Ժամանակի վկան

Անվտանգության աշխատակցի՝ պատմության որոշ էջերի դեմ հարուցած «քրեական գործերը»․ Յուրի Սարգսյան․ «Ժամանակի վկան»

Արդեն թոշակի անցած անվտանգության աշխատակից, հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Յուրի Սարգսյանի՝ իր իսկ ազգային ակունքների փնտրտուքը պսակվեց նոր հրատարակված գրքով, որը վերնագրված է՝ «Արարատյան լեռների գաղտնիքները․ երկրորդ հայտնություն»։

Յուրի Սարգսյանը 7 գրքի հեղինակ է։ Բոլոր գրքերի հիմքում ընկած են նրան մշտապես հուզող հարցերը՝ ո՞վ ենք մենք հայերս, ինչո՞ւ են մեզ հայ անվանում։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար հեղինակը կատարել է ինքնուրույն հետազոտություններ։

«Արարատյան լեռների գաղտնիքները․ երկրորդ հայտնություն» վերնագրով վերջին հատորը, չնայած որ մասամբ կրում է առաջին գրքի խորագիրը, հեղինակն այն համարում է առանձին գիրք։

Շումերաբաբելոնյան հնագույն գրավոր աղբյուրները, որոնցում կան հայ էթնոսի մասին վկայություններ, այն հիմնարար փաստերն են, որոնք վկայակոչում է հեղինակը՝ դրանք համարելով նախաստեղծ, նախածին պատմական ակունքներ։

Հայ պատմագիտության մեջ նույնպես հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանի մասին ամեն հարց չէ, որ ամբողջական պատասխան ունի։ Եվ, ընդհանրապես, բոլոր ժամանակաշրջաններում կան «սպիտակ էջեր», որոնց լրացնելը պատմաբանների ու այլ գիտական տեսությունների մասնագետների գործն է, որոնք նաև կիրառում են անկախ հետազոտողների կարծիքները։

Իհարկե, կարծում եմ, պատմությունը, որպես գիտական համակարգ, պետք է զերծ պահել քաղաքականությունից, որքան հնարավոր է այն հարստացնել նորահայտ փաստերով, որոնք կօգնեն բացահայտելու աշխարհը և գտնելու մարդկության ու քաղաքակրթության իրական ակունքները։

Back to top button