ԿարևորՏնտեսական

Քննարկվել են «Fly Arna»-ի թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Fly Arna» ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին և ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Կարինե Անդրեասյանին։ 

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Գնել Սանոսյանը ողջունել է Հայաստանի ազգային ավիափոխադրողի մեկնարկը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ժամանակ Էնթոնի Փրայսը նախարարին է ներկայացրել ընկերության շուկա մուտք գործելու առաջին քայլերը, գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ընկերության հետագա զարգացման ուղղված քայլերի հաջորդականությունը։ «Fly Arna» ընկերության գործադիր տնօրենը նախարարին տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսում են ևս 2 Airbus A320 մոդելի ինքնաթիռ ներգրավել ավիաընկերության գործունեության համար։ 

Նախարարին է ներկայացվել նաև այս տարվա սեպտեմբեր ամսից ՌԴ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Նախարար Սանոսյանն առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել ուղևորների սպասարկման որակին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել նաև ՀՀ ավիաընկերությունների՝ եվրոպական ուղղությամբ թռիչքների իրականացման սահմանափակումների վերացման հարցում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Back to top button