Ժամանակի վկան

Մի քանի տոննա մարդասիրություն կշռող վավերագրություն հայ բուժաշխատողների մասին․ Ռուզաննա Բագրատունյան․ «Ժամանակի վկան»

1991-1994 թթ․ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակները կերտվեցին հայ ժողովրդի հավաքական ուժի, անմնացորդ նվիրման, Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնական ջանքերի ներդրման շնորհիվ։ Այդ համազգային պայքարում յուրաքանչուր հայ իր մասնակցությամբ նպաստեց փոքր ու մեծ հաջողություններին, որոնք վերաճեցին վերջնական հաղթանակին՝ ադրբեջանական տիրապետությունից մեր հայրենիքի՝ Լեռնային ու Դաշտային Արցախի տարբեր հատվածների ազատագրմանը։

Ամենանվիրյալ հայորդիներն իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին։ Իսկ մի ստվար մասը վերադարձավ մարմնական վնասվածքներով։ Փրկվածներին երկրորդ կյանք պարգևեցին սպիտակ խալաթով զինվորները՝ բժիշկները, բուժքույրերը, բուժակները, որոնց կյանքի ու գործունեության պատմությունները հայ ժողովրդի նորագույն շրջանի վերջին տասնամյակների պատմության անքակտելի մասն են։

Լրագրող Ռուզաննա Բագրատունյանի «Նրանց ժամանակը» կենսավավերագրությունն սպիտակ խալաթով զինվորների՝ 1991-1994 թթ․ Արցախյան առաջին պատերազմի մասնակից բուժաշխատողների մասին է։ Հեղինակը գիրքը նվիրել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին։

1991-1994 թթ․ Արցախյան առաջին պատերազմի մասնակից բուժաշխատողների մասին գիրք գրելու գաղափարը ծնվեց իրական դիպվածից։

Հեղինակն աշխատել է Հայաստանում ու Արցախում։ Պետական պաշտոնական գերատեսչությունների, ինչպես նաև առանձին անհատների տրամադրած տվյալները համադրելով, համեմատելով ու վերլուծելով կազմեց Արցախյան առաջին պատերազմի մասնակից բուժաշխատողների այն ցուցակը, որով և առաջնորդվեց գիրքը գրելիս։

Ովքե՞ր են «Նրանց ժամանակը» գրքի հերոսները, ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրվեցին հենց նրանց կյանքի պատումները։ Աշխատելիս բյուրեղացավ նաև ապագա գրքի կառուցվածքը, որը բխեց հեղինակի մտքում նախապես եղած հարցադրումներից։ Գրքի կառուցվածքը և լուսանկարների ընտրությունը ներդաշնակ են հետաքրքիր ոճին ու ձևավորմանը։

Վավերագրություն գրելն ահռելի աշխատանք է, ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի․ դա նաև իմ անձնական փորձից ելնելով եմ ասում, երբ ես տարիներ հավաքում էի ու այժմ հավաքում եմ Գետաշեն-Մարտունաշեն գյուղերից բռնագաղթածների վկայությունները, և այդ առումով, շատ լավ հասկանում եմ հեղինակին։ Ասեմ նաև, որ այդ ծանր գործում օգնականներ ունենալը փրկություն է։ Ամենայն սիրով շնորհավորում եմ Ռուզաննա Բագրատունյանին ու ստեղծագործական ողջ խմբին նախաձեռնությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։

Ռուզաննա Բագրատունյանի գրքում կարմիր թելի պես անցնում է մարդասիրության գաղափարը։ Այն իրական, փաստացի մարդասիրության մասին է, որը ցուցաբերել են հայ բուժաշխատողներն ադրբեջանցի վիրավոր զինվորների, ծննդկանների, վիրավոր քաղաքացիական անձանց նկատմամբ։

«Նրանց ժամանակը» խոսուն վերնագիրը նույնպես ծնվել է հավաքչական աշխատանքի ընթացքում։ Ցավոք, հեղինակը նույնպես համոզված է, որ նրանց ժամանակը դեռ չի եկել, քանի որ նրանցից շատերը մինչև այժմ ըստ արժանվույն գնահատված չեն։

Պատմավավերագրական, կենսագրական գրքերի առաջնային արժեքը դրանց աղբյուրագիտական մեծ կարևորությունն է։ Փաստերը, որոնք ընդգրկում են այդօրինակ գրքերը,
ուսումնասիրողների համար անգնահատելի աղբյուրներ են։ Ինչպե՞ս կազմել վավերագրությունները, որպեսզի ապահովվի առավելագույն ճշմարտացիությունը․ հեղինակն ունկնդիրներին պատմեց նաև իր փորձի մասին։

Անժխտելի է, որ վավերագրություններն աղբյուրագիտական անգնահատելի նշանակություն ունեն։ Սակայն ամբողջական և ճշմարտացի պատմության ձևակերպման համար համակողմանի, համապարփակ, համեմատական, վերլուծական ու բազմակողմանի ուսումնասիրություններ են անհրաժեշտ։ Հավելեմ նաև, որ չնայած դանդաղ, սակայն այդպիսի հետազոտություններ արվել և այժմ էլ կատարվում են։ Իհարկե, վերջին խոսքն ասելու առաքելությունը վերապահված է մասնագետներին ու գիտնականներին։

Back to top button