ԿարևորՀասարակություն

24-ժամյա հերթափոխ էլ չպետք է լինի․ աշխատողների խնդիրներին՝ օրենքի նոր լուծումներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մեծ փաթեթ է առաջարկում։ Նախարարությունը գործընկեր կառույցների հետ արդեն տևական ժամանակ է` աշխատանքներ է տանում` ամբողջացնելու փաստաթուղթը։ Փոփոխությունները վերաբերում են քաղաքացիների առանձին խմբերի, օրինակ՝ կենսաթոշակառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն։

Զրուցակիցս շուրջ երկու տարի որպես մենեջեր աշխատել է շինանյութի խանութում։ Նախորդ դեկտեմբերին սեփականատերերը տեղեկացրին, որ խանութը փակման եզրին է։ Բայց աշխատողներին հուսադրեցին, որ անգործ չեն մնա․ կբացվի նորը, կունենան աշխատանք։ Անցավ մեկ ամիս, խոստումը չկատարվեց։ Խանութը չբացվեց։ Արթուրն ու ընկերը երկու ամիս գործազուրկ մնացին, սպասեցին վերջնահաշվարկին։ Սեփականատերերը էլի խոստումներ տվեցին, բայց դրանք էլ խոստում մնացին։  Տղաները դիմեցին առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմին։

«Տերերը պատճառաբանում էին, թե գնացեք, ձեր իմացած միլիոնները կստանաք։ Չէին ուզում տալ գումարը։ Գիտեին՝ տենց պետք է անցնի, գնա։ Միանգամից դիմեցինք ԱԱՏՄ։  Տղաները գործին ընթացք տվեցին, ու 10 օրում հարցը լուծվեց։ Մեր երկուսի հասանելիք գումարը տվեցին»։

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինն աշխատողների կողմից սեփական իրավունքների պաշտպանության հարցով տարեկան հարյուրավոր դիմում–բողոքներ է ստանում։ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գարիկ Պողոսյանը «Ռադիոլուրին» ասում է՝ բողոքների գերակշիռ մասը վերաբերում է գործատուների կողմից սահմանված ժամկետում վերջնահաշվարկ չվճարելուն, սահմանված ժամերից ավելի, տոնական ու հանգստյան օրերին աշխատելուն։ Վերջին հարցերի դեպքում նախատեսված է, որ գործատուն աշխատողին հավելավճար տրամադրի։ Օրինակ՝ արտաժամյա աշխատանքի համար գործատուն պետք է աշխատողին վարձատրի ժամային դրույքաչափի 50 տոկոսի չափով, հանգստյան օրը կատարված աշխատանքի համար՝ ժամային դրույքաչափի կրկնակիի չափով։

«Տվյալ դեպքով բողոքներն էլի շատ են։ Եթե տեսչական մարմնին բավարար ապացույցներով ներկայացվում է, որ աշխատողը շատ է աշխատել ու դրա դիմաց չի վարձատրվել, ապա տեսչական մարմինը տալիս է կարգադրագրեր, և գործատուի դեմ կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ»։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների փաթեթ։ Դրանք վերաբերում են աշխատող–գործատու իրավահարաբերություններին, հերթափոխով աշխատանքի կազմակերպմանը, արձակուրդի ձևակերպմանն ու ոլորտային մի շարք այլ հարցերի։ Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ փոփոխությունները բազմազան են։ Նախատեսում են ավելի ճկուն դարձնել աշխատող–գործատու փոխհարաբերությունները։ Գործող կարգավորմամբ՝ կենսաթոշակային տարիքի անձի հետ աշխատանքային պայմանագիր կնքվում է հստակ ժամկետով։ Փոփոխություններով առաջարկվում է պայմանագիրը կնքել անժամկետ։   

Եթե գործատուն աշխատանքի է ընդունելու կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողի, ապա առաջարկվող փոփոխությամբ, եթե գործատուն համաձայն է, աշխատանքային պայմանագիրը հնարավոր կլինի կնքել անորոշ ժամկետով։ Մինչդեռ  գործող կարգավորումների համաձայն՝ պարտադիր է, որ իրենց հետ պայմանագիրը կնքվի որոշակի ժամկետով։ Մյուս փոփոխությամբ գործատուն կարող է աշխատողին աշխատանքից ազատել, եթե, օրինակ աշխատողը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Սակայն նախագծով այլ առաջարկություն ունեն։

«Մենք նախագծով առաջարկում ենք, որ, այո, թող էլի ազատի աշխատանքից, եթե չի համապատասխանում, բայց գոնե ներքին իրավական ակտով հիմնավորի, թե ինչ ընթացակարգի մասին է խոսքը, այսինքն՝ աշխատողին հիմնավորի, որ չես համապատասխանում, և աշխատանքից ազատի այդ հիմքով»։

Հերթափոխով աշխատողներին վերաբերող փոփոխություններ ևս կան։ Գործող կարգավորումներով՝ հերթափոխով աշխատողի համար պարտադիր պայման է 24 ժամ ներկա լինել աշխատանքի վայրում։ Սակայն նախարարությունն առաջարկում է 24 ժամը կրճատել՝ դարձնելով 12 ժամ։ Սա էականորեն պետք է թեթեւացնի մարդկանց աշխատանքային կյանքը, բայց եւ հնարավոր է գործատուների կողմից շատ հաճախ խախտվի, քանի որ 24-ժամյա հերթափոխով աշխատանքը խիստ տարածված պրակտիկա է։

«Մենք նախագծով 24 ժամը փոխում ենք, քանի որ դա հակասում է նաև Եվրոպական սոցիալական խարտիային և կոնվեցիաներին այն առումով, որ աշխատողի աշխատաժամանակը 16 ժամը չի կարող գերազանցել։ Եվ մենք նախագծով առաջարկում ենք 12 ժամ, որը 24 ժամը ամենաճկուն բաժանելու տարբերակն է։ Նախագիծն ընդունվելուց հետո այդ աշխատողներն, ովքեր հերթափոխով են գալու աշխատանքի, գալու են ոչ թե 24 ժամ, այլ 12 ժամ։ Շաբաթվա ընթացքում կգան 4 անգամ»։

Աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, արդեն տևական ժամանակ է՝ կյանքի է կոչել աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք։ Աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգը բացառիկ հնարավորություն է աշխատանքային իրավունքի խախտման կամ հնարավոր խախտման վերաբերյալ ներկայացնել անանուն դիմում-բողոք՝ կցելով ֆոտոներ, տեսաձայնագրություններ։ Հայտ կարող է ներկայացնել ամեն ոք, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ։

Այս հարթակի միջոցով ևս կառույցը տարբեր գործատուների նկատմամբ վարչական տույժեր կիրառել է՝ ասում է տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գարիկ Պողոսյանը՝ որպես այս գործիքի առավելություն նշելով, որ աշխատողները որպես կանոն խուսափում են գործատուի հետ առճակատումից, իսկ անանուն դիմումներով կարելի է անկաշկանդ խոսել խնդիրներից՝ վստահ, որ դրանով հետեւողականորեն կզբաղվեն։

Back to top button