ԿարևորՀասարակություն

Կեղծ ահազանգերի կողքին՝ իրական պայթյուն. խոշորացույցի տակ են բոլոր հնարավոր վարկածները

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ Երևանի դատախազի հանձնարարությամբ ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները, տուժածների ողջ շրջանակը պարզելու նպատակով։ Առայժմ պայթյունի պատճառները պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։ Իսկ վարկածները շատ տարբեր են։ Հաշվի առնելով նաև վերջին շրջանում երկրի կարեւորագույն օբյեկտներում ու վայրերում ռումբի տեղադրման ահազանգերը՝ մասնագիտական շրջանակներում չեն բացառում, որ Սուրմալուում տեղի ունեցածը ահաբեկչություն կարող էր լինել։ Ահաբեկչությո՞ւն էր, թե դժբախտ պատահար, նախաքննությունը կպարզի։

Վերջին շրջանում գրեթե ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարությունը նռնակ կամ ռումբ է փնտրում։ Վերջին ահազանգերն էլ հաջորդեցին անմիջապես «Սուրմալուի» պայթյունին։ Ըստ ահազանգերի՝ պայթուցիկ սարքեր են տեղադրված   մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական  կարևորագույն օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19-ում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Ավելի ուշ հայտարարվեց՝ տեղազննությամբ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Թեև Սուրմալուի պարագայում ևս  շրջանառվում է նաև ահաբեկչության վարկածը, ԱԻՆ–ում գրեթե բացառում են դա։ Տեսանյութից էլ պարզ է դառնում, որ այդ հատվածում այրում է եղել, որին հաջորդել է պայթյունը՝ շեշտում են։ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյան.

«Տեսանյութից ակնհայտ է, որ տեռորիստական ակտի մասին խոսք չի կարող գնալ։ Ներսում ինչ-որ մի չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել՝ ըստ ԱԻՆ–ի։ Ինչ վերաբերում է մնացած նամակներին, մենք  վերջին շրջանում արդեն 3-րդ նման  բովանդակությամբ նամակն ենք ստանում։ Մասն, վորապես մետրոյի բոլոր կայարաններում, ԱԺ-ում։ Իսկ երեկվա նամակի հեղինակը  օգտվել է առիթից, որ խաղողօրհնեք է, նաև եկեղեցում ունեցանք ռումբի ահազանգ»։

ԱԻՆ-ից փոխանցում են՝ հատկապես ռումբերի մասին ահազանգերի թիվը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է, նաև ձեռագիրն է փոխվել։ Արդեն տևական ժամանակ է՝ պայթուցիկների տեղադրման ահազանգերը տարբեր մարմիններին փոխանցվում են հիմնականում էլեկտրոնային փոստի նամակների միջոցով՝ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Էլեկտրոնային նամակներ ուղարկող անձանց պարզելը մեծ մասամբ տևական և բարդ գործընթաց է։ Կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր դիտարկումն ունի՝ ահաբեկիչները, որպես կանոն, գործում են լուռ, ուստի կեղծ ահազանգերի հիմնական նպատակը խուճապ տարածելն է՝ նկատում է։

«Հիմա արդեն էլփոստով է արվում։ Դա նշանակում է, որ անվերջ չբացահայտվող աղբյուրներից նման ահազանգեր կարող են գալ։ Ակնհայտ է, որ ինչ-որ մի ուժ է կանգնած այս ամենի հետևում։ Պարբերաբար հենց ինչ–որ ներքաղաքական կամ այլ իրավիճակ է ստեղծվում, այս մեթոդով սրում են իրավիճակը։ Մեծ հաշվով՝ սովորաբար  ահաբեկչությունն իրականացվում է, հետո նոր հայտնում են, թե ով է դրա հետևում կանգնած։ Իհարկե, բացառություններ եղել են, բայց դրանք նույնպես ստորագրված են եղել, այսինքն ահաբեկչական խումբը նախօրոք զգուշացրել է, որ իրական ռումբ է տեղադրելու՝ հայտնելով, թե ով է հետևում կանգնած։ Իսկ սրա իմաստը ոչ թե ռումբ տեղադրելն է, այլ խուճապ ստեղծելը և պետական կառույցների աշխատանքը ծանրաբեռնելը»։

«Սուրմալուի» ողբերգական պատահարը ահաբեկչություն էր, թե դժբախտ պատահար՝ նախաքննությունը կպարզի։ Երևանի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։ Առայժմ պայթյունի պատճառները պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները՝ «Ռադիոլուրին» փոխանցեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Կոնկրետ դեպքի վայրում առայժմ որևէ գործողություն հնարավոր չէ իրականացնել։ Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները լայն ծավալով դեռ շարունակվում են։ Այդ պատճառով քննիչները չեն կարողանում անհրաժեշտ գործողություններ կատարել։ Համապատասխան պայմաններ ստեղծվելուց անմիջապես հետո դրանք կնախաձեռնվեն սահմանված կարգով։ Քննության են առնվելու հնարավոր բոլոր վարկածները»։

Քրեական գործ է հարուցվել ոչ միայն պայթյունի առնչությամբ, այլև բոլոր կեղծ ահազանգերի մասով։ Մինչ այդ, սակայն, Ազգային անվտանգության ծառայությունն է իր հերթին հորդորում զերծ մնալ Հայաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:

Թեև նախկինում հնչած բոլոր ահազանգերը եղել են կեղծ, սակայն ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են պահպանել բարձր զգոնություն և իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք սահմանված են նման արտակարգ հաղորդումների համար՝ չկորցնելով զգոնությունը։

Back to top button