ԿարևորՔաղաքական

Իրանը կրկին զգուշացնում է․ ինչո՞ւ են հարևանի նյարդերը լարվում, երբ լարվում են Հայաստանի սահմանները

Իրանից սահմանային հարցերով հերթական նախազգուշացումն է հնչել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կրկնել և պնդել է այն դիրքորոշումը, որը մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել էր նաև Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ հանդիպմանը։

Դիրքորոշումը այս կապ այն կերպ առնչվում է նաև հայ-իրանական սահմանին, «Զանգեզուրի միջանցք» կոչվածին և հայկական Սյունիքին։ Ի՞նչն է հուզում Իրանին և դրդում կրկնել այս մեսիջը, որ Իրանը կհակազդի սահմանները փոփոխելու ցանկացած փորձի։ «Ռադիոլուր»-ը փորձել է հասկանալ այդ երկրի դիրքորոշումը և մտավախությունների նրբերանգները։

Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում մի քանի գործոնով է պայմանավորում Իրանի զգուշավոր կեցվածքը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ։  

Փաշինյան-Ռայիսի հանդիպման հիմնական առանցքը նա համարում է հստակ ուղերձը թե՛ Հայաստանին, թե՛ տարածաշրջանի մյուս «խաղացողներին»։ Խոսքը Իրանի նախագահի ձևակերպման մասին է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության որևէ փոփոխության:

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ Ռայիսին նշել է․ «Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի»: Ըստ իրանցի պատգամավորի՝ սա մեսիջ է, որ իրենք զգոն են և զգույշ։ Սահման ասվածը, ըստ Բեգլարյանի, Իրանի համար միայն սահմանագիծը չէ։

«Միշտ շեշտել ենք, որ եթե Իրանի համար Իրան-Հայաստան սահմանը «կարմիր գիծ» է, դա չի կարող միայն սահմանագիծը լինել, նաև Սյունիքի անվտանգությունն է կարևոր։ Եթե Տերը մի արաստցե, թույլ տվեք այդպես ձևակերպեմ, ուրիշ պայմանավորվածություններ լինի երկրների միջև՝ հատկապես Հայաստան-Ադրբեջան, թե Սյունիքում ինչ տեղի կունենա, բնականաբար, Իրանը կփորձի անտարբեր չմնալ։ Բայց վերջապես Հայաստանն ունի իր անկախությունը, իր սուվերենությունը՝ անկախ ամեն ինչից, բնականաբար, այդ պարագայում Իրանի մոտեցումները հավանաբար հատկապես սկզբում կլինեն դիվանագիտական։ Ուրիշ ձևակերպում ես չեմ կարող կանխագուշակել, բայց Իրանի համար գերադասելի կլինի, որ նման բաներ չպատահեն։ Բայց ինչ վերաբերում է սահմանին, Իրանը չի հանդուրժելու, եթե սահմանը խաթարվի»։

Այն, ինչին Իրանի սահմանների հարևանությամբ ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան, «Զանգեզուրի միջանցք» կոչվածն է։ Մոտ 1.5 ամիս առաջ Թեհրանը Բաքվին փոխանցել էր՝ համաձայն է Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովել իր տարածքով։ Պատրաստ են նախկինում գործած 55 կիլոմետրանոց ճանապարհը լայնացնել, բարեկարգել և երթևեկելի դարձնել, միայն թե Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ասվածը չգործի։ Իրանի մտահոգությունները, ըստ մեջլիսի պատգամավորի, հիմնականում կապված են ճանապարհի վերահսկողության հետ։

«Իրանը փորձում է այդ հնարավորությունները ստեղծել, որպեսզի «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ հետաքրքրությունը պակասի։ Իրանի զգայությունը այս հարցի առնչությամբ մի քանի բանից է բխում։ Ի վերջո, Իրանը պատմականորեն զգույշ է, որ այդ սահմանն անխափան մնա և հավանական վտանգներն ու սպառնալիքները հեռու մնան։ Ի մասնավորի՝ եթե Սյունիքով պետք է նման միջանցք գոյություն ունենա և դա չհսկվի հայկական զինյալ ուժերով և Հայաստանի պաշտոնյաներով, այդ սպառնալիքը ի վերջո միշտ էլ մնում է հավանական, թե ինչպես կարելի է օգտագործել ճգնաժամային պայմանները, ասենք՝ Ադրբեջանը, Թուրքիան և անգամ Ռուսաստանը ինչպես կշահագործեն դա և ինչպես է հնարավոր այդ պատրվակներով խանգարել Իրանի հասանելիությանը դեպի Հայաստանի խորքը, դեպի Վրաստան, դեպի Սև ծով և այլն։ Անկախ Հայաստանի փոքրությունից՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն ինքնին շատ կարևոր է Իրանի համար»։

Վերջին շրջանում հայ-իրանական սահմանին մոտիկ 5-ով ավելացել են ռուսական սահմանապահ  հենակետերը։ Սա սահմանապահները բացատրել են զինյալների ներթափանցման և թմրանյութերի տարանցման փորձերի ավելացմամբ ու դրանց դեմ  պայքարի նպատակով։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Իրանին ևս մտահոգում է Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից և այլ վայրերից տարածաշրջան տեղափոխված վարձկանների թվի աճը։ Իրանցի պատգամավորը օգտագործում է անգամ «վխտում են» ձևակերպումը։ Բայց հենակետերի ավելացման առնչությամբ ռուս սահմանապահների հիմնավորումների հանդեպ Իրանում զգուշավոր են, չեն բացառում, որ այդ շարժը որոշակի կապ կարող է ունենալ ոչ թե սահմանապահ, այլ խաղաղապահ հետագա գործունեության հետ։  

«Մտահոգություն կա, թե ռուսական հենակետերի ավելացումը կամ նոր դասավորում ստեղծելը Իրանը չի կարող ընկալել միայն ռուսական կողմի հայտարարությամբ, թե թմրանյութերի կամ ահաբեկիչների անցուդարձով պայմանավորված։ Որքանով է Իրանը իրազեկ՝ ես տեղյակ չեմ, երեկ խոսեցի Երևանում Իրանի մեր դեսպանի հետ, ինքն էլ նույնն էր փոխանցում՝ փորձում  են հարցերը հստակեցնել։ Հասկացա, որ դիվանագիտական հարաբերությունները այդ ուղղությամբ աշխուժացել են թե դեպի Ռուսաստան, թե դեպի Հայաստան, որ Իրանի համար հստակեցվի սա ինչ նախադրյալներ ունի և ենթադրաբար ինչ պատճառահետևանքային գործընթաց տեղի ունենա»։

Այս ամենին զուգահեռ Երևանում նոր զարգացում է տեղի ունենում։ Տիգրան Խզմալյանի գլխավորած Եվրոպական կուսակցությունը  ստորագրահավաք է սկսել՝ ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխելու համար։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը չի մեկնաբանում ռուս խաղաղապահների աշխատանքի հետ կապված որոշ հարցեր և նրանց աշխատանքը վերանայելու անհրաժեշտության մասով դիտարկումները։ Ավելի վաղ՝ ՌԴ ԱԳՆՍերգեյ Լավրովն ասել էր՝ եթե այս մասով կան հարցեր, դանք պետք է ունենան նաև պատասխաններ՝ քննարկումների միջոցով։  

Կարդացեք նաև
Close
Back to top button