ԿարևորՀասարակություն

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցվել է վերջին պատարագը

Ասպրամ Ավանեսյան
Արցախի Հանրային ռադիո

Այսօր Բերձոր էին եկել Արցախի ու Հայաստանի տարբեր ծայրերից: Լեփ-լեցուն էր Սուրբ Համբարձման եկեղեցին, բակն ու շրջակայքը: Շատերը եկել էին հրաժեշտի, շատերը՝ Աստծուց վերջին հույս խնդրելու համար: Հայացքները դառն էին, լուռ, բայց խոսուն: Լուսանկարում էին՝ ինչ պատահի. շրջապատող  լեռները, ժայռին հենված տները, գերեզմանոցը՝ որ օրեցօր դատակվում էր,  բակի փարթամ ընկուզենին, անխնամ ճանապարհը, որ դեպի եկեղեցի է տանում: Եկեղեցին կանգնած է անխռով. կարծես ոչինչ էլ չի լինելու:

Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցված առաջին պատարագին Ալինա Գրիգորյանը մասնակցել է, եկել է վերջինին մասնակցելու: Բերձորում է, բայց տուն գնալ չի կարող: Սահմանի վրա է: 

«Երբեք չէինք պատկերացնի, որ կհայտնվենք նման իրավիճակում: Սարսափելի է, 20 օր առաջ եմ այստեղ եղել, այսօր արդեն եկեղեցու դուռը չկա: Արդեն համացանցում էլ տեսնում ենք, որ որոշ ժամանակ հետո մեր Հայ առաքելական եկեղեցին մզկիթ է դառնալու»: 

Արմիկ Սենեքերիմյանը հազիվ է  խոսում: Արցունքները բառերից առաջ են ընկնում: Նա Բերձորի առաջին բնակիչներից է: «Քարը քարի վրա ենք դրել, ապրուստ ստեղծել, երջանիկ ապրում էինք, ով իմանար, որ այս օրն էլ կգա: Չէի պատկերացնում, որ  արյունով ազատագրված Բերձորը  մի օր կհանձնվի թշնամուն»,-ասում է: 

«Դժվարությունները շատ էին,  հաղթահարեցինք, ստեղծեցինք մեր պայմանները, ապրում էինք: Ես Երևանից էի եկել, ինձ համար այստեղ ամեն ինչ լավ էր, չէի էլ մտածում հետ գնալու մասին: Ես այնտեղ ամեն ինչ ունեի, բայց   ինչ-որ բան ինձ ձգում էր Բերձոր: Մարդիկ ավելի ազնիվ էին: Մենք այստեղ խղճներս հանգիստ ապրում էինք»: 

Բերձորցիների մոտ ճամպրուկային տրամադրություն է: Նրանք, կարծես, համակերպվել են ստղծված իրավիճակին: Քաղաքում մնացածները հուսահատ են, հեգեբանորեն ծանր վիճակում՝ ասում է քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Որ Բերձորը հանձնվելու էր՝ գաղտիք չէր, բայց որ այդ օրն այսքան մոտ է լինելու՝ ոչ ոք չէր պատկերացնում: 

«Մարդիկ փորձում են իրենց իրերը հավաքել: Մի մասն արդեն տեղափոխվել են Արցախ էլ, Հայաստանի տարբեր մարզեր էլ, մի մասն էլ  արդեն հավաքել են իրերը, սպասում են տրանսպորտի: Մարդկանց կեսն արդեն դուրս են եկել…..»:

Սուրբ Համբարձման եկեղեցու հարևանությամբ Բերձորի գերեզմանատունն է. արդեն գրեթե դատարկ:  Թշնամին չպետք է պղծի մեր գերեզմանները: 

«Վերջին» պատարագ. 

Եկեղեցում «Հայր մերն» է հնչում: Եկեղեցին միասնաբար  աղոթք է մրմնջում.   «Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես անտեղ եմ՝ նրանց մեջ»:   Քրիստոսի անունով հավաքվել են Սուրբ Համբարձման եկեղեցում: բոլորի շուրթերին նույն  աղոթքն է՝ Աստված օրհնություն տա հայոց ազգին: Պատարագը տխուր կամ ուրախ չի լինում ՝ ասում է  ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

«Եվ թույլ տվեցինք, որ մեր տնտեսության մեջ որոմներ ցանվեն…»

Հրաժեշտները միշտ էլ  տխուր են լինում, հայրենիքին հրաժեշտը՝ առավել ևս: Զգացողությունները հակասական են: Վերջին բառը՝ արտասանվում է վերապահումով:

Թունելի վերջում միշտ լույս է լինում:

Back to top button