Գոյության ծածկագիր

Մարդուց շատ տարածված վիրուսն ու մարդուց շատ մարդ փրկած «սունկը»․ «Գոյության ծածկագիր» հավելված

Հիվանդածին բակտերիաներ ուսումնասիրող գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգը մի քիչ անփույթ էր։ Մի անգամ արձակուրդ գնալիս ամանը, որի մեջ բակտերիաներ էր աճեցնում, թողեց առանց մաքրելու։ Շաբաթներ անց վերադարձավ ու ամանի մեջ սնկեր, իսկ մեր աչքով՝ բորբոս նկատեց։ Սակայն ավելի հետաքրքիր էր այն, որ դրա կողքին բակտերիաները մահացել էին։ Ֆլեմինգը հասկացավ, որ սունկն ինչ-որ թույն է արձակում։ Այդ դեպքից 13 տարի անց՝ երկար ուսումնասիրություններից հետո, ստեղծվեց Պենիցիլին հակաբիոտիկը, որն աշխարհում ամենաշատ կյանքեր է փրկել։

19-րդ դարի վերջին գիտնականները բակտերիաները համարում էին բույսերի հիվանդության միակ պատճառը։ Սակայն նրանք նկատեցին, որ գոյություն ունի իրենց անծանոթ «ինֆեկցիոն ագենտ» ևս, որը կարողանում է անցնել բակտերիաները որսացող ֆիլտրի միջով, հետևաբար՝ ավելի փոքր է ու վտանգավոր։ 1930-ականներին, երբ օպտիկական մանրադիտակին փոխարինելու եկավ էլեկտրոնայինը, գիտնականները ճանաչեցին անծանոթ թշնամուն ու նրան վիրուս կոչեցին։

Այս թողարկմանը բացահայտելու ենք հարյուր հազարավոր կյանքեր փրկած Պենիցիլինը, մարդուց քանակապես միլիոնավոր անգամ ավելի շատ վիրուսերը և պարզելու ենք՝ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ վիրուսաբանները հաջողեն իրենց գործում։

«Եթե մենք մեր սառնարանում երկար ժամանակ թողնում ենք տարբեր մրգեր,  հատկապես ցիտրուսները՝ նարինջ, լիմոն, մանդարին, որոշ ժամանակ անց կարող ենք կանաչակապտավուն փառ նկատել։ Դրան ասում ենք բորբոս։ Դա գիտական անվանում չի, լայն հասկացություն է․բարբես է և Ասպերգիլը, որը սև բորբոսն է և սպիտակ բորբոսը։ Բայց այն կապտականաչավուն փառը, որ տեսնում ենք, ամենայն հավանականությամբ Պենիցիլն է»։

Կենսաբան Եվա Սողոյանը պատմում է՝ Պենիցիլը սնկերի ցեղ է՝ ավելի քան 300 տեսակով։ 1 գրամ հողում կարելի է դրա 50-ից ավելի տեսակների հանդիպել։ Այս սնկի հակաբակտերիալ նշանակության բացահայտումից հետո, 15-ամյա մի երեխա իր վրա զգաց այդ ժամանակ դեռ կախարդական թվացող երևույթ. հաշված օրերի կյանք ունեցող երեխան փրկվեց հենց հաշված օրերի ընթացքում. դեղը սպանել էր մահացու համարվող բակտերիաներին։ Այս հայտնագործությունն առաջին անգամ մասշտաբային կիրառում ունեցավ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։

Պենիցիլը հրաշք էր, հեղափոխություն էր բժշկության մեջ: Մարդիկ առաջ կարող էին ասեղի ծակոցից մահանալ։

«Հող էր, կեղտ էր, դե՝ պատերազմի դաշտ։ Վերքի մեջ հող էր ընկնում, հողի մեջ էլ բազմաթիվ սնկեր, բակտերիաներ կային։ Վարակ էր անցնում ու շատ դժվար էր լինում այն հաղթահարել։ Պենիցիլը ոնց որ հրաշք դեղ լիներ այդ տարիներին․ բոլոր հայտնի վարակների դեմ կարողանում էր պայքարել ու միլիոնավոր մարդկային կյանքեր փրկեց»։

Երբ Ֆլեմինգը արձակուրդից վերադառնալիս տարան ցույց էր տվել իր կոլեգաներին, նրանք քաղաքավարությունից ելնելով հետաքրքրվել էին դրա պարունակությամբ, սակայն լուրջ հետաքրքրություն չէին ցուցաբերել։ Նրան միացած և գտածի կախարդանքին հավատացած ևս 2 գիտնական միասին համառեցին, ուսումնասիրեցին, բացահայտեցին, իսկ 1945-ին Նոբելյան մրցանակի արժանացան պատմության ընթացքը բեկած հայտագործության համար։

«Մենք վիրուսների աշխարհում ենք ապրում, դրանք մոլորակում ավելի շատ են, քան մարդիկ։ Օրինակ՝ մեկ կաթիլ ջրի մեջ վիրուսային մասնիկների քանակը կարող է մի քանի միլիարդի հասնել։ Սա մի կաթիլի մասին է խոսքը։ Բայց, բնականաբար, դուք դրանք չեք տեսնում, որովհետև խոսքը նանոմետրային չափերի հասնող օրգանզիմների մասին է»։

Կենսաբան, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ղեկավարում է մի լաբորատորիա, որը վիրուսի ուսումնասիրությամբ ու դրան հակազդող դեղի ստեղծմամբ է զբաղվում։ Ասում է՝ դրանք ամենուր են. երբեմն՝ ամենաանմեղ, երբեմն՝ ամենամահացու օրգանիզմներն ապրում են մեր օրգանիզմում կամ հենց այս պահին ստեղծվում են՝ մեր օրգանիզմում հայտնվելու համար։ Իսկ դրանց ճանաչել է պետք։ Վիրուսաբանների մի խումբ զբաղվում է վիրուսների տեսակն ու կառուցվածքն ուսումնասիրելով, մեկ ուրիշը՝ բացահայտում կրկնօրինակ ստեղծելու գործընթացը։ Ինքը մեկ այլ՝ երրորդ խմբի ուսումնասիրողներից է, որոնք ճանաչելուց հետո փորձում են հակազդող միջոց ստեղծել․

Մենք վիրուսների աշխարհում ենք ապրում։ Մոլորակի վրա վիրուսներն ավելի շատ են, քան մարդիկ։

«Մենք փորձում ենք որոշակի վիրուսների դեմ նոր քիմիական միացություններ հայտնաբերել։ Վերցնում ենք քիմիական միացություններ, վարակված բջիջիներին, որոնք մենք ենք վարակել այդ վիրուսներով, տալիս ենք այդ քիմիական միացությունները և փորձում ենք հասկանալ, տեսնել՝ արդյո՞ք բջիջները ողջ են մնում։ Որովհետև, եթե քիմիական միացությունները ճնշում են վիրուսին, բջիջը չի կարողանում իր հերթին սպանել բջջին»։

Այժմ գրիպին միանգամից երկու ուղղությամբ հարվածող դեղամիջոց ստեղծելու վրա են աշխատում։ Ասում է՝ վիրուսներն էլ «ձեռնքերը ծալած չեն սպասում»։ Գիտնականների ու վիրուսների մեջ լուրջ պայքար է ընթանում, մեկն աշխատում է հզորանալու, մյուսը՝ ավելի հզոր հակազդող միջոց ստեղծելու ուղղությամբ։

«Վիրուսների հայտանբերման պահից սկսած տարբեր վիրուսաբաններ կամ կենսաբաններ երկար բանավիճում են՝ արդյո՞ք վիրուսներին կարելի է ընդհանրապես համարել կյանքի տեսակ, թե՞ ոչ։ Ամեն դեպքում կարելի է վիրուսներին համարել կենդանի օրգանիզմներ բջջի ներսում։ Որովհետև, երբ իրենք վարակում են բջիջիներին, ապա սկսում է հիմնական գործընթացը՝ վերարտադրումը։ Իսկ կյանքի գլխավոր բնութագրիչներից մեկը վերարտադրման ունակությունն է, երբ կարողանում ես վերարտադրել քո նմանին։ Բջջի ներսում այդպես է արդեն։ Բջջից դուրս իրենք կյանքի որևէ նշույլներ չունեն, որովհետև բջջից դուրս իրենք չեն էլ կարող գոյություն ունենալ»։

Մեր շուրջը կամ մեր ներսում կա կյանք ու կան երևույթներ, որոնք մենք չենք ճանաչում։ Կան նաև գիտնականներ, որոնք երբեմն պարզ անփութության, բայց նաև պարտադիր համառության ու հետաքրքրասիրության շնորհիվ բացահայտում են դրանք։ Այդ բացահայտումները գլխիվայր շրջում են կյանքը պայմանավորող ոլորտները, 180 աստիճանով փոխում մարդու իմացության սահմանները։

Այդպիսի բացահայտումներ արած կամ դրանք ճանաչող մի շարք աշխարհահռչակ գիտնականներ սեպտեմբերի 5-11-ը լինելու են Երևանում՝ Ստարմուս 6-րդ գիտական փառատոնի շրջանակում տիեզերական մասշտաբների գիտելիքներ փոխանցելու պատրաստակամությամբ։

Իսկ գիտության՝ մեր կյանքի անբաժանելի ու մեր կյանքը բեկող կարևորագույն մասնիկը լինելու մյուս ապացույցը կգտնենք արդեն հաջորդ շաբաթ։

Back to top button