

Վերջերս Հայաստանում տեղի ունեցած «Քրոս Ռոուդս 2022, ժամանակակից երաժշտության օրեր» փառատոնի շրջանակում «Ասոնանս» անսամբլը ներկայացրեց նոր ծրագիր, ինչի շուրջ մենք զրուցում ենք կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի և նվագախմբի անդամ, ֆլեյտահար Նարեկ Ավագյանի հետ:
Ժամանակակից ակադեմիական երաժշտության ընթացքն այնքան բազմաշերտ, բազմաոճ և բազմաբնույթ է, որ ներկայացնել այն որպես միատարր երաժշտական երևույթ չափազանց դժվար է։ Հատկապես կարևորվում է այդ զարգացման ընթացքին հետևելու և մասնակից լինելու հանգամանքը, ինչի միակ լուծումը մի կողմից այդ երաժշտության կատարումն է, մյուս կողմից ունկնդրումը:
«Մեր հասարակությունը հաճախ զարմանքով, կամ նույնիսկ մերժումով է ընդունում ժամանակակից երաժշտության նոր դրսևորումները՝ արտառոց համարելով կոմպոզիտորների որոնումները, փորձարարությունը և սեփական նոր երաժշտական լեզու գտնելու ցանկությունը»,-ասում է կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը:
Անդրադառնալով Հայաստանում կատարվող ժամանակակից երաժշտությանը՝ մենք ամեն անգամ բախվում ենք երկակի խնդրի հետ՝ որքանո՞վ է ներկայացված համաշխարհային ժամանակակից երաժշտությունը և որքանով՝ հայրենականը: Այստեղ տեսնում ենք մեծ բացեր՝ կապված կոմպոզիտորների հրապարակման և այն սակավաթիվ երաժիշտների ու նվագախմբերի հետ, որոնք համաձայնվում են և կարող են կատարել այդ երաժշտությունը:
Ժնևի կոնսերվատորիայի շրջանավարտ և 10 տարուց ավելի արտասահմանում աշխատանքային փորձ ունեցող, այժմ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանը, շարունակելով թեման, ասում է.
«Հաճախ ժամանակակից երաժշտության կատարումը պահանջում է նորագույն ձայնարտադրության տեխնիկաների և հմտությունների տիրապետում, որը գալիս է միայն փորձից, շփումներից և ձևավորվում բեմական գործունեությամբ: Մեր անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Հովհաննիսյանը շատ հետևողական է նորագույն երաժշտությունը ներկայացնելու հարցում, և մենք պարբերաբար հնչեցնում ենք նոր երաժշտություն, արտասահմանյան հայտնի և նոր անուններ, ինչպես նաև հայկական մի շարք կոմպոզիտորների ստեղծագործություններ»:
Համերգային ծրագրում ընդգրկված էին Ջուդիթ Վարգայի, Օսկար Կոլոմինաբոշի, Սերգեյ Ումրոյանի, Ջանլուկա Դեսերտիի 21-րդ դարում գրված երաժշտությունը, ինչպես նաև Լուչիանո Բերիոյի՝1968 թվականին և Աշոտ Զոհրաբյանի՝ 1994 թվականին ստեղծած գործերը: Հաղորդման մասնակիցները նշեցին, որ ռադիոն նորույթները հանրահռչակելու և հասարակությանը իրազեկելու առավել արդյունավետ միջոցն է։
Հաղորդման ընթացքում հնչում են վերը նշված ստեղծագործությունների համերգային կատարումներ՝ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ: