ԿարևորՀասարակություն

Կստանան արդյո՞ք երկրորդ կյանք հնացած սարքավորումները

Հստակ վիճակագրություն, թե որքան հնամաշ սարք–սարքավումներ կան գիտահետազոտական ինտիտուտներում, գիտությունների ազգային ակադեմիայում չունեն։ Հստակ է, որ դրանք կուտակվել են գիտական կենտրոններում՝ խնդիրներ ստեղծելով նույն ինստիտուտների համար։ Հնարավոր է արդյո՞ք երկրորդ կյանք տալ սարք-սարքավորումներին։ Գիտական սարքերը բարդ ու համալիր սարքեր են, ուստի դրանք թարմացնելն ու օգտագործման տիրույթ բերելը  բարդ կլինի՝ համոզված են մասնագետները։

Ի՞նչ անել կամ որտե՞ղ պահել գիտական կենտրոններում հավաքված հնամաշ սարք–սարքավորումները․ առաջին հայացքից պարզ հարցն իրականում ունի բարդ պատասխան։ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում սարք–սարքավորումների համար նախատեսված առանձին սենյակ կա։  Այստեղ նորագույն ու իրենց տեսակով եզակի սարքերի կողքին նաև մի քանի տասնամյակի վաղեմություն ունեցող սարքերն։

Ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանն ասում է. «Հնացած սարքավորումները օտարելու խնդիր կա։Մեզ թույլ չեն տալիս դրանք օտարելու։ Հավաքում ենք, դրանք մեզ համար արդեն բեռ են դարձել։ Այդ սարքավորումները օտարելու անհրաժեշտություն կա»։

Այստեղ 1970-1980-ականներ թվականների սարքավորումներ են կողք կողքի։ Նարնց մի մասն իհարկե գործում են, բայց կան նաև այնպիսիք, որոնք կիրառելի չեն։

«1990-ականներին, որ ստացել ենք Pentium  2 համակարգիչները, դրանք էլ են մնացել։ Բերել, դրել ենք մի անկյունի վրա, որ սենյակները ազատ լինեն։ Հասկանանք՝ ինչ անենք»։

Գիտության կոմիտե՝ առաջին հարցումն այտեղ էր՝ ինչ անել հնամաշ սարքավորումների հետ։ Ուղղորդումը՝ պետգույքի կառավարման կոմիտե։ Պարզվեց, սակայն, կոմիտեի բալանսում հաշվառվախ է միայն անշարժ գույքը։ Հաջորդ  ու իրական հասցեատերը՝ ԳԱԱ էր։

Ռադիոլուրի՝   ի՞նչ են անում ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտները հնացած սարք-սարքավորումները, ինչպե՞ս են օտարում, ի՞նչ կարգով հարցին՝ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Վիկտորյա Բուռնազյանն արձագանքում է․

«Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների սարքավորումները, եթե գնվել են պետական բյուջեի միջոցներով, պատկանում են  ինստիտուտներին:   «Պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» հրամանի համաձայն: Դրա համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը կայացնում է համապատասխան որոշում»:

Լրիվ մաշված գույքի այն հանգույցները, նյութերը, դետալները և առանձին մասերը, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, գնահատվում և մուտքագրվում են այն հաշիվներին, որոնցում հաշվառվում են համանման նյութական արժեքները, իսկ ոչ պիտանի դետալները և նյութերը հաշվառվում են որպես ջարդոն՝ ասում է․

«Այս գործընթացի իրականացման համար անհրաժեշտ են որոշակի ռեսուրսներ և գործողություններ, դրա համար ինստիտուտների պահեստներում առկա են որոշ քանակի սարքավորումներ, որոնք դեռ այդ գործընթացին չեն ենթարկվել: Ինչ վերաբերում է միջազգային ծրագրերի շնորհիվ ձեռք բերված սարքավորումներին, ապա դրանց վրա հրամանը չի տարածվում»:

Հստակ թիվ ու տվյալ չկա, թե որ ինստիտուտում որքան չօգտագործվող սարք-սարքավորում կա,  կամ որն է ամենահին սարքավորումը։

ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ անգամ 1950-ականներից են գիտահետազոտական սարքեր կուտակվել։ Դրանք կարելի է մի քանի խմբի բաժանել, մի մասը  այժմ կիրառելի չեն,մյուսների դեպքում էլ եթե անգամ չափումներ կատարում են, միևնույնն է, արդյունքը գրանցվում է հին ստանդարտներով, որոնք այժմ ընդունելի չեն․ 

«Այդ սարքերը չեն օգտագործվում ոչ թե նրա համար, որ ի վիճակի չեն ինչ–որ բան անել, այլ այն խնդիրները, որոնք դրված էին այն ժամանակ, հիմա չկան։ Այժմ դրանք լրիվ այլ բաներ են։Եթե դուք այդ սարքավորման օգնությամբ ինչ–որ բան եք չափել, ու ներկայացնում եք որպես հավաստի արդյունք, այդ ամեն ինչը լինելու է կասկածի տակ,  քանի որ  չափումն արվել է 50 տարի առաջ  արտադրված սարքով։ Բացի այդ էլ , արդեն 50  տարի ծերացել է»։

Հնարավոր է արդյո՞ք երկրորդ կյանք տալ սարք–սարքավորումներին։ Պրոֆեսորն ընդգծում է՝ շատ տեղերում, եթե աալ հնարավորություն չկա,  կիրառում են փորձերի մեջ։  Գիտական սարքերը բարդ ու համալիր սարքեր են, ուստի դրանք թարմացնելն ու օգտագործման տիրույթ բերելը  բարդ կլինի՝ ասում է։

Back to top button