Վերնատուն

Գրադարանաշինության ծրագիրը պետք է սկսել մարզերից․ «Վերնատուն»

Ինչպե՞ս վերաիմաստավորել գրադարանների դերը, ի՞նչ նոր տեսլականներ, մոտեցումներ, առաջարկներ կան, որոնք կարելի է կյանքի կոչել։ Գրադարանային մշակույթի արդիականացման խնդիրների մասին է խոսում գրադարանավար Ներսես Հայրապետյանը։

Գրադարանավարն ասում է, որ այսօր նոր գրադարանների կարիք կա, քանի որ ժամանակներն առաջ են գնում, հասարակական պահանջները՝ փոխվում։ Մեր երկրին այսօր նոր տիպի գրադարաններ են պետք, և այստեղ կարևոր դերակատարում ունի տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհը, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից գրադարանը։

«Ինչպիսի՞ գրադարան կկառուցեի, եթե ես գումար ունենայի։ Իհարկե, ավանդական գրադարն չէի կառուցի, այսօրվա գրադարանը պետք է համայնքային կենտրոն լինի, և Հայաստանում գրադարանաշինության ծրագիրը պետք է սկսել իրագործել մարզերից», — ասում է Ներսես Հայրապետյանը։

«Գրադարանն իր ճարտարապետությունը պիտի ունենա, իր միջավայրն առաջարկի, քառակուսի սենյակներից պետք է դուրս գալ, որովհետև ընթերցողը նաև գրադարան է գալիս գիրք քննարկելու համար, այդ տեսակ բազմաֆունկցիոնալ միջավայր մեր գրադարանները չեն առաջարկում․ մեկը գալիս է ֆիլմ նայելու, մյուսը՝ եռաչափ տպագրության գաղտնիքներին տիրապետելու, մյուսը, օրինակ, տանը կարի մեքենա չունի և գալիս է կարի մեքենայից օգտվելու, այդպիսին են աշխարհի գրադարանները», – ասում է Ներսես Հայրապետյանը։

Գրադարանավարն առաջարկում է դրամահավաք կազմակերպել և սկսել մարզկենտրոններում գրադարաններ կառուցել։ Ասում է՝ գրադարանները պետք է ազատվեն զուտ անցյալի եղածը պահպանելու գործառույթից։

«Եթե գրադարանը չի գործում, ես ցավ չեմ ապրի, որ այն փակվում է, ավելի շատ ցավ եմ ապրում, որ ընթերցողը կամ բնակիչը զրկվում է գրադարանային սպասարկման իր իրավունքից։ 10 վատ գրադարանի փոխարեն ավելի լավ է մեկ շրջիկ՝ անիվների վրա գրադարան, որը այսօրվա գրականությունը կկարողանար հասցնել ընթերցողին. ես դրան ավելի լավ կվերաբերվեի»։

Ներսես Հայրապետյանը կարևորում է, որ գրադարանների աջակցության պետական ծրագիր ընդունվի, ասում է՝ առանց այդ մեծ աջակցության գրադարանները չեն կարող ոտքի կանգնել, իսկ իրենք՝ գրադարանավարները, պիտի վերաձևակերպեն, թե ինչ է գրադարանը, գիրք սպասարկելու գործառույթից դուրս։ Գրադարանային հանրույթը նախևառաջ պետք է ձևակերպի, թե ինչպես են պատկերացնում գրադարանային վերափոխումները։

«Ես շատ մոտ եմ իմ ձևակերպմանը և պատրաստ եմ այդ հարցը հանրային քննարկման դնել։ Մենք պետք է սկսենք մարզային գրադարանների համար նոր շենքեր կառուցելով․ Տավուշ, Գեղարքունիք Սյունիք», – ասում է Ներսես Հայրապետյանը։

Back to top button