ԿարևորՀասարակություն

Հայաստանի տեխնածին աղետների քրոնիկան. երբ ողբերգությունները նոր խնդիրներ են բացահայտում

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Արշակունյաց 15 հասցեի անշարժ գույքը  բաղկացած է 63 շենք-շինությունից, այդ թվում՝ վարչական շենք, գրասենյակային տարածք, առևտրի տաղավարներ և ինքնակամ կառույցներ։ Ընդհանուր մակերեսն ավելի քան 6 հեկտար է: Այդ հասցեն շուրջ 2 տասնյակ վարձակալ ունի, որոնք պաշտոնապես գրանցել են վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում։ Սակայն իրականում «Սուրմալու» առևտրի կենտրոնը բազմաթիվ տաղավարներ ունի և գրեթե նույնքան էլ վարձակալ, որոնք կադաստրում գրանցված չեն։

Ի՞նչ խնդիրներ է բացահայտել նոր ողբերգությունը․ սա հանրությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերից մեկն է․իսկ ամենահաճախ տրվող հարցը վերաբերում է հարուցված գործերին, սահմանված պատիժներին և գործի ընթացքին։  

Վերջին տարիներին Հայաստանը մի քանի խոշոր տեխնածին աղետ է ապրել։ Եթե վերհիշենք, ապա՝

  • 2013–ին այրվեց «Սպայկա» ընկերությանը պատկանող շինությունն ամբողջությամբ` 4 500 քմ
  • 2019–ի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհաշիջումը տևեց մի քանի օր։ 
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ եղել է 2 անգամ՝ 2021–ին այրվել էր կենտրոնի շուրջ 2000 քմ տարածքի մեծածախ և մանրածախ առևտրի մոտ 20  խանութ։ Այն ժամանակ զոհեր և տուժածներ չեղան․ դեպքը գիշերն էր։
  • Մեկ տարի անց «Սուրմալու»-ում կրկին հրդեհ էր՝ այս անգամ պայթյունի հետեւանքով։ Սա ամենամեծ տեխնածին աղետն էր, որ խլեց մարդկանց կյանքեր։

Այս դեպքերը հանրային լայն հնչեղություն ստացան, սակայն հետագա քրեական գործերի, մեղադրյալների և հնարավոր վճիռների մասին տեղեկություններ այդպես էլ չեղան։ Օրինակ՝ «Սուրմալուի»  2021 թվականի հրդեհի դեպքով հարուցված քրեական գործով կա մեկ մեղադրյալ․ սա ամենն է, ինչ հայտնի է։ Ձերբակալված կամ պատժվող չի եղել, համենայն դեպս՝ որեւէ նման տեղեկություն չկա։

Իսկ ահա «Սուրմալուի» պայթյունի գործով 4–րդ օրն է՝ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են՝ պայթյունի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով քննությունը լայն ծավալով է շարունակվում։ Հարցաքննվել է մոտ 50 քաղաքացի՝ այդ թվում տուժողներ և տաղավարների սեփականատերեր: Հարցաքննվելու են նաև  տոնավաճառի տնօրինությունն ու աշխատակիցները: Բայց առևտրի կենտրոնի սեփականատերն առայժմ չի հարցաքննվել։

ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքների ժամանակ առևտրի կենտրոնի տնօրինության հետ մշտապես կապի մեջ են։ Հատակագծերի որոշակի տարբերություն է եղել.

«Մենք հատակագծերն ի սկզբանե ունեցել ենք՝ նախագիծ, հատակագիծ, ամեն ինչ։ Բայց որոնողական աշխատանքների ժամանակ մենք հայտնաբերեցինք տարածքներ, հատկապես նկուղային տարածքներում, որոնք մեր հատակագծերում չէին երևում։ Դրա համար մենք լրացուցիչ նախագիծ ուզեցինք, որպեսզի նույնականացնենք մեր ունեցածի հետ։ Փլուզում է տեղի ունեցել, ողջ կառուցվածքը խաթարվել է։ Դժվար է ասել՝ եղե՞լ է որևէ տարածք, որ նախագծում չկար, թե՞ փլուզման ժամանակ կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել և այդպես է երևում։ Երբ անհրաժեշտություն է լինում որևէ տեղեկություն իմանալ, կապի մեջ ենք, իրենք պարտավոր են տեղեկություններ հաղորդել»։

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի երկու հոդվածով է նախաձեռնվել վարույթ․ 357-րդ հոդվածի 2-րդ մաս՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 358-րդ հոդվածի 2-րդ մասը՝ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Նախատեսված պատիժը 4–8 տարի ազատազրկումն է։

Դեռ 2005 -ից կառավարությունը սահմանել է զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի վաճառքի պահանջները սահմանող կարգ։  Թե դրանցից որի խախտմամբ է մայրաքաղաքի կենտրոնում՝ բնակելի շենքերի հարևանությամբ և մարդաշատ վայրի նկուղում պահեստավորվել  4 տոննա պայթուցիկ նյութ՝ դեռ պետք է պարզվի։

Փաստաբան Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ այս խնդիրների հիմքում նախ օրենքների և իրականության անհամատեղելիությունն է  ու մարդկանց խեղաթյուրված մտածելակերպը։ Մեր հասարակությունը համակերպվող է թերություններին, բացթողումներին, օրենքը չկիրառողներին և օրենքին մատների արանքով նայողներին՝ ասում է․

«Մեր երկրի խնդիրների խնդիրը օրենքը չկիրառելն է, օրենքը բոլորի վրա չտարածելն է։ Պետությունը մեռնում է այն ժամանակ, երբ օրենքը չի գործում, երբ երկրում տիրում է ամենաթողություն, երբ ամեն մեկն իր պատկերացումներին համահունչ իր հասարակական հարաբերություններն է կառուցում՝ սա իմ օբյեկտն է, ես իմ օրենքներն եմ դնում, սա իմ տոնավաճառն է, այսպես եմ կարգավորում առևտուրը։ Ո՞ւր է պետությունը, ես ուզում եմ հասկանալ։ Արտոնյալներն են քանդել մեր երկիրը։ Մեր երկիրը չի ապրում հիմա այն ժամանակահատվածում, որ մենք հանդուրժենք այդ «արտոնյալների» գոյությունը։ Մեր երկրում ով «արտոնյալ» եղավ, նրա ականջներից պետք է բռնել, բերել օրենքի դաշտ։ Եթե հանցագործները պատասխան տված լինեին, եթե պատասխանատվության զգացողությունը գործեր յուրաքանչյուրիս մոտ մենք շատ ու շատ խնդիրներից կխուսափեինք»։

Սուրմալուի երկրորդ դեպքից խուսափել թերեւս հնարավոր էր։ 2021-ին մշակվել էր և կառավարությանը ներկայացվել հրավառության նյութերի շուկան կանոնակարգելու նախագիծ, անգամ քննարկումներ կազմակերպվեցին խորհրդարանում, բայց հարցն այդպես էլ օրակարգային չդարձավ։ Հարցը կրկին պետք է բերել օրակարգ՝ պնդում է ՔՊ վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Երբ 4 տոննա հրավառական նյութեր մեկ տեղ պահպանված են, աշխարհի լավագույն օդափոխության համակարգն էլ եթե լինի այնտեղ՝ վտանգները միշտ առկա են։ Առաջարկվում է առհասարակ նման տեղերից դյուրավառ նյութերը հեռացնել։ Մենք տեսանք, թե ինչ վտանգ է պարունակում այս հրավառական միջոցների պահպանումը։ Կարծում եմ՝ ժամանակը եկել է, որ մի քիչ ավելի կոշտ քայլերի դիմենք, ռադիկալ ձևով՝ ուղղակի միայն պետական միջոցառումներին, միայն համայնքային միջոցառումների ժամանակ մենք տեսնենք հրավառություն։ 2021–ին եղան ԱԺ-ում քննարկումներ, նաև պետք է հասկանալ, որ այստեղ կա մի մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս տեսակ աշխատանքի հետ։ Նաև իրենց պետք է լսել, այնուամենայնիվ, այդ կոշտ որոշումը պետք է կայացնել»։

Մինչ խորհրդարանը հարցին անդրադառնա առաջիկա նստաշրջանին՝ գուցե պատկան մարմիններն էլ արդեն հստակ թվեր հրապարակեն, թե Հայաստանում ովքեր, որտեղ եւ ինչ պայմաններում են պահպանում իրենց ներկրած կամ արտադրած պայթուցիկ նյութերը, որոնք ամեն օր սպառնում են դժբախտ պատահարներով։

Back to top button