ԿարևորՀասարակություն

Վանաձորում դասի են գնում 67 տարեկան աշակերտները. երբ բացակաները բացակա չեն ստանում

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 դպրոցի շրջանավարտները որոշել են 50 տարի անց կրկին դասի գնալ: Գաղափարը կյանքի են կոչել դասարանի ակտիվները: Արծաթ մազերով, բայց պատանեկան նույնչարաճճիությամբ 10-րդ ա-ի տղաներն ու աղջիկներն աշակերտական նստարանին հուշերի դաս են արել: Հեռավոր 1972 -ին էր, երբ հրաժեշտ տվեցին դպրոցին. այսօր կրկինդասի են: Չեն մոռացել բացականերին. խնկարկել են ուսուցիչների ու դասարանցիների հիշատակը, ծաղիկներ խոնարհել։

Վանաձորցի աշակերտները փորձում են կռահել ծանոթ դիմագծերը.կասկածելով անուններ տալիս ու հրճվանքով գրկախառնվում. ճանաչել են 67-ամյա դասարանցիներին, որոնց հետ ավարտել են 50 տարի առաջ։ Հիմա կրկին հարազատ դպրոցում են՝ մազերն արծաթված, դեմքերն ակոսված, բայց նույն ժպտուն աչքերով։

«Շողիկն ա, ես ասեցի չէ, Քառյան Շողիկը, Մովսիսյան Ասյա, էլ ո՞վ կա: Գալիս են: Շնորհավոր բոլորիս: Բարև, Գագիկ ջան: Բարև Ձեզ, ո՞ւմ չեմ ճանաչում, բոլորիդ համբուրում եմ: Ներկա-բացակայի ժամանակ ասում էինք՝ Չոբանյան Սեյրան, Սարդարյան Ջեյրան, մինչև հիմա հիշում եմ:Մեզ համար այսօրվա օրը մեծ անակնկալ ու հաճելի անակնկալ է, հուսով ենք, որ տարիներ անց, դրական լիցքերով նորից կհավաքվենք արդեն 60-ամյա հոբելյանին, 70 ամյա հոբելյանին»:

50 տարի առաջ՝ 1972-ին, 10-ի Ա-ն հրաժեշտ տվեց Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 դպրոցին: Հիմա նորից դպրոցական զանգը բոլորին ներս է կանչում: Իրար հերթ չտալով դասարան են շտապում, մեկական վարդ՝ դասընկերուհիներին, զանգեր՝ հագուստին ու անվերջանալի հուշեր։ Զգացողություններս այնքան շատ են՝ չգիտեմ՝ որից սկսեմ. Արարատ Ամիրաղյանն է՝ 50 տարի անց հավաքել է դասարանի մեծ մասին։

«Ապշած եմ, կազմակերպեցինք, բայց էս աստիճանի չէի պատկերացնում: Հպարտանում եմ մեր դասարանով: 17 հոգի 25-ից՝ բավական լուրջ թիվ է»:

Կենսաբանության ժամ է: Դասարանում՝ ընկեր Դավթյանը: Սեղանին՝ վարդեր: Դասարանի ավագ Գագիկ Խառատյանը ներկա-բացակա է անում. նոսրացել են շարքերը՝ 25 աշակերտից 17 ներկա: Բայց բացակա ոչ ոք չի ստանում։ Ոնց որ երեկ լիներ՝ հիշում է Կարինե Թումանյանը: Մեր ժամանակվա դպրոցն ուրիշ էր՝ ասում է, հիմա այդպես չէ։

«Մերն ուրիշ էր, առաջվա անկեղծությունը, մաքրությունը: Առաջվա ուսուցումը ես հիմա չեմ տեսնում: Շատ հուշեր ունեմ դպրոցի հետ: Իմ դասընկերը, էնքան մտերիմ էինք, եղբոր պես, 8:15-ին բակում կանգնած ինձ էր սպասում, հասնում էի իրան, պայուսակներս դնում էինք գետնին, հիմնականում ձմռանը, նստում էինք, իրար ձեռք բռնում ու մինչև դպրոց սահելով իջնում»:

Ժպիտները չեն ծերացել։ Իրար հերթ չտալով՝ աշակերտական  օրերի կարոտներն են ամփոփում։ Բոլորի հուշերում ընկեր Դավթյանը նույն գեղեցկուհին է՝ միշտ կոկիկ ու զուսպ: 40 տարվա ու հազարավոր աշակերտների ուսուցչուհին սիրելի 10-ի Ա-ում է՝ ավելի հուզված, քան երբևէ։ Երբ նոր էր դպրոցում, չէր ստացվում դասարանը հավաք պահել՝ աղմկում էին: Քիչ-քիչ սկսեց լեզու գտնել՝ սիրելով երեխաներին. դա է իսկական մանկավարժությունը: Երբեք ձեռք չեմ բարձրացրել, դա թուլության նշան է՝ ասում է Գրետա Դավթյանը:

«Հասա էն աստիճանի, որ արդեն մտնում էի ներս, մատյանը դնում ցած, քար լռություն էր: Էնքան էի սիրում երեխաներին, շոյում էի չարերին, ոչ մեկը չէր խանգարում: Մանկավարժը պիտի կարողանա մոտեցում ունենալ աշակերտների հետ, վերաբերմունք ունենա: Ոնց ես քո երեխաներին սիրում, ամենակարևորը սերն է»։

Բոլորն իրենց նստարանին են, ինչպես առաջ: Չարաճճի Հայկազն արդեն պապիկ է, ՌԴ-ում է ապրում: Իմացել է դասարանցիների հավաքի մասին ու շտապել դպրոց:

«Սպորտսմեն եմ եղել, ՀՀ չեմպիոն թեթև ատլետիկայից ու միշտ շարժման մեջ եմ եղել, դրա համար էին ասում չարաճճի: Որ սպորտզալ էինք մտնում, ես 2 լոք էի անում, վերջի աղջկան բռնում թևիս տակ էի դնում ու տենց վազում: Լավ չեմ սովորել, վատ էլ չեմ սովորել: Մաթեմաթիկայի դասատուն ինձ կամ 4 էր նշանակում կամ 1, որովհետև տնայինս չէի անում, բայց որ գալիս էի գրատախտակի մոտ, նույնը կրկնում էի, հիշողությունս ուժեղ էր»:

Մեզ լավագույններն էին դասավանդում՝ ուսուցիչներին է թվարկում 67-ամյա Սեյրան Չոբանյանը: Դպրոցը մոգական ուժ ուներ։

«Հպարտեմ, որ ինձ դասավանդել են մեր ժամանակի լավագույն ուսուցիչները, որովհետև ինչը իմ մեջ կա, իրենց եմ պարտական: Էն ժամանակվա դպրոցը մարդուն ոչ միայն կրթում էր, մարդուն մարդ էր դարձնում: Հենց այդ մարդկային հարաբերությունների արդյունքն է, որ մենք այսօր կարողացել ենք դասարանի 50 %-ից ավելին հավաքվել»:

Հատուկ ակնածանքով են խոսում ուսուցիչների մասին: ԲՈւՀ-ում չեմ սովորել, բայց կյանքի բարձրագույնն եմ ավարտել՝ ասում է 7 թոռան ու 1 ծոռան տատիկ Անահիտ Մխիթարյանը: Դասարանում վատ մարդ չկա, բոլորին յուրովի եմ սիրում՝ ասում է։

«Քառյան Շողիկին 50 տարի չէի տեսել, գտել էր համարս, զանգեց: Չեք պատկերացնի՝ էդ օրն ինչքան ուրախ եմ եղել, երևի կյանքիս ամենաերջանիկ օրն էր: Ունեցել ենք դասարանում մի կորիզ, որ շատ մտերիմ ենք եղել: Զրուցում էի դասընկերուհուս հետ, ում երկար տարիներ չէի տեսել, ասեց Անահիտ դպրոցական տարիները իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն են եղել ու ես իր հետ համամիտ եմ:

Օտար ափերից դասարանցիներին է միանում Գոհար Խառատյանը, ծանոթ դիմագծեր է որոնում. կյանքը շատերին է փոխել: Սև-սպիտակ նկար է բացել Կարինե Մինասյանը. սիրելի մանկավարժներն են: Թանկ հուշ է: Խոստանում բոլորին ուղարկել: Տատիկ-պապիկ  շրջանավարտները շամպայնի բաժակ են բարձրացնում՝ առողջության մաղթանք-կենացներով: Նոր հանդիպումն էլ է կենացի թեմա, որ կայանա ու առանց բացակաների։

Back to top button