ԿարևորՀասարակություն

Հրավտանգ նյութերի վաճառքը՝ մարդկանց ոտքի տակ ու մարդկանց կյանք խլելուն շատ մոտիկ

Որքանո՞վ են հրավտանգ նյութերի պահման եւ վաճառքի անվտանգության կանոնները պահպանվում մեր երկրում՝ այս հարցը հատուկ շեշտադրում է ստանում վերջին տարիներին ամենատարբեր շրջանակներից հնչող ահազանգերի ու պնդումների ֆոնին, որ երկրում հրավառությունները պետք է սահմանափակվեն՝ նախ սահմանափակելով հրավառ նյութերի շրջանառությունը։

Չթույլատրված ժամերին հրավառության դղրդյունները մարդկանց նյարդերը հասցրել են սղոցել, դառնալ հանրային դժգոհության թեմա։ Անկանոն հրավառությունների անհասկանալի վարքագծով հեղինակներին պարզելու գործը ոստիկաններինն է։ Բայց նրանք էլ ոչ միշտ են հասցնում գտնել, թե ով ու որ վայրից էր որոշել կեսգիշերն անց հրավառության պայթյունով քաղաքին չակերտավոր «ավետել» ասենք իր զարմիկի ատամհատիկը՝ քաոսի վերածելով մյուսների անդորրը կամ չհարգելով ասենք հետպատերազմյան իրավիճակը։ Թե մինչ այժմ քանի հրավառասեր է պատժվել դրա համար՝ ոստիկանությունից պատրաստ են պատասխանել մի քանի օրվա ընթացքում։ Բայց փաստ է՝ Սուրմալուում հրդեհն էլ էր ուղեկցվում որոշ վայրերից հնչող հրավառություններով։

Իսկ հրավառությունները սահմանափակելու թեման նախ սկսվում է հրավառ նյութերի վաճառքի խիստ սահմանափակումից։ Սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը կիսում է նշյալ դիտարկումները՝ պետք է կանոնակարգել պայթուցիկ ու դյուրավառ նյութերի վաճառքը և դրանց կիրառումը՝ ասում է։

«Գիտենք, թե պարեկային ծառայությունն ինչքան է բարձրացել։ Օրական մեկ վարչական շրջանում կարող են իրականացնել խիստ ռեյդ երեկոյան ժամերին  պայթուցիկների հետ կապված։ Հաջորդ օրն էլ թող արձանագրեն, որ, օրինակ, Աջափնյակում կամ Էրեբունիում գիշերային ռեյդերի ընթացքում 10 հոգու տուգանել են, տուգանքի չափն էլ ավելացնեն։ Ու դա պարբերաբար անեն։ Դրանից հետո քանի՞ հոգի կգնա գիշերային ժամին հրավառություն կանի»։    

Թեման հունից հանում է շատերին, Լեւոն Սարդարյանին՝ նույնպես։ Երեւանի քաղաքապետի խոսնակը գրել է՝ կարծում եմ, պնդում եմ, պահանջում եմ, որ հրավառություն թույլատրվի միայն ու բացառապես պետական տոների ժամանակ ու միայն պետական վերահսկողությամբ։

Մեջբերում․ «Բացի նման դեպքերի համար պիրոտեխնիկայի ներկրումից, մնացած բոլոր դեպքերը պետք է հավասարեցնել զենք-զինամթերքի ապօրինի ներկրմանը և նշանակել համապատասխան պատիժ: Որպեսզի հուժկու հրավառության պատճառով շրջակալքի բնակիչների մոտ ապաստարան գտնել-իջնելու ցանկություն չառաջանա»:

Վերադառնանք հրավառ նյութերի վաճառքի ու շրջանառության սահմանափակման թեմային։ Մինչև քովիդ-համաճարակը՝ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ՝ բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների։ Սա, սակայն հետագայում ընթացք չստացավ, գերատեսչության պարզաբանմամբ՝ քանի որ համավարակը վրա հասավ։ Նախարարության առաջնահերթությունները փոխվեցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այդ ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՛ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՛ խուսափենք նման դժբախտ պատահարներից»։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», ինչպես նաև «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով սահմանվում են տեխնիկական և անվտանգային կանոնների բազմաթիվ պահանջներ։ Բայց շատ դեպքերում և վայրերում դրանք չկան կամ չեն պահպանվում։ Այդպես էր նաեւ «Սուրմալու» շուկայի չարաբաստիկ պահեստի դեպքում։ Հրդեհը հենց դյուրավառ նյութերի պահեստից է սկսվել՝ խիստ հրավտանգ նյութերից՝ ասում է ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։

«Սուրմալու» շուկայում ստուգումների հերթը դյուրավառ նյութերի պահեստին անցյալ տարվա ստուգումից հետո այդպես էլ չէր հասել․  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերջին ստուգումներն իրականացրել է 2021-ի մարտին։ Հայտնաբերված տասնյակ խախտումների վերացված լինել-չլինելը ստուգելուն տեսուչների «ձեռքը չէր հասել», տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանն ասել է՝ վերստուգում չի արվել ծանրաբեռնվածության պատճառով։

«Վերստուգումը հերթականությամբ է իրականացվում՝ հաշվի առնելով, որ ունենք տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված օբյեկտներ, որոնց քանակը շատ է։ Այդ օբյեկտի վերստուգման հերթը դեռ չէր հասել»։

Սուրմալուի իրողությունը փաստեց՝ մինչ հերթը կհասնի հանրությանը տարիներով մտահոգող իրավիճակի շտկմանը, ողբերգական պատահարն իրեն սպասել չտվեց։ Իսկ Հայաստանի շուկաներում, առեւտրի տարբեր կենտրոնների տաղավարներում դեռ ազատորեն վաճառվում են հրավտանգ նյութերը՝ առանց ցուցումների, առանց սահմանափակման՝ հենց այդպես՝ մարդկանց ոտքի տակ ու մարդկանց կյանքը խլելուն շատ մոտիկ։  

Back to top button