Գոյության ծածկագիր

Աստղերին տեսնողներն ու հարաբերականության տեսությունը․ կյանք՝ միլիոն լուսատարի առաջ․ «Գոյության ծածկագիր» հավելված

10 թվի կողքին գրեք ևս 12 զրո, ստացված թիվը բազմապատկեք 9.46-ով։ Ճիշտ այդքան կմ-ի է հավասար 1 լուսային տարին։ Սա այն հեռավորությունն է, որը լույսն անցնում է 1 տարվա ընթացքում։ Տարածությունն ավելի պարզ պատկերացնելու համար հիշեք, որ մեկ վայրկյանում լույսն անցնում է գրեթե 300 միլիոն մետր։ Մի քանի միլիարդ լուսային տարի հեռավորության վրա գտնվող երկնային օբյեկտները մի շարք գիտնականների աշխատանքային գործիքներն են։ Նրանք երկնքին են նայում ոչ միայն հիանալու, այլև աստղերի ֆիզիկան հասկանալու և ըստ այդմ՝ Երկրի վրա կյանքի ընթացքը փոխելու համար։

Երբ Ալբերտ Այնշտայնը ստեղծեց հարաբերականության ընդհանուր տեսությունը, ժամանակի մի շարք գիտնականներ չհասկացան այն։ Բարդ ու աբստրակտ մաթեմատիկական կառույցը հասու չէր նույնիսկ մտքի տիտաններին։ Դրանից ավելի քան մեկ դար անց այս երևույթը մեր ամենօրյա կյանքի բաղադրիչն է, սակայն դեռևս դրդում է գիտնականներին մտածել, փորձել, ձախողել ու համառել այնքան, մինչև կգտնվեն սրա հիման վրա առաջադրվող նոր հարցերի պատասխանները։

Այս թողարկամը բացահայտելու ենք տիեզերական անսահմանության մեջ փոքր մարդկանց մեծ գործերը, Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունն ու ներկա ժամանակի մեջ մի քանի միլիարդ տարի առաջ տեղի ունեցածը տեսնող աստղագետներին։

«Երբ այդպիսի բաներով զբաղվում ես, դու հասկանում ես, թե մենք ինչքան փոքր մի բան ենք տիեզերքում։ Երկիր մոլորակը կարծես մի փոշեհատիկ լինի, նույնիսկ Արեգակնային համակարգը մի փոքրիկ բան է տիեզերքում»։

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Տիգրան Մովսիսյանը աստղերին նայում է արդեն 45 տարի։ Զբաղվում է աստղառաջացման երևույթներով, մասնավորապես՝ նրանցից մեծ՝ հիպերսոնիկ արագություններով արտահոսքերի հայտնաբերմամբ։ Հիպերսոնիկ արագությունը վայրկյանում 3000 մետրը գերազանցող արագությունն է, այսինքն՝ ձայնի արագությունը բազմապատկած։

«Մեր գալակտիկայում 200 միլիարդ աստղ կա, հիմա արդեն հսկայական քանակությամբ աստղերի մոտ մոլորակներ են հայտնաբերվել, արդեն շատ մեծ դիտակներ են սարքում, սկսել են կառուցել 30-ից ավելի մետրանոց դիտակներ։ Այսօր ամենամեծը 10.4 մետրանոցն է։ Հիմնական նպատակը արտաարեգակնային մոլորակների ուսումնասիրությունն է։ Ուրիշ խնդիրներ էլ կան իհարկե, բայց մարդիկ միշտ հետաքրքրվում են՝ մեզնից բացի ուրիշ ինչ-որ մեկը էլի կա՞ տիեզերքում, թե՞ չէ»։

Գիտեք՝ մարդիկ անտարբեր չեն երկնքին նայելիս։ Մարդկանց միշտ էլ հետաքրքիր է տիեզերքը։ Իմ աշխատանքի հիմնական ուղղությունը երիտասարդ աստղերի արտանետումների հայտնաբերումն է:

Ես տեսել եմ օբյեկտ, որն այդպիսին է եղել մի քանի միլիարդ տարի առաջ, որովհետև այդ լույսը մինչև մեզ է հասել, մենք տեսել ենք նրա երիտասարդ ժամանակը։

Մովսիսյանն ասում է՝ ֆիզիկան միայն երկրով չի սահմանափակվում։ Այն, որ մեր զրույցը ձայնագրվում ու հեռարձակվում է՝ ֆիզիկական բացահայտումների արդյունքն է, տիեզերական հետազոտությունները ևս մոլորակի վրա կյանքը փոխելու հնարավորություն ունեն.

«Տիեզերական հետազոտություններն էլ, իհարկե, մեծ ներդրում ունեն մեր կյանքում։ Օրինակ՝ միջուկային ռեակցիաները։ Հիմա աշխատում են, ուզում են միջուկային ռեակտոր ստեղծել։ Ռումբը ստեղծել են, բայց ղեկավարող ռեակտոր դեռ չկա։ Սա առաջին անգամ հայտնաբերվել է Արեգակի վրա»։

Ֆունդամենտալ գիտության արդյունքը միանգամից չի երևում՝ ասում է։ Աստղագետների դեպքում այս արտահայտությունը փաստերով է արձանագրված․ տիեզերքում 1000 տարին ակնթարթ է, Երկիր մոլորակը՝ փոշեհատիկ։ Ժամանակի ու տարածության անհամադրելիությունն իրավիճակն ավելի հետաքրիր ու առեղծվածային, բայց նաև ավելի անհասանելի է դարձնում։ Արագ արդյունք ակնկալողները երբեմն թերահավատորեն են մոտենում։ Սակայն, եթե դրան տուրք տրվեր, ապա Այնշտայնն էլ չէր ստեղծի հարաբերականության ընդհանուր տեսությունը։

Հեղինակ՝ Ջեյմս Ուեբ։
Շուրջ 500 միլիոն լուսատարի հեռավորության վրա ընկած ESO 350-40 գալակտիկան, որը հայտնի է «Սայլի անիվ» անունով։

«Ես հենց վերջերս վերադարձել եմ մի եվրոպական արբանյակի արձակումից։ Այն կատարվեց Եվրոպական տիեզերական գործակալության կայանից, որը գտնվում է Լատինական Ամերիայում, և որի նպատակն է մեծ ճշտությամբ ճշտել ընդհանուր հարաբերականության տեսության կանխատեսված մի երևույթ»։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, LARES եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, Բրիտանական Թագավորական աստղագիտական միության անդամ, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանն է։ Նրա հայրը՝ Գրիգոր Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջամարտիկներից է, «Օրիոն» աստղադիտական կապի կայանների նախագծող։  Այժմ որդին էլ տիեզերքի հետ ամենաուղիղ կապի մեջ է։ Հետաքրքրության ուղիղ թիրախում՝ մի շարք երևույթներից զատ նաև Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունը.

Սա մի օրինակ է, թե ինչպես ժամանակին բոլորովին աբստրակտ մի մաթեմատիկական կառույց, որը հասանելի չէր անգամ գիտնականների մեծամասնությանը, այսօր մեր առօրյա կյանքի մասն է։

«Դա գրավիտացիայի տեսություն է, որտեղ կիրառվեց այնպիսի մաթեմատիկական ապարատ, որը մինչ այդ կիրառված չէր ֆիզիկայում։ Արդյունքը եղավ այն, որ Այնշտայնն այդ տեսությամբ բացատրեց ոչ միայն մինչ այդ եղած անբացատրելի որոշակի աստղադիտական դիտումներ, այլև կանխատեսեց երևույթներ, որոնք հետագայում հաստատվեցին»։

Պատմում է՝ այդպիսի կանխատեսումներից մեկը հաստատվեց ուղիղ մեկ դար անց՝  2015-ին։ Հայտնաբերվեցին հարաբերականության ընդհանուր տեսությամբ կանխատեսված գրավիտացիոն ալիքները։ Այս հայտնագործության համար 3 գիտնական Նոբելյան մրցանակ ստացավ։

Այս տեսությանը դեռ կարող է կիրառության լայն շրջանակ բացել։ Այսօր այն մեր ամենօրյա կյանքի մի մասն է։ Հարաբերականության ընդհանուր տեսության հիման վրա են գործում բոլորին հասանելի նավիգատորները.

«Դրանք աշխատում են այդ GPS և նման արբանյակային ցանցերի վրա, Եվրոպան ունի Galileo, Ռուսաստանը՝ Глонасс-ը, Չինաստանն ունի իր համակարգը, և այդ արբանյակների տվյալները ընդհանուր հարաբերականության տեսության բանաձևերով այնպես են օգտագործվում, որ նշվում է տվյալ ավտոմեքենայի, կառույցի, ամեն ինչի ճիշտ կոորդինատը, շարժումը և այլն։ Ընդհանուր հարաբերականության տեսությունն այսօր մտած է մեր առօրյա կյանք, կիրառվում է ամենուր և առանց դրա որևէ նավիգացիա կամ տեղադրում մեծ ճշգրտության հնարավոր չէ»։

«Բոլորն ասում են՝ դուք միայն գիշերն եք, հա՞, աշխատում։ Ոչ։ Ես ինքս դիտող աստղագետ եմ, որոնողական աշխատանքներ եմ անում և ավելի շատ ժամանակ աշխատում եմ ցերեկը՝ պատրաստելով դիտողական ծրագիրը։ Նշվում է՝ գիշերվա որ ժամին, որ օբյեկտն է դիտվելու։ Թիրախների ընտրության վրա էլ շատ ժամանակ է գնում։ Դիտող աստղագետը չպիտի գնա դիտակ ու դիտակում մտածի՝ այսօր ես ի՞նչ պիտի դիտեմ»։

Աստղերի ֆիզիկականը նկատելուց բացի, այս մարդիկ նաև դրանց գեղեցկությունն են նկատում։ Հենց սրա արդյունքում է առաջացել կյանքի էսթետիկան ավելացնող ճյուղը՝ աստղալուսանկարչությունը։ Տիգրան Մովսիսյանը ևս նկարում է ու հիանում աստղալուսանկարչությամբ։ Ասում է՝ դիտակի առկայությունն էլ պարտադիր չէ. օրինակ՝ բնանկար անողների ֆոտոխցիկում «Օրիոնի» համաստեղությունը հատկապես ձմռանը փառահեղ է ստացվում։ Այս նկարները ևս կարող են գիտական արժեք պարունակել, իսկ լավագույն դեպքում լուսանկարչին բերել գիտական դաշտ՝ գեղեցկությունը նաև ճանաչելու ու հասկանալու համար։

Այսպես սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայանալիք Ստարմուս 6-րդ գիտական փառատոնի շրջանակում գործելու է աստղալուսանկարչության դպրոց՝ երկնքի մութ խորքերում լուսավոր հսկաներին նկատել ու նկարել ցանկացողների համար։ Փառատոնի ընթացքում տիեզերքը բացահայտող գիտնականները տիեզերական գիտելիքներով կկիսվեն ներկաների հետ։

Իսկ գիտության՝ մեր կյանքի անբաժան մասը լինելու ու մեր կյանքը բեկող ազդեցություն ունենալու մյուս ապացույցը կգտնենք արդեն հաջորդ շաբաթ։

Back to top button