ԿարևորՀասարակություն

Միայն 17 օրում՝ 10 կասեցում․ վտանգավոր սնունդը շուկայում ավելացե՞լ է

Սննդի անվտանգության տեսչական մարմինը վերջին շրջանում պարբերաբար հայտնում է որևէ վտանգավոր սննդամթերք բացահայտելու կամ դրա արտադրության կասեցման մասին․ միայն 17 օրում 10 այդպիսի հայտարարություն է արվել։ Տեսչական մարմնում սա նաև քաղաքացիների վստահության ավելացմամբ ու ակտիվ դիմելով են բացատրում, սակայն փորձագետների կարծիքով՝ կասեցումները կարող էին ու պետք է ավելի շատ լինեին։ Այս ֆոնին խնդրահարույց է նաև սննդի լաբորատորիաների հարցը։ Ասում են՝ պետական լաբորատորիան խնդիր չունի, սակայն մասնավորների ստուգած տվյալները լրացուցիչ ստուգման կարիք ունեն։

Կասեցվել է «X» ընկերության «Թթվասեր» և «Պանիր» արտադրատեսակների արտադրությունը, «Y» ընկերության «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների թողարկումը, «Z» ընկերության գազավորված ըմպելիքի արտադրությունը։ Ամսվա ընթացքում Սննդի անվտանգության տեսչական մարմնի կիրառած կասեցումները թվարկելու համար այբուբենի բոլոր անհայտ ենթադրող տառերը կարելի է թվարկել։ Վտանգավոր սննդամթերք հայտնաբերելու հայտարարությունները վերջին շրջանում ակնհայտորեն ավելացել են։ Տեսչականում սա քաղաքացիների վստահության բարձրացմամբ են բացատրում․ «Ռադիոլուրի» հետ զրույցում մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասում է՝ ավելի շատ են հիմա իրենց դիմում, ահազանգում։

«Ոչ թե որ իրավախախտներն են շատացել կամ մենք ենք սկսել ավելի լավ աշխատել, այլ իրականում սկսել են վստահել քաղաքացիները, և կարծում եմ՝ դա է պատճառը, որ մեզ ավելի շատ են ահազանգում, որովհետև մենք և գնում ենք բողոքի հետևից, և քաղաքացիներին տեղյակ ենք պահում հետագա զարգացումների մասին»։

Այսպես․ միայն օգոստոսի 17 օրում սննդի անվտանգության տեսչականը 10 օբյեկտի տարբեր արտադրանքի կասեցման հայտարարություն է տարածել։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն, իրավիճակի հիմքերի և ահազանգների ծավալի մասին այլ կարծիք ունի․

«Միշտ, երբ ինչ–որ դեպք լինում է, հանրային արձագանք է լինում, թե կարծես այս կամ այն մարմինը թերանում է իրենց աշխատանքում,  հաջորդում է ինտենսիվ աշխատանքի ժամանակահատված։ Մեր իրականության մեջ էն արտադրական և էն անվտանգային համակարգերը, որ դրված են, մենք պետք է տարվա ընթացքում էլ լսեինք ավելի շատ, քան լսում ենք»։

Ստուգում-ստուգայցերից հետո վտանգավոր գնահատված սննդի արտադրությունը և շրջանառությունը կասեցվում է 1 ամսով։ Որքան շուտ կազմակերպությունը լուծի խնդիրը, այնքան շուտ կվերադառնա աշխատանքին։ Գեորգի Ավետիսյանը կարծում է, որ ընկերություններն ավելի շատ ազդվում են ոչ թե տուգանքից, այլ հանրության շրջանում որպես անբարեխիղճ տնտեսվարող ներկայացվելուց․

«Մեր տուգանքները տարբեր են․ կան խախտումներ, որոնք նախատեսում են 20-30 000 դրամ տուգանք, և կան այնպիսիք, որոնց համար նախատեսվում է 100-300 000 դրամ տուգաք։ Դա, իհարկե, մեծ կազմակերպությունների համար շատ ցավոտ տուգանք չէ, դրա համար մենք փորձում ենք կիրառել նաև հանրային իրազեկման գործիքը, որ կարողանանք զսպել տնտեսվարողներին»։

Տեսչական մարմինն ամեն դեկտեմբերի հայտնում է, թե հաջորդ տարի որ տնտեսվարողներին է ստուգելու։ Այդ թիվը մոտ  է 1000-ի։ Սակայն տարեկան պարտադիր ստուգումներից բացի՝ սննդամթերքի որակի հնարավոր խնդիրների հետքերով ստուգայցի են գնում նաև քաղաքացիների դիմում-ահազանգերի հիմքով։ 2021-ին քաղաքացիները 355 դիմում են ներկայացրել, այս տարվա 8.5 ամսում՝ արդեն 232։ Դիմումը ստանալուց հետո կասկածելի սնունդը փորձաքննվում է տեսչականի  ենթակայության  «Հանրապետական անաստաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Ավետիսյանն ընդգծում է՝

«Լաբորատորիան ունի և՛ տեղային հավատարմագրում, և՛ հավատարմագրված է ԵԱՏՄ հարթակում, և՛ ունի միջազգային հավատարմագրում, որն իրականացրել է ամերիկյան կազմակերպություն։ Լաբորատորիան ունակ և վստահելի է։ Թե աշխատակիցների պարբերական վերապատրաստումները, և թե այլ լաբորատորիաների հետ  «կույր» նմուշների հետազոտությունները պարբերաբար են, և միշտ ունեցել ենք դրական արդյունքներ, և լաբորատոր հագեցվածությունը սարքավորումներով կարող է մրցել տարածաշրջանային շատ լաբորատորիաների հետ»։

Սակայն պատկերը, Պիպոյանի խոսքով, էականորեն տարբեր է մասնավոր լաբորատորիաներում, որոնք փորձաքննում են ներկրված ապրանքները։ Ասում է՝ նույն ապրանքի վերաբերյալ 3 տարբեր լաբորատորիա 5 տարբեր կարծիք է տալիս։ Իսկ հետո լիազոր մարմինն առաջնորդվում է մաթեմատիկական հաշվարկով՝ պարզ մեծամասնություն հաշվելով․ օրինակ, եթե 5-ից 3-ը դրական են, 2-ը՝ բացասական, տրվում է դրական եզրակացություն։

«Ցավոք սրտի՝ մեր իրականությունը հետևյալն է, ես սրա մասին ասել եմ և իմ ամոթներից մեկն է եղել, երբ բարձրացվեց հարց, որ տարբեր լաբորատորիաներ տալիս են տարբեր պատասխաններ, տեսչական մարմնում քննարկվում էր ոչ թե ոնց անենք, որ տարբեր լաբորատորիաներ տարբեր պատասխաններ չտան, այլ քննարկվում էր, թե ոնց վարվել, երբ տալիս են»։

Պիպոյանի համոզմամբ՝ երկրում սպառվող սննդի անվտանգությունը պետք է վերահսկի պարտադիր պետական լաբորատորիան։ Մասնավորներին, սակայն, չպետք է աչքաթող անելով և կամայական աշխատելու շանս տալ։ 

Back to top button