ԿարևորՎերլուծական

Մեծամորի ատոմակայանը` ՀՀ անվտանգության գլխավոր «բարձիկ». ատոմակայանները պատերազմի թիրախ

Հայկական ատոմակայանը ոչ միայն մեր էներգետիկ անվտանգության կարևոր բաղկացուցիչն է, այլև ընդհանուր տարածաշրջանում զսպող գործոն է և Թուրքիայի, և Ադրբեջանի համար` ասում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը։ 

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշում է` այս պահին Հարավային Կովկասում գործում են հայկական Մեծամորի և իրանական Բուշերի ատոմակայանը, հաջորդ տարվանից կգործի նաև Թուրքիայի ատոմակայանը։

«Քանի որ հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը լավագույն սցենարի դեպքում լրանալու է 2036 թվականին, ուստի մեզ մնում է ոչ միայն ապահովել գործող ատոմակայանի անվտանգության խնդիրը, այլև մտածել նոր ատոմակայանի կառուցման մասին, ինչը հապաղում ենք»,- ասում է Արթուր Ավետիսյանը։       

Աճող հակամարտությունները, աշխարհի տարբեր թեժ կետերում ռազմական գործողություններն անվտանգային լուրջ սպառնալիք են միջուկային աղետների ռիսկերի առումով։ Քաղաքացիական բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտների, այդ թվում ատոմակայանների թիրախավորումը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ ոտնահարում է։ Սակայն երբեմն ռազմական գործողությունների ժամանակ  այս հարցը հակամարտող կողմերից մեկի` ագրեսորի համար դառնում է սակարկելի, եւ այդ օբյեկտները թիրախավորվում են` դառնալով խոցելի։

Թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ անգամ չէ, որ սպառնացել է հարվածել ՀՀ տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին։ Այդպես էր նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ատոմակայանների վնասման ու միջուկային նոր ռիսկեր են ծագել նաեւ ռուս-ուկրաինական բախումների հետեւանքով։

Միջազգային անվտանգությանն ուղղված այս սպառնալիքները զսպող միջազգային ի՞նչ գործուն մեխանիզմներ կան, ինչպե՞ս կանխել ատոմակայաններին ուղղված հնարավոր հարվածները։ Կա՞ն նման կարգավորումներ։

Հարցերի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանի հետ։

Back to top button