Մտքի ուժը

«Ընտրում» են նաև բակտերիաները․ հայ գիտնականները բարձր արդյունավետությամբ ու ցածր ինքնարժեքով միջատասպան պատրաստուկ են առաջարկում․ «Մտքի ուժը»

Առայժմ անանուն, բայց  բարձր արդյունավետությամբ ու  ցածր գնով  տեղական արտադրության միջատասպան պատվաստուկը «ծնվել է» «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն»-ում։ Այն հայ ֆերմերների մի մասին արդեն հայտնի է։   

Փնտրել ու գտնել այնպիսի միջատասպան հատկությամբ օժտված բակտերիա, որը կազդի տարբեր  տեսակի վնասատուների վրա`  կաթվածահար անելով միջատի աղեստամոքսային համակարգը: «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում փնտրեցին, հետազոտեցին ու փորձարկեցին այն։ Պարզեցին՝ իրենց հայտնաբերած բակտերիան «ընտրելու» կարողություն ունի։ Թե ինչո՞ւ և ինչպե՞ս լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Անիչկա Հովսեփյանն է պատմում.

«Առավելությունը կայանում է նրանում, որ մեր մանրէն ունի ընտրողական ազդեցություն, այսինքն բացարձակ անվնաս է շրջակա միջավայրի համար , ինչպես նաև մարդկանց, տաքարյուն կենդանիների և օգտակար միջատների համար: Վնասատու միջատները ուտում են տերևները, որոնք մշակված են (սրսկված) պատրաստուկով, այն ընկնելով աղեստամոքսային տրակտ վնասում է միջատին»։

Հենց այդպես ազդում է վնասատու միջատների վրա, որոնք սնվում են բույսի կանաչ զանգվածով՝ վնաս պատճառելով բույսին։

Փորձարկումները սկսեցին խաղողի ողկուզակերի դեմ պաքարից։ Արդեն երկրորդ տարին է ինչ լայնամաշտաբ փորձարկում են, արդյունքներից գոհ են։ Այժմ արդեն կարող են հստակ ասել՝  միջատասպան պատրաստուկը արդյունավետ է նաև բանջարեղենի, պտղատու ծառերի, անգամ՝ փշատերև վնասատուների դեմ պայքարում: Աշխարհում ու նաև Հայաստանում քիմիական պարարտանյութերի օգտագործումն ու դրանց վնասակար ազդեցությունը լուրջ խնդիր են առաջ բերում՝ ասում է նույն լաբորատորիայի ավագ գիտաշխատող Սոնա Ավետիսյանն ու նկատում՝ հենց այդ պատճառով էլ սկսեցին էկոլոգիապես անվտանգ պատրաստուկի ստեղծումը։

Գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում ոչ միայն խաղողն են ցանկանում փրկել, այլ նաև բույսերի աճն են խթանում․

«Քիմիական նյութերի օգտագործմամբ կորցնում ենք նաև կարևորագույն օգտակար միջատներին։ Այս խնդիրը ևս լուծվում է։ Մենք մեր բակտերիայի վրա, որը միջատասպան պատրաստուկն է սինթեզում ստացել ենք նաև մելանին սինթեզող մանրէ, որը  համապատասխան պայմաններում աճելով միաշամանակ և մելանին է սինթեզում, և միջատասպան պատրաստուկ: Մելանինը կենսաբանական ակտիվություն ունեցող հակաօքսիդանտ է»։

Մելանինը իր լուսապաշտպանիչ հատկության շնորհիվ պաշտպանում է պրեպարատը արևի քայքայող ճառագայթներից և երկարացնում է դրա միջատասպան ազդեցությունը հավելում է Անիչկա Հովսեփյանը։

Հայկական գիտական մտքի արդյունքում ծնված պատրաստուկն ավելի մատչելի է՝ ասում է  «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Սոնա Ավետիսյանը։              

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում աշխատում են գիտահետազոտական տարբեր թեմաների վրա։ Գենաինժեներային եղանակներով տարբեր տեսակի կենսաբանական ակտիվ միացությունների շտամ արտադրիչներ են ստանում։  

Գիտություն- տնտեսություն կապն այստեղ ամուր հիմքերի վրա է, սակայն, հետազոտություններն առանց դրամաշնորհների՝ ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի ու գիտության կոմիտեի տրամադրած գումարներով։ Գիտական այս կենտրոնում էլ կարևորում են ֆինանսների առկայությունը։ Հնարավոր է գիտությունը զարգացնել՝ առանց դրամաշնորհի Սոնա Ավետիսյանը նշում է․ «Իրականում ոչ։ Եթե տարբեր դրամաշնորհները չլինեին, ոչ մի կերպ հնարավոր չէ ինչ որ բան անել»։

Back to top button