ժողովուրդը պետք  է կարողանա ինքնորոշվի և պետության հնարավոր գործընկերների շրջանակը ճշգրտի` հիմքում նկատի ունենալով փոխադարձ շահերի համընկնումը։ Սրանից ելնելով պետք է ձևավորել քաղաքական համակարգ։ «Արևմտամետ» կամ «ռուսամետ» խոսույթը բնորոշ է չինքնորոշված ժողովուրդներին։ Դու վարում ես հնարավորությունների սահմաններում քո ազգային շահը պաշտպանելու քաղաքականություն։ Եթե դա համընկնում է օրինակ Ռուսաստանի կամ Իրանի հետ, ապա դու դառնում ես դաշնակից։ Եթե Թուրքիան կամ Արևմուտքն է ուժեղի դիրքերից հանդես գալիս, ապա երկրի շահերից ելնելով ընտրում ես քո շահերի հետ համընկնող կողմին։ Այստեղ խնդիրը մեր կայացրած որոշման մեջ է, որն էլ կողմնորոշիչ է սուվերեն լինել-չլինելու, ինքնորոշման պահպանման հարցում»։

«Եթե քո շահերի դեմ որոշումներ ես կայացնում հնարավորություն ունենալով դա չանել` ինչ-որ դրսի շահերից ելնելով, ապա սա տանում է սուվերենության` ինքնորոշման կորստի։ Սրա վառ օրինակը Եվրոպայում ներկայիս Գերմանիան է։ Այս երկրի շահերից է բխում Ռուսաստանի հետ մերձեցումը` օգտվելով  ռուսական էներգակիրների հումքից զարգանալ և դառնալ Եվրոպայում տնտեսական և ուժային երրորդ խոշոր կենտրոնն ի հակակշիռ ԱՄՆ-ին և Չինաստանին։  Սակայն Գերմանիային ստիպում են պետության շահերից դուրս քայլեր կատարել` սա ինքնորոշված չլինելու ցուցիչ է, այն «կարմիր գիծը», որից այն կողմ պետությունը վտանգում է սեփական ինքնությունը»։  

Նման իրավիճակներում հայակկան կողմը որքանով է պատրաստ ընկալելու աշխարհաքաղաքական միջավայրի արագընթաց փոփոխությունները և ո՞րն է ճանապարհային այն քարտեզը, բանաձևը , որոնք կարող են օգտագործել պետությունները`  ճգնաժամային իրավիճակները հանգուցալուծելու համար։ 

Այս և այլ հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Back to top button