ԿարևորՀասարակություն

Մահացել է Սեյրան Սարոյանը

Մահացել է նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը:

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում: 1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 1996թ.` Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիական դասընթացները, 2001թ.` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 2006թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ, պաշտպանել Հայաստանի սահմանամերձ շրջանները, մարտնչել Արցախի ազատագրության համար: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը եւ օպերատիվ խումբը մարտնչել են Քելբաջարի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրման ճակատամարտերում:

1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար: 2000թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Արիության մեդալ» (1994թ.), «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի (1996թ.) եւ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի (2006թ.) մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից` «Մարշալ Բաղրամյան» (1997թ.), «Դրաստամատ Կանայան» (2002թ.), «Անբասիր ծառայության համար» առաջին եւ երկրորդ աստիճանի (2003թ., 2004թ.) մեդալներով: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից:

Ամուսնացած էր, ուներ չորս երեխա:

Back to top button