ԿարևորՀասարակություն

Անկանխիկ գործարքների հետվճարները՝ մեկ ամսում․թոշակառուներին հաջողվո՞ւմ է օգտվել

Հուլիսի մեկից Հայաստանում գործում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի ծրագիրը։ Սա նշանակում է, որ նշված խմբի քաղաքացիները բանկային վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կատարած գործարքների դիմաց ամեն հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։ Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում։Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են տեղեկացված ընթացակարգից։ Մեկ ամիս է անցել, սակայն կան դժգոհություններ, որ անկանխիկ գործարքներից ստացված հետվճարը դեռ չեն ստացել։

Զրուցակիցս դժգոհում է՝ 73 տարեկան մոր կենսաթոշակային քարտով արված գնումների քեշբեքերը դեռ չեն նստել հաշվին։ ԱԿԲԱ բանկի քարտապան զրուցակիցս բանկից է տեղեկացել, որ իրենց բանկը ծրագրում դեռ ընդգրկված չէ, այսինքն՝ իր մայրիկի կատարած անկանխիկ գործարքների 10 տոկոսի հետվճարը չի կարող փոխանցվել քարտային այս հաշվին։ Բանկից ուղղորդել են դիմել սոցապնախարարություն։

«Ես տեղյակ էի, որ թոշակի չափով ինչքանի գործարք որ կատարում ես քարտով, դրա տասը տոկոսը վերադարձվում է քարտին։ Մորս թոշակը 55 հազար դրամ է և 5000–ի չափով պետք է նստեր հետ քարտին»։  

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը «Ռադիոլուրին» պարզաբանում է՝ հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստը բանկային քարտով ստացող այն քաղաքացիները, որոնք Հայաստանում առևտրի կամ ծառայությունների դիմաց վճարում են քարտերով ու վճարում ընդունող սարքերով, հաջորդ ամիս ստանում են գործարքների 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։ Վերադարձման ժամկետերը հստակ են․

«Հետվճարի վերադարձման ժամկետը մինչև հաջորդ ամսվա 25–ն է։ Այսինքն՝ հուլիս ամսվա առևտրաշրջանառությունից ձևավորված քեշբեքերը կվճարվեն մինչև օգոստոսի 25–ը»։

Այս պահի դրությամբ՝ վճարումները վերադարձնելու ծրագրին միացել են «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։ Մյուս բանկերը դեռ չեն միացել ծրագրին։ Սակայն որևէ սահմանափակում չկա դրանց թիվն ավելացնելու համար, ասում է զրուցակիցս, պարզապես բանկերը պետք է դիմեն։

«Բանկերի ներգրավվածության հետ կապված չկա որևէ սահմանափակում։ Այսինքն՝ ցանկացած պահի կարող է կենսաթոշակ կամ նպաստ սպասարկող 12 բանկերից 9 բանկը, որոնք չեն միացել ծրագրին, ցանկացած պահի կարող են միանալ։ Այս պահին 4–րդ բանկի միանալու վերաբերյալ հստակություն չկա, բայց քննարկումներ գնում են, միգուցե սեպտեմբերին լինի»։

Եթե քաղաքացու կենսաթոշակային քարտն այս երեք բանկերից մեկն է սպասարկում, խնդիր չկա։ Բայց եթե այլ բանկի քարտապան են, հետվճարի համակարգից օգտվելու քաղաքացիները ստիպված կլինեն փոխեն բանկը։ Համակարգը պարզեցված է․ քաղաքացին հենց կենսաթոշակային քարտ բացի այդ երեք բանկերից մեկում, սոցապնախարարության համար բանկային այդ հաշիվն անմիջապես ճանաչելի կդառնա որպես հետվճարումների ենթակա բանկային հաշիվ։ Բյուրոկրատական քաշքշուկներ չեն լինի , թղթեր տանել-բերել-լրացնելու կարիք եւս՝ խոստանում է պաշտոնյան։ Բայց, այնուամենայնիվ, կա մեկ պարտադիր ընթացակարգ․ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող բանկը, պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ասում է Դավիթ Խաչատրյանը։

Իսկ հետվճարը գործում է ոչ միայն գնումներ կատարելիս, այլև կոմունալ վճարումների դեպքում։

«Կոմունալ վճարը պետք է կատարվի այն բանկի բանկոմատում, որը թողարկել է քարտը, կամ այդ բանկի կողմից սպասարկվող մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով։ Այսինքն, եթե, օրինակ, դու իքս բանկի շահառու ես, այդ իքս բանկի մոբայլ բանկինգի միջոցով քո հաշվից կկատարես կոմունալ վճարում , ապա, այո, այդ վճարման համար կհաշվեգրվի հետվճարը»։

Նախարարության նախնական տվյալներով՝ հուլիսին շուրջ 13.000 կենսաթոշակառու արդեն օգտվել է հետվճարի ծրագրից։ Առաջին ամսվա ցուցանիշերը գոհացնող են՝ ասում է փոխնախարարն ու ակնկալում հաջորդ ամիսներին գրանցել ավելի բարձր ցուցանիշեր։

Back to top button