ԿարևորՍպորտ

«Փյունիկն» ու «Շերիֆը» չպարզեցին հաղթողին

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։

Հանդիպումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձության զոհերի hիշատակին։ Ֆուտբոլիստները հանդիպումը անցկացրեցին սև թևկապներով։

Առաջին խաղակեսում դրվագներից մեկում խաղադաշտի կենտրոնում մեր թիմի ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք ստացան և այն արագորեն խաղարկեցին, սակայն «Փյունիկի» ֆուտբոլիստը հայտնվեց խաղից դուրս իրավիճակում։ Հանդիպման 32-րդ րոպեին հյուրերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, սակայն դարպասային գծից Յուրչենկոն որսաց գնդակը։ 37-րդ րոպեին տանտերերը վտանգավոր գրոհեցին, մրցակցի պաշտպանից գնդակը դուրս եկավ անկյունային, իսկ դրա խաղարկումից հետո երևանյանի թիմի ֆուտբոլիստի գլխով հարվածը դիպուկ չստացվեց։ Ընդհանուր առմամբ՝ խաղակեսի երկրորդ հատվածն ավելի ակտիվ անցկացրեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները, սակայն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը։

Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին երևանյան թիմը տուգանային հարվածի իրավունք ստացավ, բայց Արտակ Դաշյանը մոտ 30 մետրից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա։ 76-րդ րոպեին «Փյունիկը» ստացավ անկյունայինի իրավունք, սակայն մեր թիմի ֆուտբոլիստի գլխով կատարած հարվածը բարձր ստացվեց։ Երկրորդ խաղակեսի վերջի 15 րոպեները ևս անցան հայկական թիմի խաղային առավելությամբ, բայց այդպես էլ այսօրվա խաղում գոլեր չգրանցվեցին։

«Շերիֆը» Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջել է Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային», իսկ «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ՝ երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Նշենք, որ երկու ակումբներն էլ իրենց երկրների ամենատիտղոսակիր ակումբներն են։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Աղբյուր` armsport.am

Կարդացեք նաև
Close
Back to top button