ԿարևորՀասարակություն

Սուբվենցիոն ծրագրերի մութ կողմերը․ ո՞ւմ մեղքով են Սյունիքում անավարտ մնում պետական ծրագրերը  

Սյունիքում դեռ 2019թ․-ից մեկնարկած որոշ սուբվենցիոն ծրագրեր  անավարտ են։ Չնայած սրան՝ կառավարությանն արդեն ներկայացվել են եկող տարվա 42 սուբվենցիոն ծրագրերը՝ 11,4 մլրդ դրամի ընդհանուր արժեքով, որից պետական մասնաբաժինը` 7,4 մլրդ։ Սյունիքի համայնքապետերը, մարզի խորհրդի նիստում անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերը ժամանակին չավարտելուն, դժգոհել են կապալառուների անբարեխիղճ ու անպատասխանատու վերաբերմունքից, առաջարկել օրենքներ փոխել, իսկ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խոստացել է դրանք հասցնել կառավարություն։

Մեղրիի մասին յոթ երգ կա, յոթն էլ մանկապարտեզի մասին․ Սյունիքի մարզխորհրդի նիստում Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսպես է բնութագրում քաղաքի միակ մանկապարտեզի ձգձգվող շինարարությունը։ 2019թ–ից սկսված հիմնանորոգումը սուբվենցիոն ծրագրով է ու դեռ չի ավարտվել։ 229 մլն դրամ արժեքից պետության մասնաբաժինը 149 մլն է, մինչև այժմ կառավարությունը վճարել է 120 մլն-ը, իսկ համայնքի մասնաբաժինը՝ 80 մլն դրամ ամբողջությամբ տրված է կապալառուին։ Խնդրին կառավարության նիստում անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը՝ վրդովված։

«Դեռ2018թ․ ես Մեղրիում խոստացել եմ մանկապարտեզի շինարարություն, որ շահագործման կհանձնվի։ Ընդ որում՝ դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել որպես համաֆինանսավորող։ Ինձ համար շատ տհաճ անակնկալ է՝ արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում։ Ընդ որում, այստեղ գործողություններ կան անելու, պարզելու, թե ինչու ֆինանսավորման առկայության դեպքում մանկապարտեզը չի նորոգվել։ Ինձ ուղարկել են նաև մանկապարտեզից արված լուսանկարներ, որտեղ, ըստ էության, խայտառակ պատկեր է»։

Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարեվերջին։ Բայց մարզում էլի կան անավարտ սուբվենցիոն ծրագրեր։ Հայկ Կարախանյան․

«2020թ–ից ունենք անավարտ 3 ծրագիր, 2021-ից՝ այս պահի դրությամբ ունենք 10 անավարտ ծրագիր, որից 8-ի համայնքի մասնաբաժինն ամբողջովին վճարված է, հավաստող փաստաթղթերը ներկայացրել են ՏԿԵՆ՝ մնացած մասնաբաժինը ստանալու համար»։

Մարզխորհրդի նիստում  համայնքապետերը  դժգոհում են անբարեխիղճ կապալաուռներից։ Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ․  երբ մրցույթի ամփոփումից հետո պարզվի, որ նույն անբարեխիղճ կապալառուն է շահել մեկ այլ անձի անունով, չկնքվի պայմանագիր ու նոր մրցույթ հայտարարվի։  

«Շատ հեշտությամբ մեկ այլ կազմակերպություն բացելով՝ նույն անձը կարողանում է մասնակցել մեկ այլ անվան ներքո և նույն անբարեխիղճ հետագա վերաբերմունքը ցույց տալ։ էդ անձը բազմաթիվ ֆիրմաներ ունի բացած,  փակած, սնանկ է ճանաչվում, և այլ,   անընդհատ խնդիրներ։ Ո՞վ է տուժում՝ համայնքը, ո՞վ է տուժում՝ պատվիրատուն»։

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը համաձայն է գործընկերոջ հետ՝ առաջարկելով անբարեխիղճ կապալուռներին  տույժ-տուգանքի ենթարկել։ Փարամազյանն այլ առաջարկ էլ ունի։

«Սա սուբվենցիոն ծրագիր է, կառավարությունն ունի իր ներդրումը, ինչքան որ մենք ենք վերահսկում, այդ վերահսկողությունը նաև ձեր վրա է։ Չկա, չեմ տեսել որևէ մեկը կառավարությունից կամ մարզպետարանից գա՝ մեզ հետ հավասար խնդիրներին ծանոթանա։ Ոնց որ ամեն ինչ բարդած լինի մեր վրա։ Հանձնելու ժամանակը կգա, թերություններ կգտնեն, այն ժամանակ կբարձրաձայնեն»։

Սյունիքի մարզպետը համամիտ է դիտարկումներին,  խոստանում առաջարկներն ու խնդիրները հասցնել կառավարություն։  Ռոբերտ  Ղուկասյանը զայրացած է ու կոշտ է լինելու անբարեխիղճ կապալառուների հանդեպ։  

«Արդյո՞ք իրենք գիտակցում են, որ վատ բան են արել։ Ոնց են կարողանում իրենք սողոսկել, ինչպես են կարողանում տարիներ շարունակ աշխատել, որ ոչ մեկը չնկատի, չկասեցվի։ Ինչի համար ենք սպասում, բաներ կա՝ դեռ լռում ենք։ Եթե երկու տարի է անցել՝ չի արվել գործը, մենակ էդ վնասի փոխհատուցումը որ հաշվարկենք, բուն ծրագրի գումարից կանցնի։ Թող փոխհատուցեն։ Ասենք՝ երեխեքը տվյալ սուբյեկտի պատճառով երկու տարի չեն խաղացել, դա պիտի որևէ չափով չափվի ու գնահատվի։ Էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին»։

Եւ չնայած խնդիրներին՝ Սյունիքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերը։ Այս տարվա ծրագրերից մեկով Գորայք համայնքի համար ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյան․

«2022 թվականի ներկայացվել է 32 սկզբնական հայտ, որոնցից ամբողջական փաթեթ ներկայացվել է 29-ի համար՝ ընդհանուր 7 մլրդ 830 մլն դրամ նախահաշվային արժեքով, որից պետական մասնաբաժինը 4 մլրդ 852 մլն դրամ է։ Որոշ ծրագրեր հաստատվել են պայմանով։ Պայմանով՝ նշանակում է, որ գերատեսչությունները դիտարկումներ են ներկայացրել, որոնք շտկելուց հետո կարող են հայտարարել մրցույթները»։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը Սյունիքից արդեն եկող 2023-ի համար 42 սուբվենցիոն ծրագրի հայտ է ստացել՝ 11,4 մլրդ դրամ ընդհանուր  արժեքով, որից 7,5-ն ակնկալվում է բյուջեից։ Ըստ դիտարկումների՝ ծրագրերի ընդգրկմամբ սա աննախադեպ ցուցանիշ է։

Back to top button