ԿարևորՔաղաքական

Բարձրաստիճան հանդիպումներին ընդառաջ․ Հայաստանում հարցականի տակ են դնում նոյեմբերի 9-ի փաստաթղթի օրինականությունը

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան և Հայաստան-Թուրքիա նոր առանձին հանդիպումներ են նախապատրաստվում։ Նախանշվում են օգոստոսը և սեպտեմբերը։ Դրանցից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հատուկ բանագնացների միջեւ հանդիպո֏մը Հայաստանն առայժմ չի հաստատում։ Մինչդեռ սպասվող շփումների առնչությամբ տարբեր աղբյուրներ արդեն կանխատեսումներ ու «բացահայտումներ» են ներկայացնում։ Այս փուլում քաղաքագիտական հանրությունը խոսում է նաև վտանգների մասին և դրանց հակազդելու հնարավորությունների՝ մատնացույց են անում խաղաղասիրության «ականները»՝ սադրանքները՝ փաթեթավորված որպես հնարավոր բարիդրացիություն։

Առաջիկայում հանդիպումներ են նախապատրաստվում եռակողմ և երկկողմ ձևաչափերով։ Եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպման ուղղությամբ աշխատում է Մոսկվան՝ հաստատել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

Նախատեսվում է մինչև օգոստոսի վերջ եռակողմ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով՝ այլ մանրամասներ չհայտնելով նշել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում։ Դեռ այն ժամանակ հայտարարվել էր, որ այդ ձևաչափով կրկին կհանդիպեն հուլիսին կամ օգոստոսին։ Նման հանդիպումների օրակարգերում դեռ «կարմիր գծով» անցնում է 2020-ի և 2021-ի եռակողմ 3 հայտարարությունների կատարման ընթացքը։

Հայ վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանի պաշտոնատար անձինք իրենց ագրեսոր հռետորաբանությամբ դրական ազդակների փոխարեն ավելի շատ կասկածամտության նոտաներ են փոխանցում հայկական քաղաքագիտական հանրությանը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի զանազան հայտարարություններին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը խախտել է, մասնավորապես, հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել 8-րդ կետը, որով  պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Ու չնայած այս ամենին՝ Ադրբեջանի պահանջները հայկական կողմին օր օրի ավելանում են։ Այժմ Ադրբեջանի առաջնային պահանջը Արցախի ՊԲ-ի լուծարումն է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության միևնույն դրույթը տարբեր կերպ են մեկնաբանում քաղաքագետներ Գևորգ Մելիքյանը և Արմեն Վարդանյանը։ Վերջինը պնդում է, որ միջազգային հանրության կողմից Արցախի դեմիլիտարիզացիայի պահանջ չի հնչել։

Արմեն Վարդանյան. «Իրենք հասկանում են, որ Արցախի ժողովուրդը կարող է կանգնել գոյաբանական, ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև, եթե չունենա պաշտպանական կարողություններ։ Միջազգային հանրության կողմից որևէ ճնշում այդ մասով ոչ հրապարակային, ոչ էլ այլ կերպ Հայաստանի վրա չի եղել»։

Գևորգ Մելիքյան . «Ցանկացած միջազգային հարաբերությունների մասնագետ, գումարած եվրոպական բոլոր, նաև ամերիկյան գործընկերները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միանշանակ կարդում են՝ հայկական ԶՈՒ դուրսբերում։ Նշանակում է՝ ցանկացած հայ, որը զենք է կրում։ Հայաստան բառ չկա գրված։ Ընդ որում՝ ես չեմ ասում՝ այդպես եմ ես տեսնում։ Միջազգային ցանկացած գործընկեր ձեզ այդպես է մեկնաբանելու։ Հայկական զինված ուժերը չի նշանակում միայն Հայաստանի զինված ուժեր։ Հետևաբար՝ նոյեմբերի 9-ով դրված է նաև Արցախի դեմիլիտարիզացիան ամբողջովին»։

Որոշ դեպքերում Ռուսաստանի միջնորդական շտապողականությունը հայկական վերլուծական դաշտում կապում են Ուկրաինայի իրադարձությունների հետ՝ այս ուղղությամբ հնարավոր լուծումներն արագացնելու համատեքստում։ Իսկ քանի դեռ լուծումները հայանպաստ չեն, մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ առաջարկում են ուշադրություն դարձնել նոյեմբերի 9-ի հայտարարության օրինականության վրա։ Այդ հարցը կարևորում են պատմաբան Հայկ Փայտյանն ու քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Հայկ Փայտյան . «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ադրբեջանը ինչպես ուզում է, այնպես էլ իր շահերից ելնելով թելադրում է։ Հիմա Աղավնոն է այդպես թելադրում, վաղը հնարավոր է այդպես մեկնաբանի նաև Տավուշի «անկլավների» հարցը։ Այս ամեն ինչի հիմքում ընկած է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և դրան հաջորդած մյուս հայտարարությունները։ Սա է ամբողջը։ Պետք է չեղյալ հայտարարվի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»։

Լևոն Շիրինյան. «Նոյեմբերի 9-ի համաձայնությունն անօրինական է, որովհետև դա ուժի սպառնալիքի տակ է տեղի ունեցել։ Այսինքն՝ այստեղ միջազգային իրավունքի առումով շատ խախուտ է»։

Իր ագրեսիվ հավակնություններում Ադրբեջանը միայնակ չէ։ Այդ երկրի արտգործնախարարը հրապարակավ հաստատել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը համաձայնեցվում են Ադրբեջանի հետ։ Տեղյակ է, որ դա անհանգստություն է առաջացնում Հայաստանում, բայց վստահեցրել է, թե անկեղծ են։

Առաջիկայում հնարավոր երկկողմ բարձրաստիճան մյուս հանդիպումը Հայաստան-Թուրքիա ձեւաչափով է։ Կարգավորման նպատակով  նոր հանդիպումը հնարավոր է՝ կայանա սեպտեմբերին Կարսում։ Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման  պայմանավորվածություն դեռ չկա, բայց ռուսական եւ թուրքական մամուլն արդեն ներկայացնում են նաև մասնակիցների ենթադրյալ ցուցակը՝ արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման արդյունքում տեխնիկական հարցեր կսկսեն մշակել՝ գրում են։
Ըստ աղբյուրի` Թուրքիայի ներկայացուցիչներն արդեն ստուգում են արել Հայաստանի հետ սահմանակից շրջաններում, մասնավորապես, Իգդիրի նահանգում 2 երկրները միացնող Ալիջան կամրջի և դրա մոտ տանող մայրուղու վերանորոգման հարցով: Զննել են Անիի ավերակները։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ ընթացքի մեջ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման 4-րդ փուլը։ Նախորդ փորձերը Հայաստանի բոլոր նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ էին։ Երեքն էլ՝ անարդյունք։  

«Երկրորդ և երրորդ փուլերն ընթացել են ԱՄՆ-ի միջնորդական գործունեության պայմաններում։ Այս 4-րդ փուլի սկզբին հայկական կողմը պաշտոնապես դիմեց Ռուսաստանին, որ ստանձնի միջնորդական առաքելություն, բայց թուրքական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի միջնորդ չպետք է լինի բանակցային գործընթացում։ Տեղի են ունենում բանակցություններ՝ առանց որևէ միջնորդի Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երկրորդ՝ հենց սկզբից Թուրքիան հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Հայաստանի հետ առանց նախապայմանների։ Նման բան չէր եղել, բայց մենք գործ ունենք թուրքական դիվանագիտության հետ և հիմա կարող ենք ամենայն հստակությամբ պնդել, որ Թուրքիան համընթաց նախապայմաններ է առաջ քաշում»։

Հրապարակումներ կան նաև, որ Թուրքիան ականազերծում է Հայաստանի հետ սահմանը՝ մեկնաբանելով, թե Անկարան պատրաստվում է բացել սահմանը։

Բանակցություններում առաջնահերթ են համարվում վստահության ամրապնդման  «բարդ» հարցերը, բայց Հայոց ցեղասպանությունը չի ներառվում։ Թուրքիան այժմ առաջ է մղում իր նոր ցանկությունը՝ Հայաստանի հետ բանակցել առանց միջնորդի՝ իրենց իսկ մայրաքաղաքներում։ Իսկ հայ քաղաքագիտական շրջանակներում մատնացույց են անում խաղաղասիրության «ականները»՝ սադրանքները՝ փաթեթավորված որպես հնարավոր բարիդրացիություն։

Back to top button