ԿարևորՀասարակություն

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման կասկածանքով Իջևանի երկու բնակիչ է ձերբակալվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի 83-ամյա բնակիչ Գրիշա Քոքոբելյանի առևանգման կասկածանքով Իջևանի երկու բնակիչ է ձերբակալվել: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության կապի և լրատվության վարչությունից՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 27-ից անհետ կորած համարվող Գրիշա Քոքոբելյանին իրականում առևանգել են:

Նշվում է, որ անհայտ անձը կապ էր հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց  գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ էին արձակել։

«Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ.-ն և 25-ամյա Արմեն Ք.-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում», — հաղորդում է Ոստիկանությունը:

Ավելի վաղ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը ու ևս երկու հոգի: Քոքոբելյանի խոսքով՝ նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ միջոցառումներ էին սկսել նրան հայտնաբերելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button