Վերնատուն

Պատմությունը՝ հերոսությունից ու դավաճանությունից անդին․ «Վերնատուն»

«Ինչո՞ւ է պատմությունը կրկնվում», և ի վերջո՝ «ինչպե՞ս դասեր քաղել պատմությունից»․ սրանք պատմության հետ ժառանգած ու հավերժական թվացող հարցեր են և «լուծելի են, երբ պատմությունն ու պատմագիտությունը շարժվի արդիականության ճանապարհով»,– ասում է պատմաբան, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը։

«Պատմությունը կրկնվում է այնքանով , որքանով այն չի հասկացվում, – ասում է նա, և կրկնվում է տգիտության արդյունքում։ Պատմաբանն ասում է, որ հայ ժողովրդի պատմությունը հիմնովին վերանայման կարիք ունի, գուցե ոչ փաստերն ու թվերը, բայց մեկնաբանությունները պետք է փոխվեն։ Պատմագիտությանն անհասկանալի է, երբ անցյալը քննարկվում է հերոսների կամ դավաճանների համատեքստում։

««Կեղծիքը», «խաբեությունը» կամ՝ «դավաճանությունը» պատմագիտության մեջ անհասկանալի արտահայտություններ են։ Պատմագիտության մեջ չկա դավաճան կամ հերոս, եթե նայենք եվրոպական պատմությանը, կտեսնենք, որ նրանք քննարկում են ոչ թե հերոսների ու դավաճանների, այլ ծրագրերի պատմությունը և դա քննարկվում է պետությանն ու պետականությանը նպաստելու համատեքստում։ Պետք է քննարկել պատմության եղելություններն ու իրադարձությունները հերոսությունից ու դավաճանությունից անդին»։

Անդրադառնալով պատմությունից դասեր քաղելու, իր որակմամբ՝ «չարչրկված» հարցին, Սմբատ Հովհաննիսյանն ասում է, որ դա գերմանացի փիլիսոփա Հեգելի հանրահայտ արտահայտությունն է, նա ասում է․ «պատմությունից մի դաս են քաղում, որ ոչ մի դաս էլ չեն քաղում»։

Իսկ մեր օրերի հետարդիական մարտահրավերների արդյունքում ձևավորված պատմագիտական մտքի համատեքստում՝ պատմությունից հնարավոր է դասեր քաղել և դասեր քաղում են նրանք, ովքեր դասը սովորել են, այսինքն՝ ընկալել և հասկանալ թե անցյալում ինչ է կատարվել և այդ եղելությունն ու իրադարձությունը որքանո՞վ է ներկա քո իրականության մեջ և որքանով է այն ակտուալ ու քո ներկան կազմակերպող»․ – ասում է Սմբատ Հովհաննիսյանը։

Դասեր քաղում ենք այն ժամանակ, երբ պատմությանը արդիականացված հայեցակարգով ենք դիտարկում։ Պատմաբանը կարևորում է նաև պատմագիտական տեսական կամ տեսության հիման վրա գրված լավագույն տեքստերի հայերեն թարգմանությունները։

Back to top button