ԿարևորՀասարակություն

Հայ եկեղեցու մոտեցումը՝ թշնամուն թողնվող հայկական եկեղեցիների ճակատագրի խնդրին․ իսկ երբ քարերն այլևս չաղաղակե՞ն

Բերձորից, Աղավնոյից ու Սուսից այս պահին տարհանվել է 48 հուշարձան։ Թիվը դեռ վերջնական չէ․ մինչև վերջին պահը հնարավոր բոլոր մոնումենտալ հուշարձանները, թանգարանները տարհանվելու են։ Սակայն խնդրահարույց է եկեղեցիների հարցը․ դրանք հնարավոր չէ տարհանել։

Ու այդպիսով այդ եկեղեցիներն էլ կհայտնվեն Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկում։ Ի դեպ, այդ ցանկը հրապարակվել է՝ հատ առ հատ փաստերով, թե հայկական մշակութային ինչ արժեքներ են մնացել վանդալ հակառակորդի ձեռքում։ Ինչ վերաբերում է հայկական ձեռքից հեռու մնացող հայկական եկեղեցիների ճակատագրին, ապա այս առոումով  որոշակիացել է հայեկեղեցու մոտեցումը։

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական Խորհուրդը հրապարակել է Ադրբեջանի բռնազավթած տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը: Միայն Շուշի քաղաքում հայկական մասնավոր և պետական թանգարանները 12-ն էին, Հադրութում՝ 7։ Այս ցանկում պատմության,կերպարվեստի, երկրաբանության, գորգերի պետական թանգարաններ են եւ ոչ միայն․ Արցախի հայկականության անհերքելի ապացույցներ, որոնք հայտնվեցին վանդալ ձեռքերում։ Օրեր անց ցանկում ավելանալու են նաև Բերձորի, Աղավնոյի ու Սուսի այն հուշարձաններն ու հուշակոթողները, որոնք հնարավոր չէ   տեղափոխել։

Ըստ քաղպաշտպանության պլանի՝ մինչև օգոստոսի 25-ը պիտի տարհանվեին նշված համայնքների մշակութային արժեքները՝ ոչ միայն մոնումենտալ արվեստի հուշարձաններ, այլև գրքային ֆոնդեր, թանգարանային ցուցանմուշներ։ Արդեն տեղափոխել են Բերձորի քաղաքային գրադարանի ողջ ֆոնդը, տեղափոխում են հուշակոթողները և այն ամենը, ինչը հնարավոր է։ Այս պահին տարհանվել է մոտ 48 հուշարձան։

«Արվեստի նմուշները կենտրոնացված են մի վայրում, որը համաձայնեցրել ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ: Դրանք անվտանգ տարածքում են, և շուտով կորոշվի դրանց ճակատագիրը: Իհարկե, այս թիվը վերջնական չէ, քանի որ մինչև վերջին օրը ինչքան հնարավոր եղավ՝ դուրս կբերենք»,-ասում է Արցախի մշակույթի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Ինչ անել մնացող եկեղեցիների հետ՝ ծանր հարց է։ Մշակութաբան Համլետ Պետրոսյանն այստեղ 2 տարբերակ է տեսնում, բայց երկուսն էլ լուծում չեն։

«Առաջինը՝ ընդհանրապես քանդել այդ ամենը և տեղափոխել, բայց Ադրբեջանը միանշանակ դա օգտագործելու է մեր դեմ՝ հայտարարելով, թե հայերն իրենք են քանդում։ Այդ ամենը թողնելն էլ, սակայն, նշանակում էհանձնել թշնամուն։ Ինձ մի քանի լուրեր են հասել, որ համացանցում քննարկում են, որ ադրբեջանցի որոշ օգտատերեր առաջարկում են այդ եկեղեցիները վերածել մզկիթների»։

Առհասարակ, մշակութային ժառանգությունն անհնար է գնահատել արվեստի տեսանկյունից։ Այստեղ կարևոր և երկրորդական չկան։ Բայց հատկապես Սբ. Համբարձման եկեղեցին անկախության տարիների լավագույն ճարտարապետական քանդակային համալիրներից է՝ ասում է մշակութաբան Համլետ Պետրոսյանը։

«Սուրբ Համբարձման եկեղեցու ճարտարապետական հորինվածքը ներառում է բազմաթիվ խաչքարեր, էլ չեմ ասում արևմտյան շքեղ շքամուտքի մասին։ Մի դեպքում ստացվում է, որ եթե պետք է հանվեն ինչ-որ դետալներ, մենք միտումնավոր քանդում ենք մեր ժառանգությունը, մյուս կողմից՝ այդ ամենը թողնելը նույնպես մեծ վտանգ է պարունակում։ Ես հասկանում եմ Արցախի այն պաշտոնյաներին, ովքեր փորձում են ինչ-որ ելք գտնել»։

Փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն, անդրադառնալով Աղավնոյի Սրբոց Նահատակաց մատուռին և Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցուն, ասում է, որ այդ հարցը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի տիրույթում է, որովհետև երկուսն էլ գործող եկեղեցիներ են և պատկանում են Արցախի թեմին։

Բայց շեշտում է՝

«Որևէ գործ, որը մնա թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում, համոզված եմ, որ անպայման կենթարկվի ոչնչացման: Սոցցանցերում մենք տեսանք բազմաթիվ կադրեր, թե ինչպես էին ոչնչացնում մեր արժեքները 2020 -ի պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից հետո: Դրա վառ վկայությունն է Ջրականի եկեղեցու ավերումը, Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրների պղծումն ու բռնաոչնչացումը»:

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսում է հայկական ձեռքից հեռու մնացող հայկական եկեղեցիների ճակատագրի մասին։ Ասում է՝ եթե մեկ եկեղեցի լիներ, և այդ մեկ եկեղեցին թողնեինք թշնամու տարածքում, ապա այդ մեկի դեպքում անգամ չպետք է այդ եկեղեցու միասնականությունը խաթարեինք։

«Եկեղեցին մշակույթի նախարարության հետ միասին հանել է այն ամենը, ինչը գտել են, որ պետք է հանվի։ Իսկ մեր եկեղեցին օծված մնում է այստեղ։ Թե իր ճակատագիրն ինչպես կլինի՝ արդեն թողնում ենք թշնամուն և թողնում ենք այն անձանց, ովքեր այստեղով պետք է գան անցնեն ու ապրեն։ Ինքը՝ եկեղեցին, երբ օծվել է, մեկ միասնություն էր, և այդ միասնությունն ու ներդաշնակությունը չպետք է կորսվի։ Ունենք Սուրբ Սեղան, որն ամեն կիրակի պատարագ է մատուցում։ Անգամ մենք դա ենք թողնում»,-ասում է Սրբազանը։

Աստվածաշնչում այսպիսի տող կա․ երբ մարդիկ լռեն, քարերը կաղաղակեն․ այստեղ նույնիսկ քարերն են վերացվում, հետևաբար, աղաղակողն ո՞վ է լինելու․ հարցն ուղղված է Արցախի թեմի առաջնորդին։

«Հուսանք, որ հայերի ձեռքով կառուցված նման կոթողները ու սրբատեղիները անշուշտ աղաղակում են։ Ուղղակի լսող է պետք։ Խուլ ականջները չեն կարող լսել։ Բայց ովքեր ունեն լսելու ունակություն, նրանք կլսեն այդ աղաղակը»,-ասում է Արցախի թեմի առաջնորդը։

Սրբազանը սեփական մշակութային-եկեղեցական տնտեսության մեր ցավալի կորուստները գնահատելիս նկատում է։

«Աստված մեզ տվել էր տնտեսություն և մենք պետք է այդ տնտեսությունը պահեինք բազմացնեինք և փոխանցեինք մեր սերունդներին։ Ավաղ մենք չգտնվեցինք լավ տնտես։ Ու այսօր եթե հաշվի առնենք , որ բերքահավաք է, բայց բերք չունենք։ Եվ ամբողջը փուշ ու տատասկ է ու դրա մեջ մեծ սխալներ կան։ Մենք չպիտի կրկնենք մեր նախնիների ավանդություն դարձած այն խոսակցությունը՝ թե Աստված մի մեծ դուռ կբացի մեզ համար, ու եկող մեր սերունդն ավելի ճիշտ քայլեր կանի, բայց մենք ինչո՞ւ անառակ որդու նման մսխեցինք։ Մենք չկատարեցիքն մեր պարտականությունները՝ մեր տնտեսությունն ավելի հզորացնելու համար»։

Back to top button