Մոռացված ֆիլմերի ստվերները

Անծանոթ ու ծանոթ ձայներ՝ Յուրի Երզնկյանի ֆիլմերից.«Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայ կինոյի հնչեղ անուներից մեկի՝ Յուրի Երզնկյանի նկարահանած ֆիլմերից շատերն այդպես էլ անծանոթ մնացին հայ հանդիսատեսին։ Բացառություն եղան Լաերտ Վաղարշյանի հետ նկարահանած «Առաջին սիրո երգը» և յոթանասունականների առաջին կեսին նկարահանած «Խաթաբալա» ֆիլմերը։

Անցյալ դարի 50-ականներին Մոսկվայի կինոինստիտուտի՝ ՎԳՒԿ-ի բարձրագույն ռեժիսորական դասընթացների՝ Միխայիլ Ռոմի արվեստանոցն ավարտելուց հետո, Յուրի Երզնկյանը վերադարձավ Հայաստան և «Հայֆիլմում» նկարահանեց «Հասցեատիրոջ որոնումները», «Հովազաձորի գերիները» գեղարվեստական ֆիլմերը։

Դրանց հաջորդեց Լաերտ Վաղարշյանի հետ նկարահանած «Առաջին սիրո երգը» հանրաճանաչ կինոնկարը։ Յուրի Երզնկյանի հաջորդ ՝«Մեր թաղի ձայները» ֆիլմը չկրկնեց նախորդ կինոնկարի հաջողությունը, ավելին՝ ունեցավ ողբերգական ճակատագիր։ Նկարահանումից հետո կինոնկարը էկրան չբարձրացավ։ Կինոգետ Սուրեն Հասմիկյանն այն եզակի մարդկանցից մեկն է, ում բախտ է վիճակվել դիտել նեոռեալիստական ոճով նկարահանած «Մեր թաղի ձայները» ֆիլմը։ Նա պատմում է, որ այս ֆիլմի դրամատուրգիան և սցենարը բոլորովին նոր խոսք էին հայ կինոյում։

Յուրի Երզնկյան

«Անցյալ դարի 60-70-ականներին Ռուսաստանում ստեղծվել էր նոր ասելիքով մի ֆիլմ՝ Գրիգորի Չուխրայի «Քառասունմեկերորդը», իսկ մենք դեռ չունեինք նմանատիպ ֆիլմ։ Հրապարակախոս, արձակագիր Պերճ Զեյթունցյանի՝ այդ տարիներին գրված սցենարը, որը Յուրի Երզնկյանը էկրանավորում էր, պիտի այդպիսի մի ֆիլմի սկիզբ ազդարարեր մեր կինոպատմության մեջ, բայց ավաղ չստացվեց»,- ասում է Սուրեն Հասմիկյանը:

Սուրեն Հասմիկյան

Խորհրդային կինոյի բոլոր կարծրատիպերից դուրս նկարահանված «Մեր թաղի ձայները» ֆիլմը շրջադարձային կետ պետք է դառնար հայ կինոյի համար։ Պետք է դառնար, բայց չդարձավ։

Յուրի Երզնկյանի դուստր Անետա Երզնկյանը նշում է, որ կինոնկարի առաջին դիտմանը հաջորդող քննարկումը թեժ անցավ։ Կինոյի պատասխանատուները Յուրի Երզնկյանին առաջարկեցին փոփոխել ֆիլմի կառուցվածքը, բայց կինոռեժիսորը չհամաձայնեց։ Արդյունքում՝ գաղափարական, համարձակ այս ֆիլմը որակվեց որպես խոտան և ոչնչացվեց։

«Ե՛վ հասատանյան, և՛ մոսկովյան կինոպատասխանատուները Յուրի Արամայիսիչին առաջարկեցին էականորեն փոփոխել ֆիլմը, որի արդյունքում պիտի փոխվեր կինոնկարի ընդհանուր պատկերը։ Դա մի առաջարկ էր, որ հայրս չէր կարող ընդունել։ Նա չգնաց զիջումների, ֆիլմը էկրան չբարձրացավ։ Դա մեծ հարված էր հորս համար, որովհետև նա զգում էր, որ այդ ոճում նկարահանված ֆիլմի անհրաժեշտությունն այդ պահին շատ պետքական էր մեր հասարակության համար»,- Անետա Երզնկյանը տարիներ անց էլ նույն հուզմունքով և ափսոսանքով է վերհիշում «Մեր թաղի ձայները» ֆիլմի փակման պատմությունը։

Անետա Երզնկյան

«Մեր թաղի ձայները» ֆիլմի ոչնչացման տխուր պատմությունը շատ ապրումներ պատճառեց կինոռեժիսորին։ Բայց, բարեբախտաբար այդ ծանր շրջանը հաղթահարելուց հետո նա լծվեց ստեղծագործական արդյունավետ աշխատանքի, նկարահանեց և՛ վավերագրական, և՛ խաղարկային ֆիլմեր։

«Սգավոր ձյունը» այսպես է կոչվում փողասիրության և մարդասիրության մշտական երկվության մասին պատմող ֆիլմը։ Ի տարբերություն նախորդ՝ «Մեր թաղի ձայները» կինոնկարի, «Սգավոր ձյունը» ավելի «բախտավոր էր»։ Ճիշտ է՝ խորհրդային գրաքննության մկրատն այս ֆիլմում էլ աշխատեց, բայց հայկական ծագումով ֆրանսիացի գրողի մոտիվներով կինոնկարը էկրան բարձրացավ։ Ֆիլմի գաղափարը ծնվել էր Անրի Թրուայայի համանուն վիպակը ընթերցելուց հետո։ Երկու եղբայրներից արկածախնդիր Մարսելինի կերպարը մարմնավորել է Գուժ Մանուկյանը։ Ասում է, որ այդ դերում նա հաստատվել է միանգամից, առանց անգամ փորձնական նկարահանման։ 

«Այս ֆիլմի նկարահանումները ինձ համար շատ կարևոր էին, որովհետև ես առաջին անգամ պիտի նկարահանվեի իմ վաղեմի ընկեր, համակուրսեցի Արմեն Ջիգարխանյանի հետ։ Նկարահանումների ողջ ընթացքում ես և Արմենը հավատում ու վստահում էինք Յուրի Երզնկյանի աչքին ու զգացողությանը»,- աում է Գուժ Մանուկյանը։

Գուժ Մանուկյան

«Սգավոր ձյունը» ֆիլմի՝ էկրան բարձրանալուց հետո, Յուրի Երզնկյանը ծրագրել և արդեն սկսել էր Անրի Թրուայայի մեկ այլ՝ «Փորձաճագարներ» ստեղծագործության էկրանավորման աշխատանքը, որը ցավոք, սցենարից ֆիլմի չվերածվեց։ Փոխարենը նա նկարահանեց Սոնայի և Դիլանի՝ հայկական Ռոմեո և Ջուլիետի ողբերգական սիրո պատմության մասին պատմող ֆիլմը։

Անցյալ դարի յոթանասունականների առաջին կեսին Յուրի Երզնկյանը որոշում է էկրանավորել Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը։ Ֆիլմի սցենարը գրել է արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» վերնագրով սցենարի հաստատումից հետո, Յուրի Երզնկյանը սկսում է դերասանական կազմի փնտրտուքը։ Այդ աշխատանքներում ներգրավված էին Մանկավարժական ինստիտուտի՝ Երզնկյանի ղեկավարած կուրսի ուսանողները, որոնք հերոսուհու համար առաջարկում են Հենրիկ Մալյանի կուրսի ուսանողուհի Սոֆիկ Սարգսյանին, ում արտաքին տվյալները շատ էին համապատասխանում ռեժիսորի նկարագրած կերպարին։ 

Սոֆիկ Սարգսյան

«Մեր ինստիտուտի միջանցքում հանդիպեցինք Յուրի Երզնկյանի հետ։ Բարևեցինք, նա բարի ժպիտով, զննող հայացքով նայեց ինձ և հարցրեց, թե արդյոք ես կարդացել եմ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը։ Ես այդ պահին այնպես շփոթվեցի, որ այդպես էլ չկարողացա հստակ պատասխանել այդ հարցին, չնայած, որ իհարկե կարդացել էի։ Նա ներողմտաբար նայեց ինձ և ասաց. «Լավ, դա կարևոր չէ, վաղը կգաք Տերյան 2 հասցեում գտնվող «Հայֆիլմ» կինոստուդիա՝ լուսանկարվելու»,-այսպես է հիշում տարիներ առաջ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում Հասմիկի դերում հաստատվելու պատմությունը Սոֆիկ Սարգսյանը։

Գլխավոր հերոսի՝ Դիլանի դերը վստահվում է կինոյում իր դերակատարումներով  արդեն ճանաչված Հակոբ Ազիզյանին։ Ի տարբերություն Սոֆիկ Սարգսյանի, նրա թեկնածությունը միաձայն հաստատվում է այդ դերում։ Հակոբ Ազիզյանը հատուկ ջերմությամբ է հիշում Օձունի նորակառույց հանգստյան տունը, ուր իջևանել էր նկարահանող խումբը, հարակից անտառը, որտեղ նկարահանումների ազատ ժամանակը Հրանտ Մաթևոսյանի հետ զբոսնում էին ու քննարկում աշխատանքի հետագա ընթացքը։

Հակոբ Ազիզյան

«Նկարահանումների ազատը ժամանակ ես և Հրանտը երկար զրուցում էինք ֆիլմի ստեղծման շուրջ։ Նրա յուրաքանչյուր խորհուրդ շատ կարևոր և տարբերվող էր, որովհետև նա Թումանյանից հետո ազգային երկրորդ մեծությունն էր»,- նշում է Հակոբ Ազիզյանը։

Յուրի Երզնկյանի համար կարևոր նշանակություն ունեցող այս ֆիլմերը, ցավոք, այսօր էլ կինոհանդիսատեսին ծանոթ չեն։ Հանելուկային թվացող այս երևույթը, ինչ խոսք, եզակի չէ, և հիմա արդեն հասկանալի էր կինոռեժիսորի տարակուսանքն ու օդում կախված մնացող հարցը՝ ինչո՞ւ։

Back to top button