ԿարևորՀասարակություն

Եթե անգամ խախտման 16 կետն էլ շտկված լիներ, միանշանակ չէ, որ կխուսափեինք ողբերգությունից ՔՏՀԱՏՄ փորձագետ

Հրդեհի ազդարարման  ու հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի բացակայություն, էլեկտրական տնտեսություններին վերաբերող նորմատիվ պահանջների խախտում, արտաքին ու ներքին ջրամատակարարման ցանցերի բացակայություն․ ընդհանուր առմամբ 16 կետի խախտում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Խախտումներն արձանագրվել էին 2021-ի մարտի վերջին՝ քաղաքաշինության,տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքներով։

Խախտումները համատարած են ու ոչ պակաս ռիսկային

ՔՏՀԱ տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժնի փորձագետ Արմեն Հովակիմյանի տեղեկացմամբ՝ նման խախտումներ արձանագրվում են բարձր ռիսկային համարվող բոլոր օբյեկտներում։

«Ստուգումների մասին» օրենքով՝ այս կամ այն տնտեսվարողի մոտ ստուգում իրականացնելու համար մինչև երեք աշխատանքային օր է սահմանված։ «Ռադիոլուր»–ի՝ արդյո՞ք ստուգումներն ընդգրկել են առևտրի կենտրոնի  ողջ տարածքը՝ ներառյալ պահեստ համարվող եռահարկ շինությունը հարցին՝ փորձագետ Արմեն Հովակիմյանն արձագանքում է՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում փաստաթղթերով  առանձին պահեստային շենք–շինություն գոյություն չունի։ Բոլորը որպես տաղավարներ են ներկայացված։ Ստուգումներն  ընդգրկել են մոտ 470 տաղավար։ Տարբեր պայմանագրերով վարձակալներ են՝ տարբեր ժամկետերով։ Այլ բան է, որը մեկը կարող է վարձակալել երկու տաղավար ու մեկը օգտագործել որպես պահեստ։

Որքա՞ն ժամանակ է տրվում խախտումները վերացնելու համար

— Կախված խախտման ծավալից՝ ժամկետեր են տրվում տնտեսվարողներին՝ խախտումը վերացնելու համար։ Փորձագետի խոսքով՝ եթե տնտեսվարողը պետք է միայն կրակմարիչ ձեռք բերի,  նրան կարճ ժամանակ է տրվում, բայց եթե պետք է արտաքին ջրամատակարարման համակարգ անցկացնի, ավելի երկար ժամանակ է տրվում։

«Ստուգումների մասին» օրենքով՝ բարձր ռիսկայնության օբյեկտում տեսչական մարմինն իրավունք ունի ստուգում իրականացնել ոչ ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ։ Այսինքն՝ 2021թվականին կատարվել է ստուգում, տրվել է կարգադրագիր, վերստուգումը պետք է կատարվի 2022 թվականին։ Հաշվի առնելով տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը, ստուգումների քանակը, նախորդ տարվանից տրված վերստուգումները, տարվա ընթացքում քաղաքացիների  բողոքները՝ նախատեսված էր վերստուգումն իրականացնել 2022 թվականի երրորդ եռամսյակի վերջ։ Քանի որ դեռ ժամկետը չէր լրացել, տեսչական մարմինը վերստուգում չի կատարել։

Ստուգման պահին  վարչական վարույթ  հարուցվե՞լ է, ի ՞նչ տուգանքի է ենթարկվել տնօրենը։

— Ստուգման ժամանակ տնտեսվարողը տուգանվել է 50 հազար դրամով, դա առավելագույն տուգանքն է։ Իսկ արդեն կարգադրագրի կետերի չկատարման դեպքում տնտեսվարողը տուգանվում է 150 հազար դրամով։ Նորից ժամկետ է տրվում խախտումները վերացնելու համար։ Այս անգամ ավելի կարճ ժամանակ՝ մեկ ամիս։ Եթե այդ ընթացքում էլ խախտումները չեն վերացվում, ապա դրանից հետո որոշում է ընդունվում դադարեցնել օբյեկտի շահագործումը։

Կարգադրագիրն ամբողջությամբ կատարելիս հնարավոր կլինե՞ր խուսափել ողբերգությունից։

— Ամբողջ խնդիրն այն է, որ հարցին սխալ մոտեցում է տրվում։ Առևտրի կենտրոնում ոչ թե հրդեհ է եղել, այլ՝ պայթյուն։ Դրանց ներկայացվող նորմատիվ պահանջներով պայթյունավտանգ ու հրդեհավտանգ օբյեկտները տարբեր են։ Որպես փորձագետ ասեմ, որ եթե անգամ բոլոր 16 խախտումներն էլ վերացված լինեին, որևէ մեկը չի կարող միանշանակ ասել, որ այդ դեպքում տեղի չէր ունենա պատահարը, քանի որ այնտեղ հրդեհ չի եղել։ Իսկ ստուգման պահին տարածքում պայթուցիկ նյութերի կուտակում չի արձանագրվել։

Back to top button