Վերնատուն

Անցյալի փորձառությունը՝ նոր ժամանակներին համահունչ․ «Վերնատուն»

Գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը խոսում է արդի մշակութային իրողությունների՝ զարգացումների ու հետընթացների մասին։ Ժողովուրդների քաղաքակիրթ լինելու նախապայմանը ոչ միայն մշակույթ ստեղծելու, այլ այդ մշակույթը ուսումնասիրելու մեջ է, վստահ է Հրազդան Թոքմաջյանը։ Ասում է ուսումնասիրելու տեսակետից՝ բացերը շատ են։

«Այն, ինչ անցյալին է վերաբերվում, շատերը մտածում են, ո՞ւմ է պետք։ Անկախ ամեն ինչից, մեր մշակույթը պիտի ոչ միայն ուսումնասիրենք ու ճանաչելի դարձնենք, այլ մշակույթը պետք է մասնակցի ժամանակակից կյանքին։ Խելացի ու շրջահայաց լինելու դեպքում, փորձառությունը, որն ունի հայ ժողովուրդը անցյալում, պետք է հարմարեցնի նոր ժամանակների առաջադրած խնդիրներին», – ասում է Թոքմաջյանը։

Ազգագրության ուսումնասիրությունը որոշակի ազդեցություն է ունեցել իր արվեստի վրա։ Ասում է․ «Մարդն ինչով որ զբաղվում է, արհեստ լինի , հողագործություն թե՝ այլ, ինքնաբերաբար դաստիարակում է մարդուն։ Օրինակ՝ շատ դեպքերում, գյուղացու ապրելակերպը հենց հողն էլ թելադրում է։Ուրախ եմ, որ իմ կյանքում մի շրջան շփվել եմ ազգային մշակույթի հետ, որն իր հետքն է թողել նաև իմ արվեստում»։

Հրազդան Թոքմաջյանը երկար տարիներ բնակվել է Սիրիայում, Հալեպում։ Խոսելով իր ծննդավայր Գյումրիի մշակութային զարգացումներից՝ Թոքմաջյանը նշում է, որ կարևոր է արհեստագոործությունը ճիշտ ներկայացնելու և մատուցելու ծրագիր ունենալ։

Արհեստների նկատմամբ մեր վերաբերմունքն ու մոտեցումները, համեմատում է արևելյան շուկաներում արհեստների ներկայացվածության հետ։

«Ինչո՞ւ Գյումրիում չլինի ոսկերիչների թաղ, որտեղ երիտասարդ շնորհալի ոսկերիչներն իրենց ստեղծագործությունները տեղում կներկայացնեն՝ ցուցադրելով աշխատանքային պրոցեսը»։ Խոսելով Գյումրիի արտաքին վերանորոգումների, վերականգնումների ու ռեստավրացիաների մասին, Թոքմաջյանը գտնում է, որ այդ գործում ցանկացած ինքնագործունեություն կարող է խաթարել քաղաքի մշակութային կերպարը։

Back to top button