ԿարևորՀասարակություն

Պոչանքը վտանգավոր թափո՞ն, թե՞ պոտենցիալ հարստություն․ պոչամբարներից մետաղ արդյունահանելու տարբերակները

Հայաստանում մի շարք պոչամբարներ գետերի ափամերձ հատվածներում են, երբեմն՝ վտանգավորության աստիճանի մոտ։ Խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է, բայց նույնիսկ բնապահպանական համայնքը չունի այն լուծելու համապարփակ ու գործուն առաջարկ։ Այնինչ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պոչամբարներում առկա են մեծ քանակությամբ կիրառելի մետաղներ։ Երկրաբան Շահեն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերությունն առավելագույնը 85 տոկոսանոց արդյունք է գրանցում, օգտակար հանածոների 15 տոկոսը գնում է պոչամբարներ։ Այնինչ հնարավոր է կիրառել դուրս բերված մետաղների մոտ 98 տոկոսը։

Պոչամբարներին պետք է խնամքով վերաբերվել ոչ միայն բնապահպանական, այլև դրանցում առկա օգտակար մետաղները չկորցնելու նպատակով՝  երկրաբան Շահեն Խաչատրյանի համոզմունքն է։ Հանքերի արդյունահանումից առաջացող պոչամբարները համարվում են թույնի լճեր, դրանց մասով բնապահպանական լրջագույն խնդիրներ են բարձրաձայնվում։ Դրանցում կուտակվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններ։ Սակայն, մասնագետի խոսքով, սրանք նաև վայր են, ուր ամբարվում են շատ արժեքավոր մետաղներ՝ հասանելի, բայց չօգտագործվող․

«Պոչամբարներից շատերը հետագայում կարող են դառնալ օգտակար հանածոների տեխնածին հանքավայրեր։ Չէ՞ որ նրանց մեջ կան բազմաթիվ մետաղներ, որոնք կամ չեն կորզվել, կամ թերի են կորզվել։ Մինչև վերջերս կորզվող օգտակար հանածոյի քանակը 85 տոկոսից ավել չի եղել։ Այսինքն՝ մնացած 15 տոկոս մետաղները գնացել են պոչ, ու պոչերում մենք ունենք բազմաթիվ տարրեր, որոնք չեն կորզվել»։

Երկրաբանը մասնագիտական որոշ գնահատումներ է ներկայացնում․օրինակ՝ Շահումյանի հանքավայրից կորզվում է 5 մետաղ՝ ոսկի, արծաթ, կապար, ցինկ և պղինձ, Քաջարանից՝ պղինձ ու մոլիբդեն։ Բայց այստեղ Մենդելեևի աղյուսակի գրեթե բոլոր տարրերն են առկա՝ ասում է։ Եվ մենք մեր հարստությունը դարձնում ենք թափոն։ Պատմում է՝ աշխարհում վաղուց պոչամբարները որպես ռեսուրս են դիտարկվում, սակայն դա մեծ ծախսերի հետ է կապված։

«Շատ վաղուց Հայաստում պոչերի սիլիկատային մասից ինչ-որ արտադրանք ստեղծելու փորձարկումներ են արված։ Քարի սիլիկատի ինստիտուտ է եղել, և այդ ինստիտուտում բազմաթիվ փորձեր են արվել դեռ 50 տարի առաջ, և կան, գրված են բոլոր սխեմաները, տեխնոլոգիաները դարակներում հերթով դրված են։ Բայց դա կյանքի չի կոչվել, դրա համար պահանջվել է գումար, որը ոչ պետությունը կարող է ներդնել, ոչ էլ այդ ամեն ինչը ստեղծած գիտնականները»։

Քիմիական գիտությունների թեկնածու, բնապահպան, Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը պոչամբարների հարցը բնապահպանական կողմից է դիտարկում, մահացու վնասակար է համարում․

«Ամենավտանգավոր ծանր մետաղները, որոնք բուսական աշխարհի վրա շատ ծանր հետևանք են թողնում, մինչև 70 տոկոս հողի բերրիությունն են նվազեցնում, իսկ կենդանական աշխարհի համար առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սկսած չբերությունից, մեռելածնությունից՝ մինչև քաղցկեղ, աղեստամոքսային հիվանդություններ և այլն։ Հայաստանում պոչամբարները հիմնականում տեղադրված են գետերի կիրճերում, նույնիսկ գետերի հուներում։ Մեր պոչամբարներից ամենահզորը, որը իմ հաշվարկներով (կարող է ես սխալվեմ), հավանաբար 1 միլիարդին մոտեցող տոննա պոչանք կա, Արծվանիկի պոչամբարն է, որը խոշորագույն, մահաբեր սպառնալիք է մեր տարածաշրջանի համար»։

Երկրաբան Շահեն Խաչատրյանը կարծում է, որ պոչամբարների ամփոփած մետաղները մշակելով հնարավոր կլինի նախ ազատել այն տարածքները, որտեղ այժմ դրանք կուտակված են և նպատակային օգտագործել դրանք, այլև արդյունաբերական նպատակներով կիրառել պոչամբարներում առկա  թափոն դիտարկվողմետաղները։ Բնապահպանն այս գաղափարը դրական է գնահատում, սակայն կարծում է, որ տարածքների հարցում մեծ առաջընթաց չենք ունենալու․

«Դա շատ ցանկալի է ու որոշ տեղերում գուցե արվում է, բայց այնքան խորը պիտի կորզում կատարեն, որ վտանգավոր տարրեր չլինեն, ու եղած փոշիացածն օգտագործեն շինարարության մեջ, բայց դա Հայաստանում հնարավոր չէ։ Հենց քիմիկոսները, որոնք անալիտիկ ուսումնասիրություններ են արել, տեսել են, որ բոլոր կարգի օգտակար տարրերը կան, կարելի է հանել, բաց դա չի նվազեցնում պոչանքների ծավալը, դա կարող է ընդամենը 1 -2 տոկոսով նվազեցնել, իսկ դա էդքան էլ հեշտ գործ չի»։

Բայց բնապահպանը պոչամբարների ահագնացող խնդրի նվազեցման, վնասները նվազեցնելու այլ տարբերակ էլ չունի։ Ասում է՝ ամենապարզ ձևը հատակը մեկուսացնելը, իսկ մակերեսը մեկ մետր հաստությամբ հողի շերտով պատելն է։ Սակայն դա ևս չի արվում։ Իր հերթին երկրաբան Շահեն Խաչատրյանը իր աշխատասենյակում ցուցադրում է պոչամբարի մետաղներից ստացած ձուլվածքը և ընդգծում՝ պետք է ատոմային, նանոմակարդակով մինչև վերջ տնօրինել հասանելի ռեսուրսը, քանի որ նույնիսկ հարուստ երկրների համար ռեսուրսը թափոնի, այն էլ՝ բնությանը վնասող թափոնի վերածելը մեծ ու չարդարացված շռայլություն է։

Back to top button