Այս տարի լրանում է արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանի 80- ամյա հոբելյանը։ Վահագն Գրիգորյանը երկու տասնյակ և ավելի գրքերի, մի շարք թարգմանությունների հեղինակ է։ Երկար տարիներ բնակվում է Լիտվայում՝ մշտապես կապ պահելով Հայաստանի հետ։
Հայաստանյան հերթական այցելությունն առիթ էր գրողի հետ զրուցելու մեր օրերում գրականության դերակատարությունից, իր գրական նախասիրություններից, նոր վեպից։
Արձակագիրն ասում է, որ գրականության մեջ իրեն հետաքրքրում է ոչ թե ներաշխարհային խնդիրներն ու մարդկային հարաբերությունները, այլ ազգի ու պետության խնդիրները․ ուզում է հասկանալ նաև, թե ի՞նչ է նշանակում հայ լինել։
«Մեր պատմությանը ծանոթ ենք ոչ թե պատմական գրքեր թերթելով, այլ գրականությունից․ Րաֆֆու, Դեմիրճյանի և այլն, բայց մեր գրականությունը մատուցել է միայն փառավոր էջերը։ «Ժամանակի գետը», որը 10 տարի առաջ գրեցի և «Պողոս Պետրոս» վեպերը դառը իրողությունների մասին է»․ – ասում է Վահագն Գրիգորյանը։
Արձակագիրն ասում է, որ վաղուց ժամանակն է ճանաչելու մեր սխալները։ Եթե գրողը Հայաստանի մասին է գրում, նա չպետք է աչք փակի խնդիրների ու սխալների առաջ, քանի որ նույն սխալներն այսօր էլ շարունակվում են։
«Պողոս Պետրոս» վեպը շուրջ 18 տարի է գրում է, ասում է սկսել է Արցախյան շարժումից հետո՝ 93 թվականին։ Վեպի սյուժեն սկսվում է 18-րդ դարից և շարունակվում է մինչև մեր օրերը։ Ասում է վեպը մեր սխալների ու ապագայի մասին է։
«Մեր սխալների արդյունքում հասել ենք այն օրվան, որ այսօր մենք ոչ թե բանակցությունների կողմ ենք այլ բանակցությունների առարկա։ Մենք շատ հաճախ մեր անձնական շահով ենք առաջնորդվել։ Պետականության գաղափարի հանդեպ հատուկ վերաբերմունքը պետք է ուշադրություն դարձնել դպրոցներից։ Հայի հոգեբանությունը պիտի փոխվի, սա ոչ թե նացիոնալիզմ է, այլ քո գիտակցությունը թե՝ ով ես դու»։