Գերդաստաններ

Հանրահայտ գրողն ու մոլորյալ անչափահասներին փրկող եղբայրը. Խալափյաններ․ «Գերդաստաններ»

Թալիշն Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող ամենահին գյուղերից է։ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների նստավայրերից են եղել դրա մերձակայքում Տոռեկա վանքի մոտ գտնվող ապարանքները։

Հենց այս գյուղում էլ ծնվել է հայտնի արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանը։ Գրող, որի արձակը նյութի հարստությամբ և ոճի բազմազանությամբ՝ հատկապես պատումի ներքին լարվածությամբ, գերել է շատերին։ Դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը՝ «Թթենին», «Որտե՞ղ էիր մարդ աստծո» և այլն հրապուրում են նաև երիտասարդներին։

Զորայր Խալափյան

Զորայր Խալափյանի Ամիրջան պապը յոթ լեզու գիտեր։
Միր-Բաշիրի իր երկհարկանի տան առաջին հարկում կոշիկի արհեստանոց էր հիմնել, ուր կարում էին շատ գեղեցիկ կոշիկներ։ Զորայր Խալափյանի մեծ քույրը՝ Սվետլանան, հիշում է, թե ինչպես էր հագել այդ բարձրակրունկներից մեկն ու կոտրել կրունկը։ Վախենում էր, որ կպատժեն, հիմա արդեն հումորով հիշում է այդ միջադեպը։

Զորայրի տատիկը՝ Մարիամը, որին հաճախ Մաշինկա էին կոչում, սերում էր Օրբելյանների տոհմից։ Այս մասին նրանք իմանում են, երբ բարերար Լևոն Հայրապետյանի տան պատին շատ նկարների հետ միասին փակցված տեսնում են նաև իրենց տատի՝ Մարիամի նկարը։ Զրուցում են, հարցուփորձ անում ու պարզվում է, որ և՛ Լևոնը, և՛ Մարիամը Օրբելիների տոհմից են։

Միր-Բաշիրի երկհարկանի տան բակում մի թթենի կար, պատմում է Զորայրի փոքր քույրը՝ Միլետան։ Հենց այդ թթենին է, որ հետագայում դառնում է գրողի հայտնի «Թթենին» ստեղծագործության գլխավոր հերոսը։

Խալափյանի հերոսները հոգու մաքրությամբ, բնավորության վեհությամբ օժտված, իրենց աշխատանքին նվիրված մարդիկ են՝ ուսուցիչներ, բժիշկներ, հետպատերազմական շրջանի դրամատիկ ապրումներով մարդիկ։

Իր «Երիցուկի թերթիկները» վիպակում գրողը ցույց է տալիս ոչ թե պատմական ժամանակահատվածը, այլ մարդկային ճակատագրի «դիալեկտիկան»։

Երվանդ Խալափյան և Արշալույս Խալափյան

Թեմիկ Խալափյանը լավ է հիշում հորը՝ Երվանդին, որը բանիմաց, շատ կարդացած մարդ էր, սովորել էր գյուղատնտեսական ինստիտուտում, հետո ուսումը շարունակել Բաքվում և Մոսկվայում։

Հարևան գյուղերի բնակիչներին, որոնք տարբեր խնդիրներ ունեին, նույնիսկ՝ առողջական, օգնում էր ինչպես ու ինչով կարող էր։ Իսկ Զորայրը շատ էր սիրում Թեմիկին, պատմում էր Թումանյանի ստեղծագործություններն ու պահանջում, որ իրենց գյուղում գտներ Թումանյանի հերոսներին նմանվող մարդկանց։

Եղբայրները սիրում էին նաև ձկնորսությամբ զբաղվել։
Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը հիմնադրել է «Տրտու» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Թեմիկ Խալափյանը։

Հետաքրքիր գրողն արվեստի միջոցով ոտք գործեց իր համար անծանոթ մի աշխարհ և գեղեցիկի միջոցով այդ երեխաներին փոխեց դեպի լավը, բարին ու մարդկայինը։

Զորայր Խալափյանի քրոջ՝ Միլետայի դուստրը՝ Լիլիթ Առուշանյանը, պատմում է, որ իրենց գերդաստանի փոքրերն ու երիտասարդներն էլ են դարձել Զորայր Խալափյանի ստեղծագործությունների հերոսները։ Նրանք հասուն տարիքում էլ հարազատ են մնացել իրենց սկզբունքներին, շարունակում են մնալ հայրենասեր, ազնիվ, լի արժանապատվությամբ։

Խալափյանները շատ հաճախ են գերդաստանի անդամներով հավաքվում իրենցից մեկի տանը, երեկոն սկսում Ալեքսան Հարությունյանի կատարմամբ հնչող «Արի երթանք» երգով։
Հաղորդումն ավարտում եմ «Մեռնող հառնող» վեպից մի փոքրիկ հատվածով, որը բանահավաքչության մասին է։ Դրան գումարվում է նաև հայ ժողովրդի նկարագրի ձևավորմանն անչափ կարևորություն տվող գրչությունը։

«Շարունակվող առասպելի կենսականորեն անհրաժեշտ երակներից է սա, որ մարդուն լիցքավորում է լույսի ու բարու, արարելու ու հարատևելու, իր առասպելներով իրեն հաստատելու առաքինության գիտակցությամբ։ Երևակայության աննահանջ փնտրումները հաճախ հանգրվանում են կյանքի իրական դրսևորումների մեջ…»։

Back to top button