ԿարևորՀասարակություն

Արցախի Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում

Արցախ Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, ըստ եղանակային կանխատեսումների` հրդեհավտանգ իրավիճակը հանրապետության տարածքում դեռ կպահպանվի։

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Բնակչությանը խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Օգտագործել սովորականից շատ հեղուկներ։ Հնարավորության սահմաններում, դրսում չմնալ,  պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով ամառային գլխարկ, արևային ակնոց, հովանոց։

Ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից։

Տարվա այս ժամանակահատվածում մեծ է նաև հրդեհների առաջացման ռիսկերն ու վտանգները։ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է չանտեսել հրդեհային անվտանգության կանոնները։
Կրակի հետ վարվել զգույշ, ինչպես նաև էլեկտրական սարքավորումները շահագործել առանց տեխնիկական կանոնների խախտման։

Արգելվում է նետել այրվող լուցկի և կամ չմարված ծխախոտի մնացորդ։

«Հիշե՛ք. Հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն»,-նշում են ԱԻՆ-ից։

Back to top button