ԿարևորՀասարակություն

Ես կուզենայի՝ օր առաջ այս ուղղվածությամբ ուխտագնացություններն ավարտվեին․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

44-օրյա պատերազմը շատ ծնողների մտերմացրեց։ Շատերը նախկինում չէին էլ ճանաչում միմյանց։ Բայց այսօր այդ ծնողներից շատերը բարեկամացել են։ Նրանցից շատերը ծանոթացել են ուխտագնացություների ժամանալ, որոնք կազմակերպում է Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը՝ զոհված ու գերեվարված զինվորների ծնողների համար։

44-օրյա պատերազմից անմիջապես հետո Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանն ամեն օր ուղիղ եթերում գերեվարված, անհետ կորած զինվորների համար աղոթք էր հնչեցնում: Ժամանակի ընթացքում Տեր հորը միացան բազմաթիվ ծնողներ, որդեկորույս մայրեր, և օնլայն տիրույթից աղոթքը տեղափոխվեց իրականություն։ 2021 թ–ի ապրիլից ամեն շաբաթ Տեր հայրը ուխտագնացություններ է կազմակերպում Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Տեր Բարդուղիմեոսը «Ռադիոլուրին» ասում է՝ առաջին անգամ բավականին դժվար էր նայել ծնողների աչքերին ու խոսել հավատքի ու Աստծո մասին։ Բայց պետք էր ուժերը հավաքել ու խոսել, ոչ թե ասել, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ մի քանի կարևոր մեսիջ հղել.

«Իհարկե, բոլորի ցանկությունն առաջնահերթ երեխաների վերադարձն է, և այստեղ հավատքի հետ կապված մեծ աշխատանք կար տանելու անհետ կորած ու գերեվարված զինվորների ծնողների հետ։ Այսինքն՝ վերջում եթե հանկարծ զինվորի մարմին գտնվի, ապա մարդու մոտ հիասթափություն չառաջանա, չմտածի, որ ամեն ինչ իզուր էր։ Հենց առաջին ուխտագնացության ժամանակ ասել ենք այն, ինչ եղել է պատերազմի ժամանակ՝ եղել է, ով գերեվարվել է, գերեվարվել է։ Մենք նրանց համար պետք է աղոթենք։ Իսկ նրանք, ովքեր նահատակվել են, ու չգիտենք դրա մասին , ապա պետք է աղոթենք, որ գտնենք մարմինը»։

Տեր Բարդուղիմեոսն ասում է՝ այս կարևոր շեշտադրումը պահելը բավականին դժվար էր, ու առաջին ուխտագնացություն ժամանակ այս գիտակցումը չունեին ծնողները, բայց ժամանակ ընթացքում հասել են նրան, որ մարդը հիասթափություն չի ապրում, այլ կարողանում է ընդունել դառը իրականությունը.

«Անկեղծ ասեմ՝ ես չէի պատկերացնում իրական ծանրությունը, իսկ երբ այդ կարևորը շեշտադրումները դնում ես ու չես առաջնորդվում միայն հույս տալով՝ գուցե այդքան ծանր չլիներ»։

Տեր Բարդուղիմեոս քահանան պատմում է, որ ուխտագնացությունների վայրերը շատ պատահական է ընտրում։ Կարևոր է, որ մարդը լինի բնությանը մոտ, շրջապատը մարդու ներաշխարհի վրա դրական ազդեցություն ունենա, հեռու լինի քաղաքի աղմուկից ու ճնշող մթնոլորտից։ Իսկ ամենակարևորը, որ ուխտագնացությունից հետո մարդը խաղաղված վերադառնա.

«Ես միշտ ասում եմ, որ 70 տոկոսը պատարագի աղոթքի զորությունն է, 10 տոկոսը միջավայրն է,10 տոկոսը կտրված լինելու հանգամանքն է։ Այդ ծնողներն իրենց լավ են զգում, անկաշկանդ , քանի որ իրենց միջավայրում են, իրենց նման մարդիկ են ու բոլորի նույն հարցն է հետաքրքում։ Իսկ արդեն վերադարձին տեսնում ես լավագույն արդյունքը, երբ մայրը ժպտում է, ինքն էլ էզարմանում, որ ժպտում է»։

Այս ձմռանը նաև մեկնել են ուխտագնացության Արցախ։ Ծնողների վերաբերմունքը շատ տարբեր է եղել։ Ոմանք պարզապես շատ հպարտ էին, որ իրենց որդին այդ հողում է կռվել, ոմանք էլ փնտրել են մեղավորների, ինչը բնական է։ Հետևաբար, այդ ծնողների հետ առանձին աշխատանքներ են տարվում.

«Ծնողներից մեկը չէր ցանկանում գալ Արցախ, բայց մեր զրույցների շնորհիվ եկավ ու վերադարձին շնորհակալություն հայտնեց, որ մենք կարողացանք իրեն համոզել, որ այցելի Արցախ»։

Տեր հայրը նկատում է՝ կան ծնողներ, որոնք արդեն գտնել են իրենց որդիներին, բայց պարբերաբար մասնակցում են ուխտագնացություններին։

«Բայց քանի դեռ կան գերեվարված ու անհետ կորած զինվորներ, այս ուխտագնացությունները դեռ կշարունակվեն։ Մենք տեսնում ենք, թե որքան դրական ազդեցություն է թողնում դա ընտանիքի անդամների վրա»։

Տեր Բարդուղիմեոս քահանան անկեղծանում է՝ չէր ցանկանա, որ նման ուղղվածությամբ ուխտագնացություններ կազմակերպվեին, ու այսօր էլ ուզում է՝ օր առաջ դրանք ավարտվեն։

Back to top button