ԿարևորՀասարակություն

Փլատակներ, փակ փողոց, անսովոր փոշի, լարված ու սպասողական վիճակում գտնվող հարազատներ ի՞նչ էր կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում

Երեկվանից շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Տվյալները թարմացվում են ժամը մեկ։ Առևտրի կենտրոնի մուտքը փակ է քաղաքացիների համար։ Մյուսները՝ լրագրողները, տուժածների հարազատները, տեղաշարժվում են, բայց սահմանափակ՝ անվտանգությունից ելնելով։ Հրդեհի տարածում չկա, բայց քանի որ տարածքում հագուստ ու պլաստմասե իրերի խանութներ են եղել,   հնարավոր են բռնկումներ։ ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի մուտքը երկկողմանի փակ է, տարածքում անսովոր լռություն է, օդում միայն պայթուցիկ ու դյուրավառ նյութերի հոտն է, անսովոր փոշի է։ Ամենուրեք փլատակներ են։ Այրված եռահարկ շինության տարածքում հավաքված են անհայտ կորածների հարազատները, փրկարարներ, կամավորներ։ Ժամանակ առ ժամանակ լռությունը խախտում են պայթյունի տարածքում աշխատող մեքենաները։ 

Հարազատները քչախոս են, լարված։ Վնասված առևտրի կենտրոնների աշխատակիցները դժվարությամբ են խոսում։ Զրուցակիցս խաղալիքների խանութներից մեկի սեփականատերն է․

«Խաղալիքների խանութ ունենք ներսում։ Մեքենան էլ հենց այստեղ կանգնած էր։ Երկու անչափահաս երեխաներն էլ մեջը։ Նրանք քերծվածքներ են ստացել, բժշկական օգնություն ստանալուց հետո տուն ենք տարել։ Հիմա լավ են։ Մեքենան ամբողջությամբ վնասվել է։ Աշխատակիցները միայն պայթյունի ձայնն են լսել»։

Առևտրի կենտրոնի մուտքը փակ է քաղաքացիների համար։ Մյուսները՝ լրագրողները, տուժածների հարազատները, տեղաշարժվում են, բայց սահմանափակ՝ անվտանգությունից ելնելով։

Արդեն երկրորդ օրն է՝ մոտ երկու տասնյակ քաղաքացու ճակատագիր անհայտ է, մեկը՝ Իրանի քաղաքացի։ Գնալով նրանց ողջ գտնելու հույսը մարում է, բայց չի կորչում՝ մասնագետներն են փաստում։ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Բագրատ Վարդազարյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է․

«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարեց, այնքան ողջ մնալու հավանականությունը զրո է դառնում»։

Որոնողափրկարարարական աշխատանքները չեն դանդաղում, անվտանգության կանոններ կան՝ ասում է մասնագետը, ռիսկերը նախ պետք է չեզոքացնել ՝ ասում է զրուցակիցս.

«Շինության փլուզման վտանգ կա։ Կան երկաթբետոնե կոնստրուկցիաներ, նախ դրանք պետք է հեռացնենք, որպեսզի կարողանանք կատարել փրկարարական աշխատանքներ։ Բացի այդ՝ փորելուց հնարավոր են նաև մարմիններ լինեն, պետք է զգույշ լինենք։ Այն վայրերում, որտեղ գործիքը դժվար է հասցնել, շատ արագ կարելի է պարզ գործիքներով աշխատել, այդպես ենք անում»։

Հրդեհի տարածում չկա, բայց քանի որ տարածքում դեռ նախօրեին հագուստի ու պլաստմասե իրերի խանութներ էին, հնարավոր է՝ բռնկումներ լինեն։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 158 փրկարար, 102 կամավոր Կարմիր խաչից, 15 կամավոր՝ ՈՄԱ–ից։ Օպերատիվ շտաբ է կազմավորվել, կամավորները մոտենում են, գրանցվում՝ ըստ անհրաժեշտության միանում աշխատանքներին։ Պայթյունից վնասվել են նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի դիմացի խանութները։ Տարածքում աշխատող միակ հիմնարկն այսօր  բանկի մասնաճյուղ էր։

Back to top button