ԿարևորՀասարակություն

Նախադեպային պատիժ՝ զինված ուժերում եռամսյա զորահավաքից խուսափելու համար

Դատարանում քննվող գործերից մեկով հստակեցվել է և նախադեպային որոշում է կայացվել, թե ինչ կլինի այն դեպքում, երբ անձը խուսափում է ՀՀ ԶՈւ-ում հայտարարվող հավաքներին մասնակցելուց։ Իսկ զինված ուժերում  եռամսյա հավաքների արդեն 4-րդ փուլն է ընթացքի մեջ։ Հերթականը օգոստոսի 1-ից է մեկնարկել։ Կառավարության հրապարակային որոշումներից կարելի է գրեթե ամբողջապես պատկերացնել եռամսյա հավաքների ընդհանուր պատկերը, մասնակիցների թիվը և մասնագիտական ուղղությունները։ Վարժական հավաքներից խուսափածների թիվը ճշտելու համար «Ռադիոլուր»-ը դիմել է ՊՆ, բայց պատասխանը դեռ չի ստացել։

Հայաստանի զինված ուժերում եռամսյա վարժական հավաքները պրակտիկա դարձան 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այդ՝ 2011-ից կազմակերպվում էին 7-օրյա և 10-օրյա հավաքներ,  սակայն փոքր-ինչ այլ նշանակությամբ։ Եռամսյա հավաքների որոշումը կայացնելիս պատգամավորները դրանք բնորոշում էին որպես պատերազմի դասեր։ Խորհրդարանական մեծամասնությունից Հրաչյա Հակոբյանի խոսքով, սակայն, եռամսյա հավաքները  կարեւոր են, բայց որեւէ կապ չունեն պատերազմական վտանգի հետ․

«Մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ խնդիր ունեինք հենց ՄՈԲ ռեսուրսի հետ, ովքեր չէին տիրապետում մարտական գործողություններին և հիմա այս միջոցառումներն արվում են, որպեսզի հենց ՄՈԲ ռեսուրսը բերեն այն մակարդակի, որ եթե, Աստված մի արաստցե,  հայտնվենք պատերազմական վիճակում,  եր ՄՈԲ ռեսուրսը տիրապետի զենքին, տիրապետի պատերազմական իրավիճակներին, և այս միջոցառումները կապ ունեն անմիջապես հենց ՄՈԲ ռեսուրսի գործողությունների հետ։ Այո, ունենք սահմանին լարվածություն, բայց այս միջոցառումները կոնկրետ կապված չեն պատերազմի վտանգի հետ, այս միջոցառումներն արվում են, որպեսզի երկարաժամկետ առումով մեր ՄՈԲ ռեսուրսները լինեն պատրաստված»։

2021-ին հայտարարվեց պահեստազորայինների առաջին եռամսյա հավաքը։ Անցյալ տարի անցկացվել է երկու նման հավաք՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր։ Այժմ ընթացքի մեջ է վարչական հավաքների 4-րդ փուլը՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը։ Նախորդ հավաքը ապրիլից հունիսն էր։ Այս տարի 2 հազարից ավելի քաղաքացի է մասնակցել դրանց․ կրտսեր ենթասպայական, շարքային, ավագ ենթասպայական և սպայական կազմը վերապատրաստվում է մոտոհրաձգային, հրթիռահրետանային, համազորային, հետախուզական, ինժեներական, կապի և տեխնիկական մասնագիտություններով։

Բայց եռամսյա հավաքների առաջին իսկ օրվանից գրանցվել են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ հրաժարվել են և խուսափել մասնակցությունից կամ ընթացքում լքել են զորամասը։ Այդ առիթով ուժային կառույցների ղեկավարները՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը մշտապես նշել են․

Սուրեն Պապիկյան. «ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի՞ եք, թե ոնց։ Համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքների։ Այո, գնացեք և մասնակցեք եռամսյա հավաքների, դուք ՀՀ քաղաքացի եք»։

Աշոտ Զաքարյան.  «Լավ կլիներ, որպեսզի առավել պատրաստված երիտասարդներ՝ մեծ հայրենասիրությամբ, գաղափարներով լցված, կարողանան իրենց մասնակցությունը բերել մեր սահմանների պաշտպանությանը»։

Եռամսյա հավաքներից խուսափելու դեպքով առաջին նախադեպային որոշումն է կայացրել դատարանը։ Քննվել է նախորդ տարվա սեպտեմբերից անցկացվող վարժական հավաքներից խուսափելու դեպքը։ Վարժանքից ազատվելու հիմքեր չեն եղել, անձը մեղավոր է ճանաչվել։ Նշանակվել է պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում 2 ամսով, ինչը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել։ Սահմանվել է 2 տարվա փորձաշրջան, որի ընթացքում  հավաքներից խուսափած անձն առանց դատապարտյալի վարքագիծը վերահսկող իրավասու մարմնի համաձայնության չի կարող լքել Հայաստանի տարածքը։

Տարբեր մասնագիտություններով  վարժանքների ավելացումը ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ճիշտ ուղի է համարում, բայց նաև մատնանշում ենթադրյալ բացթողումները։

«Բանակի հիմքը պատերազմական շրջանում հենց պահեստազորն է։ Դրա համար մենք պետք է միշտ ունենանք ակտիվ պահեստազոր, որպեսզի կարողանանք համալրենք գործող բանակի շարքերը։ Սա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքը։ Բայց վերջին հավաքը, որքան հասկացա, քաղաքականացված էր, և անգամ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահը դա հայտարարում էր որպես ընդդիմադիրների պատժամիջոց։ Այս տրամաբանությամբ սխալ է։ Բանակը պետք է լինի ապաքաղաքական, ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դա շահարկել, բանակը պետք է լինի պատվավոր տեղ ծառայելու, ոչ թե մարդուն որպես պատժամիջոց վախեցնելու։ Այս տրամաբանությունն արդեն սխալ է»։  

Իսկ եռամսյա հավաքների ժամանակ գրանցված դժբախտ պատահարները  փորձագետը համարում է դեռ չկարգավորված աշխատանքի հետևանքը, նաեւ շեշտում՝ եռամսյա հավաքների մասնակիցների առողջական վիճակը պետք է նախապես պատշաճ կերպով հետազոտվի։

«Եթե կոչվում է վարժական, ուրեմն իր բնույթով պետք է լինի հենց վարժական։ Բայց մենք տեսնում ենք, որ դա կարծես միայն վարժական չէ, որովհետև 2022 թվականի կառավարության հունիսի 23–ի որոշման մի կետով ասվում է նաև մարտական հերթապահություն իրականացնելու մասին։ Սա արդեն վարժական բնույթին հակասում է։ Բայց ամենակարևորը՝ քաղաքացիական կյանքից նախկինում ծառայած մարդկանց որ զորակոչում են, բնականաբար, տարիներ անց մարդիկ կարող է ունենան առողջական խնդիրներ և այլն, տարբեր պատճառներ։ Ի՞նչ մեխանիզմ կա պարզելու՝ ո՞ւմ են զորակոչել, մարդը համապատասխանո՞ւմ է իր տվյալներով, թե՞ գնալու է բանակ, բայց բեռ է դառնալու բանակի համար։ Շատ մարդկանց գիտեմ, որոնց կանչել են, որոնք իրենց առողջական խնդիրների մասին չեն խոսել, այդպես տարել են։ Գիտեմ, որ բժշկական հետազոտություն չեն անցել»։

Իսկ պարտադիր նորմերի շարքում պաշտպանության նախարարությունը սահմանել է նաեւ, որ հավաքներին մասնակցելու ընթացքում պահեստազորայինները համարվում են զինծառայող, ստանում են աշխատավարձ՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Պահեստազորայինները պահպանում են նաև իրենց աշխատանքը։ Դա օրենքի պահանջն է։

Back to top button