ԿարևորՍպորտ

1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել

Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում:

Մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանը, իսկ երիտասարդների պայքարում մեր երկրի մարզական պատիվը պաշտպանել են Գոռ Խաչատրյանը, Ռաֆայել Մնացականյանն ու Գոհար Հարությունյանը:

Հրաձիգներն աշխարհի առաջնությունում մրցել են երկուական վարժությունում՝ 10 մ, նորմալ վազք և խառը վազք:

Մեծահասակների պայքարում մեդալներ են նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Արուսյակ Գրիգորյանը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մկրտչյանը 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում խոցելով 555 միավոր՝ 3-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ արդեն 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Քաթարի ներկայացուցչի հետ պայքարում և դարձել է բրոնզե մեդալակիր: Արուսյակ Գրիգորյանը մրցել է 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 367 միավոր՝ նա նվաճել է բրոնզե մեդալը: Ի դեպ, այս վարժությունում նրան ընդամենը մեկ միավորով է զիջել Լիլիթ Մկրտչյանը՝ վերջնարդյունքում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Երիտասարդների պայքարում էլ չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Խաչատրյանը: Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանը մրցել է 10 մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 386 միավոր՝ նա կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը և նվաճել է ոսկե մեդալ:

Երիտասարդների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել է Գոհար Հարությունյանը: 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց վարժության որակավորման փուլում Հարությունյանը խոցել է 553 միավոր և 2-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ, որտեղ 6:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ:

Հայաստանի հրաձգության հավաքականին ուղեկցել է ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

Ստորև ներկայացված են բոլոր արդյունքները.

Վազող թիրախ, 10 մ, 30+30 կրակոց, նորմալ վազք

Մեծահասակներ

Հովհաննես Մարգարյան՝ 562 միավոր, 12-րդ տեղ
Լիլիթ Մկրտչյան՝ 555 միավոր, եզրափակիչ փուլ՝ 6:0, 3-րդ տեղ
Արուսյակ Գրիգորյան՝ 545 միավոր, 8-րդ տեղ

Երիտասարդներ

Գոռ Խաչատրյան՝ 573 միավոր, եզրափակիչ փուլ՝ 5:7, 4-րդ տեղ
Ռաֆայել Մնացականյան՝ 546 միավոր, 9-րդ տեղ
Գոհար Հարությունյան՝ 553 միավոր, եզրափակիչ փուլ՝ 6:1, 3-րդ տեղ

Վազող թիրախ, 10 մ, 20+20 կրակոց, խառը վազք

Մեծահասակներ

Հովհաննես Մարգարյան՝ 373 միավոր, 12-րդ տեղ
Լիլիթ Մկրտչյան՝ 366 միավոր, 4-րդ տեղ
Արուսյակ Գրիգորյան՝ 367 միավոր, 3-րդ տեղ

Երիտասարդներ

Գոռ Խաչատրյան՝ 386 միավոր, 1-ին տեղ
Ռաֆայել Մնացականյան՝ 362 միավոր, 8-րդ տեղ
Գոհար Հարությունյան՝ 353 միավոր, 7-րդ տեղ

Back to top button