ԿարևորՀասարակություն

Ֆորսմաժորում շահագործված ճանապարհների ստեղծած ֆորսմաժորները․ Սյունիքի նոր ուղիների խնդիրները՝ օրակարգում

Սյունիքի մարզում կառուցվող ճանապարհների մի մասը պատրաստ կլինի տարեվերջին։ Դրանցից ամենաարագը կառուցված ու ամենաշատը քննարկվածը Տաթև-Աղվանի ռազմավարական ճանապարհն է, որն այժմ էլ խնդիրներ ունի։ Դրանք կառավարության օրակարգում են։

Այս հատվածի շինարարությունն իրականացնող «Ոսմար» ընկերությունից «Ռադիոլուր»-ին փոխանցել են՝ 17 կմ երկարությամբ ճանապարհը չի լայնացվում, ստանդարտ լայնությունը մոտ 7 մետր է, ընթացիկ աշխատանքները կավարտեն առաջիկա երկու ամսում։ Բայց գործադիրում մտահոգ են ոչ միայն ճանապարհների խնդիրներով, այլեւ շինաաշխատանքների ընթացքով․ դրանք հաճախ ժամկետից շեղվում են։ Այս տարի պատժելու են անորակ գործ արած ու ժամկետում չտեղավորված ընկերություններին։

Ռազմավարական նշանակության նոր ճանապարհներ Սյունիքի մարզում․ դրանք սկսեցին կառուցվել անցյալ տարվանից։ Ֆորսմաժորային իրավիճակում կառուցված ու շահագործված Տաթև-Աղվանի ճանապարհն իր հերթին երթեւեկի ֆորսմաժոր է առաջացնում՝ որոշ հատվածներում շատ նեղ է, ճանապարհի նստելու հետեւանքով ասֆալտը խոշոր ճաքեր ունի, որոշ հատվածներ խիստ անբարեկարգ են։ Որպես միջպետական ճանապարհ գործող խիստ ոլորապտույտ այս ուղու համար սրանք լուրջ խնդիրներ են։ Վարչապետ Փաշինյանն այս առումով արձանագրում է․

«Տաթև-Աղվանի ճանապարհը նախորդ տարվա վերջին մի փոքր ֆորս-մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Ի սկզբանե այն նախատեսվում էր որպես միջհամայնքային ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց հետագայում մենք տեսանք այս տարի, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի։ Փոսեր էին գոյացել և այլն, և այդպես շարունակ»։

ՏԿԵ նախարարը զեկուցում է՝ ներկայում 500 մետրից էլ պակաս հատված է մնացել անբարեկարգ, և օրերս այդ հատվածում այլևս փոսեր չեն լինի, այն ամբողջովին ասֆալտածածկ կլինի: Սկսվել է երրորդ շերտի տեղադրումը՝ 5.8 կմ արդեն տեղադրվել է:

«Քանի որ բավականին շատ էին խնդիրները, եթե որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, շինարարները դրանք հընթացս կշտկեն, և ասֆալտի վերջին շերտը կտեղադրենք»։

Այս հատվածի շինարարությունն իրականացնող «Ոսմար » ընկերությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ 17 կմ երկարությամբ Տաթև-Աղվանի ճանապարհի լայնությունը 6․6 մետր է, աշխատանքները կավարտեն առաջիկա երկու ամսում։ Սյունիքի ճանապարհի այս հատվածով են անցնում նաեւ իրանական բեռնատարները, որպես կանոն, մեծ բեռով։ Ճանապարհի հիմքը թույլ էր, շինարարաներն ամրացնում էին, ինժեներական ընթացիկ լուծումներ էին տալիս։ Շտկումներից հետո այդ ճանապարհը կկարողանա՞ նաև բեռնատարների սպասարկել․ Սանոսյանը վարչապետին պարզաբանում է՝ գործնականում՝ այո, որոշ տեղերում խնդիրների ռիսկ կա, բայց եթե բեռնատարների կշեռքները նորմալ կիրառվեն, ճանապարհը կարդարացնի իրեն, քանի որ այն շարքից դուրս էր եկել գերծանրաբեռնված մեքենաների երթևեկությունից։

«Բայց կարող են լինել որոշ տեղեր, որտեղ խնդիրներ կծագեն, որովհետև եղան դեպքեր, երբ չկար խնդիր, բայց հարևան հատվածը քանդում, փոխում էին, մեկ այլ տեղ ինչ-որ խնդիր էր բացվում։ Այդպես փոխել են։ Այսինքն, արդեն հավանականությունը քիչ է։ Ենթադրում ենք՝ երրորդ ասֆալտի երրորդ շերտի տեղադրումը այդ հարցը կկարգավորի»։

Սյունիքում ընթացքի մեջ է նաեւ Տաթևի ոլորանները և Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Լծեն-Նորավան ուղղությամբ, որն արդեն կմիանա մայրուղուն: Այստեղ նոր շերտ է տեղադրվելու՝ բեռնատարներին ծառայելու համար: Նախատեսվում է այն շահագործման հանձնել նոյեմբերին, բայց տեմպի հետ կապված որոշ մտավախություններ կան:  Շինարարական աշխատանքներից նախարարությունում դժգոհ են․ նախարարն է արձանագրում․

«Շամբ-Լծեն հատվածի 6 կմ երկարությունը սարքելու համար արդեն հաղթող կազմակերպություն ունենք։ Բայց աշխատանքների տեմպի հետ կապված դժգոհություններ ունենք։ Ունենք նաև Լծեն-Տաթև հատվածում երկու շինարարական ընկերություն, որոնցից մեկը հավանաբար սեպտեմբերին իր 10 կմ աշխատանքները կավարտի՝ երկու շերտ ասֆալտապատմամբ։ Շինարարը մտադրված է, որ երրորդ շերտն էլ անի։ Մենք իրենցիցի մինչև նոյեմբեր երկու շերտն ենք ուզում, եթե ավելին անեն՝ ավելի լավ։ Մյուս շինարարը դանդաղում էր, բայց վերջին 20 օրերին տեմպը լավացել է։ Գլխավոր պրոբլեմն այստեղ Լծենից Շամբ հատվածն է»։

Գործադիրում ճանապարհների շահագործման ժամկետերով էլ են մտահոգ։ Շինարարական պետգնումների խնդիրները շատ են։ Ընկերությունները, վարչապետի բնութագրմամբ, ինքնամոռաց մասնակցում են մրցույթներին, բայց ժամկետի մեջ չեն տեղավորվում։ ՏԿԵ նախարարը շեշտում է՝ ժամկետ/որակ հարցում հետայսու ավելի խիստ են լինելու․ նախորդ տարի 33 միլիարդի հիմնանորոգումներից շինարարները 21 միլիարդի աշխատանք են արել ընդամենը։ Այս տարի արդեն 60 միլիարդ դրամ է հատկացվել։

«Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն ու ասել, որ այն երևույթը՝ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամռանը չաշխատեցիք, և ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու: Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան «սև ցուցակ» և այլն: Վերջապես, անբարեխիղճ շինարարները պետք է հասկանան, որ չեն կարող այդպես աշխատել: Իրականում կան նաև բավական լավ շինարարներ, թող տարբերություն լինի նրանց միջև»։

Ճանապարհները կառուցվում են, սակայն շատ արագ էլ վերանորոգման կարիք ունենում։ Խնդրի լուծումը ոչ միայն ճանապարհի վերանորոգումն է, այլև հեԱյս նպատակով ճանապարհներին կշեռքներ են տեղադրվում, եւս մեկը՝ Սիսիանի հատվածում է։ Կկշռվեն, բայց Երևան եկողները՝ տեղեկացնում է նախարարը։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հստակեցնում է․

«Մեկ հատվածի վրա է տեղադրված կշեռք, դեռ վերջնական կահավորման աշխատանքներն էլ ավարտված չեն։ Մի քանի օր է՝ գործարկել ենք։ Նախատեսում ենք նաև երկրորդ կշեռք»։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ օգոստոսի 4-10-ը 24 ժամյա ռեժիմով Սիսիանում կշռվել է 851 տրանսպորտային միջոց, արձանագրվել է 87 խախտում։ Մեկ արձանագրության դեպքում տուգանքը 200 հազար դրամ է։

Back to top button