Երաժշտական եռանկյունի

Հայկ Գուրգենյան՝ շեփորային դպրոցի շարունակող․ «Երաժշտական եռանկյունի»

Երևանի պետական կոնսերվատորիան նշում է հիմնադրման 100-ամյակը, և մեր մշակութային իրականությունը հագեցած է միջոցառումներով, որոնք նվիրված են այդ նշանակալից տարեդարձին:

Հրաշալի առիթ է վերհիշել կոնսերվատորիայի փառահեղ տարիները և հայկական երաժշտությանը համաշխարհային ճանաչում բերած իր շրջանավարտներին: Մեր այս հաղորդման բուն առիթը դարձավ Երևանի պետական կոնսերվատորիայի 100-ամյակին նվիրված մի առանձնահատուկ ալբոմ՝ երիտասարդ, խոստումնալից շեփորահար Հայկ Գուրգենյանի և անվանի դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր և ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանի համագործակցության արդյունքը:

Երկու սերունդների երաժիշտների խորհրդանշական համագործակցությունը ստեղծված է այն խաչմերուկի վրա, որտեղ բազմամյա բեմական և մանկավարժական փորձառությունը երաշխավորում և ուղղորդում է ստեղծագործական կյանքը սկսող երիտասարդ երաժշտին:

«Այդ կապի արդյունավետությունը մեր աշխատանքի գլխավոր գրավականն է, և ես չէի կարող մերժել Հայկին նվագակցելու առաջարկը՝ հասկանալով, որ տաղանդավոր երաժշտին պետք է ամեն կերպ աջակցել և օգնել՝ մուտք գործելու պրոֆեսիոնալ դասական արվեստի դաշտ»,- ասում է պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը:

Հայկ Գուգենյանը, ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիան, ուսումը շարունակում է Ցյուրիխում, բայց կապը, հատկապես հայկական դասական երաժշտության հետ, լավագույնս արտահայտեց շեփորային հայկական երաժշտության ալբոմի նախաձեռնությամբ, ձայնագրությամբ և հրատարակմամբ:

Բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից և դափնեկիր երաժիշտը լուրջ հայտ է ներկայացրել որպես շեփորահար՝ շարունակելով հայկական փողային դպրոցի լավագույն ավանդույթները և հանրահռչակելով հայկական դասական երաժշտությունը հայրենական և միջազգային բեմական հարթակներում:

Հաղորդման ընթացքում առաջին անգամ հանրային ռադիոյի եթերում հնչում են Հայկ Գուրգենյանի և Անահիտ Ներսիսյանի կատարումները՝ իրենց համատեղ ձայնասկավառակից:

Back to top button