ԿարևորՀասարակություն

Տեսչական մարմինները տեսուչների խնդիր ունեն․ վերահսկման գործը շատ է, գործ անելը՝ գերլարված

Հանրապետությունում օրենքների ու նորմերի պատշաճ պահպանումն իրավապահ մարմիններից զատ հսկող մյուս՝ տեսչական մարմինների գործը շատ է, դա անողների թիվը՝ փոքր։ Երկրում գործող բոլոր 6 տեսչական մարմինները վերահսկում են հասարակական կյանքի գլխավոր ոլորտները՝ պատասխանատվության լայն դաշտով, բայց երբեմն արժանանում են հիմնավոր քննադատության՝ վերահսկողությունը պատշաճ չիրականացնելու համար։ Որոշ հարթակներում կարծում են՝ խնդիրը մասնագետների սղությունն է, որոշ փորձագետներ դա վերագրում են գործի սխալ կազմակերպմանը, երբեմն էլ հույսերը կապվում են հանրության բարեխղճության և նոր տեխնոլոգիաների ներդրման հետ։ Ամեն դեպքում վերահսկող մարմիններում տեսուչների սղության խնդիրն ամենացավոտ կերպով արտահայտվեց նաև Սուրմալուի շուկայի պայթյունի բերումով։

Հայաստանի գրեթե բոլոր տեսչական մարմիններում կա մասնագետների սղություն՝ «Ռադիոլուրին» հայտնում է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանը։ Հանրապետությունում ամենատարբեր ոլորտներ վերահսկող և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող 6 տեսչական մարմին կա։ Դրանց «խոշորացույցի» տակ առողջապահության և աշխատանքի, կրթության, բնապահպանության և ընդերքի, սննդամթերքի անվտանգության, քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության և շուկայի վերահսկողության ոլորտներն են։ Հակոբյանը «Ռադիոլուր»-ի հարցմանն ի պատասխան՝  գրավոր փոխանցել է՝ ամեն տեսչականի վերապահված է պարտավորությունների լայն շրջանակ, բայց և ոչ բավարար ռեսուրսներ․

«Պակասը զգացվում է հատկապես այն ոլորտներում, որտեղ պահանջվում են նեղ մասնագիտական, հաճախ՝ բնագիտական և տեխնիկական գիտությունների ուղղություներով գիտելիքներ։ Այս առումով, կարծում եմ, իրավիճակը ՀՀ ընդհանուր աշխատաշուկայից շատ չի տարբերվում»:

Ըստ Հակոբյանի, օրինակ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հանքավայրերի երկրաբաշխական նկարահանումների մասնագետ-ինժեներների խնդիր կա, քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ շինարարական նախագծերի հետ աշխատող մասնագետների, էներգետիկների, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնում՝ համաճարակաբանների: Այս պահին բոլոր 6 տեսչական մարմիններում ընդհանուր առմամբ նախատեսված է 1210 հաստիք։ Սակայն տեսչական մարմիններից որոշների պաշտոնական կայքէջերում տեղադրված հաստիքացուցակներից հնարավոր չեղավ պարզել՝ ընդհանուր հաստիքներից քանիսն է նախատեսված հենց տեսուչների համար կամ նախատեսվածից քանիսն է ներկայում համալրված։
Իսկ, օրինակ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կա ընդհանուր 340 հաստիք, որոնցից տեսուչների համար՝ 213-ը։ Այս տեսչական մարմնի կայքում նշված է․

«ԱԱՏՄ խնդիրներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։

Նշված 213 տեսուչները, եթե իհարկե բոլոր հաստիքները համալրված են, թվարկված բոլոր այս գործառույթնեը պետք է վերահսկեն մայրաքաղաքում և բոլոր մարզերում։ Եթե միայն այս տեսչականի օրինակով դիտարկենք վերահսկողության լայն ոլորտները, ակնհայտ է դառնում, որ տեսուչների այդ թիմը պարզապես ուժերի գերլարումով պետք է աշխատի։

Տեսչական՝ վերահսկող մարմիններում տեսուչների սղության խնդիրն ավելի է սրվում ճգնաժամային իրավիճակներում։ Օրինակ՝ համավարակի ընթացքում covid-նորմերի պատշաճ վերահսկելու պատասխանատվությունը ողջ հանրապետությունում հենց տեսուչների վրա էր, և անգամ եթե բոլոր այլ ոլորտների տեսուչներն էլ միավորվեին՝ մի կողմ թողնելով վերահսկողության մյուս ասպեկտները, թերևս էլի չէին հասցնելու։ Տարոն Հակոբյանի ձևակերպմամբ՝ իրավիճակը կարգավորելու համար ստիպված են եղել վերաբաշխումներ անել․

«Տեսչական ռեսուրսի զգալի մասն ուղղվեց այդ ուղղությամբ: Այդ ընթացքում նախապես պլանավորված մի շարք ստուգումներ չեն իրականացվել տարբեր պատճառներով: Դա կապված էր թե՛ ռեսուրսների վերաբաշխման, թե՛ առաջին հերթին տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներում աշխատանքների դադարեցումների հետ: Այնուամենայնիվ, ամեն ինչ արվել է, որ առավել ռիսկային ուղղություններում վերահսկողությունը չտուժի, և այդ ուղղությունները շարունակել են մնալ որպես առաջնահերթություն»:

ԱԺ պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում մասնագիտական ռեսուրսները գուցե բավարար կլինեն․

«Երբ 2009-ին եղան տեսչական բարեփոխումներ, նպատակը նաև որոշակի կրկնվող գործառույթների կրճատումն էր, տեսչական մարմինների և տեսուչների թվի կրճատումը, բայց դրան զուգահեռ եղավ նաև վերահսկողության մեխանիզմների հստակեցում, ինչի պարագայում եթե արդյունավետ կազմակերպեն տարեկան պլանային և ըստ անհրաժեշտության ստուգումներն ու ստուգայցերը, տեսուչների թվաքանակը պետք է որ բավարարի այդ գործառույթների իրականացմանը»։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, սակայն, այս կարծիքին չէ, մասնավորապես, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասին խոսելիս։ Սակայն լուծումը տեսնում է ոչ թե հաստիքների թվի, այլ հանրության բարեխղճության ավելացման մեջ․

«Այսօր այս ծանրաբեռնվածության հետ մեր տեսչական մարմինը պետք է  լինի 10 000 հոգուց բաղկացած, որ կարողանա ծածկել անտառների ապօրինի հատման գործընթացը, ջրերի ապօրինի օգտագործման և վատնման գործընթացը, շինարարության ապօրինի կամ նախատեսվածից շեղումներով գործընթացը, հանքարդյունաբերության ոլորտը, հողեր, օդում մթնոլորտի աղտովածությունը, այսինքն՝ մի մեծ մանդատ տրված է այս մարմնին, և դա անհնար է իրականացնել առանց հանրության աջակցության»։

Երկրի կարևորագույն ոլորտները վերահսկող կառույցներում տեսուչների թվի ավելացում նախատեսվո՞ւմ է․  տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանը չի բացառում այդ հնարավորությունը, բայց առաջին հերթին դիտարկում է եղած ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու տարբերակը։ Միաժամանակ,  շեշտում է՝ խիստ կարևոր է վերահսկողական համակարգում նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչը  հաճախ բազմապատիկ  ավելի արդյունավետ և արագ է լուծում խնդիրը, քան տեսուչի անմիջական միջամտությունը:

Back to top button