ԿարևորՀասարակություն

Չեղարկված թռիչքներ. Լեհաստանի նոր տրանզիտ-կարգը ՀՀ բազմաթիվ քաղաքացիների ճանապարհին է թողել

Լեհաստանի կառավարության որոշմամբ՝ Լեհաստանով 3-րդ երկիր թռչող ՀՀ քաղաքացիներն այսուհետ պարտավոր են ունենալ շենգեն գոտու տարանցիկ մուտքի արտոնագիր։ Սա վերաբերում է նաև այն քաղաքացիներին, ովքեր Լեհաստանով երրորդ երկիր մեկնելիս նույնիսկ դուրս չեն գալու տարանցիկ գոտուց։

Արդեն 10 օր է՝ նոր կարգն ուժի մեջ է, բայց ոչ մինչև օգոստոսի մեկը տոմսեր գնելիս, ոչ էլ դրանից հետո քաղաքացիներին չի տեղեկացվել այս փոփոխության մասին։ Շատերն էլ փաստի առաջ են կանգնել հենց օդանավակայանում։ Իսկ ուղևորությունը չընդհատելու համար անհրաժեշտ է ևս 80 եվրո հատկացնել վիզա ստանալու համար, միայն թե այս դեպքում էլ հարց է՝ արդյո՞ք դեսպանատանը հնարավոր կլինի արտահերթ ժամադրվել՝ փաստաթղթերը ներկայացնելու և վիզա ստանալու համար։ 

Այսուհետ Լեհաստանով 3-րդ երկիր թռչող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ունենալ տարանցիկ մուտքի արտոնագիր շենգեն գոտու համար, նույնիկ եթե դուրս չեն գալու տարանցիկ գոտուց, այսինքն՝ եթե Լեհաստանով մեկնում եք ոչ շենգեն երկրներ, միեւնույն է, պարտադիր է ունենալ շենգենյան տրանզիտ-վիզա։ Լեհաստանի կառավարության որոշմամբ՝ շենգեն վիզա պահանջելու նոր կարգը գործում է արդեն օգոստոսի մեկից։ Միայն թե Հայաստանի քաղաքացիներն այս որոշման մասին չեն տեղեկացվել ոչ տուրիստական ընկերությունների, ոչ ավիափոխադրող ընկերությունների, ոչ էլ համապատասխան գերատեսչությունների կողմից ու փաստի առաջ են կանգնել թռիչքից ընդամենը օրեր առաջ ու պարզել, որ տոմսը ձեռքին՝ թռչել չեն կարող։ Լեհաստանի դեսպանության կայքում էլ միայն նախօրեին է համապատասխան հաղորդագրությունը հայտնվել։   

«Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն։ Օդանավակայանի տարանցիկ վիզան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն կտա գտնվել միջազգային տարանցիկ գոտում՝ առանց դրանից դուրս գալու հնարավորության։ Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը 80 եվրո է»:

Լեհաստանով տրանզիտ ուղևորությունը չընդհատելու համար, փաստորեն, անհրաժեշտ է ևս 80 եվրո վճարել վիզա ստանալու համար, միայն թե այս դեպքում էլ խնդիրներն անպակաս են․ գրեթե անհնար է դեսպանատանն օր ամրագրել առաջիկա թռիչքների համար, իսկ ավիաընկերություններն էլ այդ ժամկետում արդեն չեն չեղարկում տոմսերը։

«Մարդիկ կան, որոնք գտնվում են մի երկրում, որտեղ չկա Լեհաստանի դեսպանատուն։ Հետադարձ տոմսը Վարշավայով է։ Այս պահին ոչ տրանզիտ զոնայի համար են կարողանում դիմել, ոչ էլ ավիաընկերությունն է պատասխանատվություն կրում տոմսերի գումարը հետ վերադարձնելու համար»։

Տուրիստական ընկերության տնօրեն Սեդա Աղբալյանն արդեն երկու օր է՝ բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր քաղաքացիներից։ Շատերը փաստի առաջ են կանգնել հենց օդանավակայանում՝ ասում է զրուցակիցս։ Տոմսը ձեռքին, ուղեւորությունը հաստակ ծրագրած, բայց հանկարծակի փոփոխված կարգի պատճառով մեկնել չեն կարող։

«Ստացվում է, որ մարդիկ հավելյալ 80 եվրո պետք է վճարեն և բազմաթիվ փաստաթղթեր հավաքեն։ Եվ դեռ հարց է՝ դեսպանատունն իրենց  արտահերթ ժամադրություն կտրամադրի՞, թե ոչ։ Շատ մարդիկ էլ գնացել, կարգի մասին հենց օդանավակայանում են տեղեկացել, նրանց չեն թողել մասնակցել թռիչքին»։

Հայաստանի ԱԳՆ-ից մտահոգ դիմողներին ասել են՝ խնդրին արդեն տեղյակ են, փորձում են ՀՀ քաղաքացիներին այս անհարմար դրությունից դուրս բերելու ուղիներ գտնել։ Միայն թե տուրիստական ընկերությունում մեծ ակնկալիքներ չունեն։ Կարգը հաստատ չի փոխվելու։ Առավելագույնը, որ սպասում են, այն է, որ հնարավոր լինի տոմսերը վերադարձնել կամ էլ ևս 80 եվրո վճարել՝ ակնկալելով վիզա ստանալու օր ամրագրել դեսպանատանը, իսկ դրա համար էլ դեռ փաստաթղթերի տրցակ է պետք պատրաստել։

Տուրիստական ընկերության տնօրեն Սեդա Աղբալյանն է մանրամասնում.

«ԱԳՆ-ն փորձեց խնդրին լուծում տալ։ Ասաց, որ կդիմի Լեհաստանի դեսպանատուն, և կփորձեն որևէ միջանկյալ լուծում գտնել։  Հնարավոր է՝ ավիաընկերությանը ստիպեն տոմսերը  վերադարձնել։  Բայց այդ դեպքում էլ բազմաթիվ անհարմարություններ են, որովհետև պետք է նոր տոմսեր գտնել հետադարձի համար, մինչդեռ հնարավոր է, որ այդ պահին նույնիսկ չգտնվեն տոմսեր, որովհետև չվերթերը ծանրաբեռնված են։ Մի խոսքով՝ բազմաթիվ անհարմարություններ ՀՀ քաղաքացիների համար»։ 

Ինչո՞վ է պայմանավորված Լեհաստանի կառավարության որոշումը, և ինչ է սպասվում մեր քաղաքացիներին։ Ո՞վ է պատասխանատու ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների եւ անհարմարության համար, արդյո՞ք կարգը փոխվել  ու շենգեն վիզան պարտադիր է դարձել այլ երկրների քաղաքացիների համար ևս։  Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աշխատակիցը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց՝ հյուպատոսությունն ընդառաջում և շենգեն վիզա ստանալու  արտահերթ օրեր է տրամադրում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տոմսերը գնել են տվյալ կարգի մասին իրազեկվելուց առաջ։ Դրա համար անհրաժեշտ է քաղաքացու էլեկտրոնային նամակը դեսպանատան էլեկտրոնային հասցեին։ Լեհաստանի հյուպատոսը հաշվի է առնելու մեկնման օրերը՝ փորձելով կարգավորել այն քաղաքացիների խնդիրը, ովքեր մեկնում են ոչ թե Լեհաստան, այլ Լեհաստանի տարածքով այլ, ոչ Շենգեն գոտու երկիր։  

Պատասխան պահանջող այլ հարցերի պարզաբանելու համար դեսպանատնից առաջարկեցին դիմել գրավոր։

Back to top button