Գերդաստաններ

«Ղալի բլբուլը» կամ բերդի կատարին երգող սոխակը․ «Գերդաստաններ»

Հիրավի ժողովրդա-գեղարվեստական նշանավոր տոհմի ծնունդ է եղել Գրիգորը։ Իր սկզբնական  երաժշտական կրթությունը նա ստացել է հենց ընտանիքում` իր հորից։ Դեռևս 7 տարեկանում նրան իր աննման ձայնի ու կատարողական վարպետության համար անվանել են «Ղալի  բլբուլ»։ Սրա մասին վկայում է նաև դերասան Հովհաննես Աբելյանը։ Ղալի բլբուլ նշանակում էր բերդի  կատարին նստած երգող սոխակ։

Մելիքների տոհմից էր սերում Գրիգորի հոր պապը` Մելիք Հովհաննես Միրզաբեկյան-Սյունին, նույն ինքը՝ Աշուղ Թեյմուրը։ Նա պարսից Ֆաթալի շահի պալատական երգիչն էր, պարսկական  բազմաթիվ թեսնիֆների՝ քաղաքային, գեղջկական քնարական երգերի հեղինակ։

Նրա զավակներից մեկը` Աշուղ Դադասի Սյունին էր, որը Խնձորեսկից տեղափոխվում է Շուշի, իսկ նրա որդիներից Հովհաննեսը` աշուղ Վարանդեցին, ևս ժողովրդական բանաստեղծ և երգիչ էր, նաև մանրանկարիչ։

Ստեղծագործելուն զուգահեռ` աշուղ Վարանդեցին զբաղվում է նավթարդյունաբերությամբ և պղնձարդյունաբերությամբ։ Նրա և Աննա Հախունցի 14 զավակները մահանում են մանուկ հասակում։

Հանքարդյունաբերության շնորհիվ մեծահարուստ դարձած որդեկորույս հոր մեծագույն երազանքն էր ժառանգ ունենալ, և 1876  թվականի սեպտեմբերի 10-ին Գանձակ գավառի  Գետաբեկ գյուղում ծնվում է նրա 15-րդ  զավակը ՝ Գրիգոր Հովհաննես Վարանդեցի Դադասի Միրզաբեկյան Սյունին։ Բազմաթիվ երեխաներից միայն նա է կենդանի մնում։ Ծնվելուց երկու  տարի անց ընտանիքը հաստատվում է Շուշիում։

Երաժշտական միջավայրում հասակ առած, վառվռուն աչքերով պատանին՝ Գրիգորը, 1898 թվականին արդեն Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանողն էր, աշխարհահռչակ կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի- Կորսակովի աշակերտը։ Պատմությունը  շարունակում  է  արվեստագիտության  դոկտոր-պրոֆեսոր Աննա  Ասատրյանը։

1919 թվականին Գրիգոր Սյունիին հրավիրում են Հայաստանի Հանրապետություն։ Նոր ձևավորված անկախ երկրի կառավարությունը ցանկանում էր, որ նա ղեկավարի կոնսերվատորիան։ Բայց Սյունիին չի հաջողվում հասնել Երևանում։

Նա Թիֆլիսում էր, երբ բոլշևիկները նախ գրավում են Հայաստանը, ապա` Վրաստանը։ Այստեղից նա մեկնում է Կոստանդնուպոլիս, որն այդ ժամանակ Առաջին աշխարհամարտում հաղթանակած դաշնակիցների վերահսկողության տակ էր։ Բայց քեմալականների գալուց հետո Սյունին մեկնում է ԱՄՆ ու վերջնականապես հաստատվում Ֆիլադելֆիայում։

Գրիգոր Սյունին չորս որդի ուներ։ Ավագը` Գուրգենն էր։  Հայրը գնահատում էր հենց նրա երաժշտական ճաշակը։ Մեկ էլ գիշերը կարող էր արթնացնել որդուն և իր նոր գործի մասին կարծիք հարցներ։

Գուրգենի որդին` Միչիգանի համալսարանի սոցիալական և քաղաքական պատմության պրոֆեսոր Ռոնալդ Սյունին «Գերդաստանին» ուղարկած նամակում հետաքրքիր մանրամասներ է հայտնում իր պապու և հոր մասին։

«Իմ իմացածի մեծ մասը ստացել եմ հորիցս` Գուրգեն (Ջորջ) Սյունիից»,- գրում է Ռոլանդը։ Նա պատմում է, որ հայրը պապու` Գրիգոր Սյունիի ամենամոտ գործընկերն էր և շարունակեց նրա աշխատանքը երգչախմբային համերգների ղեկավարման և կազմակերպման գործում:

«Հայրս անսովոր ազնվության տեր մարդ էր և սիրում էր ճշմարտությունն ասել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ հոր մասին նրա պատմությունները քննադատություն էին, նա դրանք միշտ պատմում էր մեծ սիրով և հավատով,- գրում է Ռոնալդը։

Գուրգենը հատուկ երաժշտական կրթություն չէր ստացել, բայց նրա ընդունակությունները գնահատում էին շատերը։ Ժամանակակիցները հիշում են, որ մեկ անգամ համերգի ժամանակ Գրիգոր Սյունին ուշագնաց է լինում և առաջին շարքում նստած նրա որդին` Գուրգենն է վերցնում դիրիժորական փայտիկն ու շարունակում համերգը։

Գուրգենը իր ողջ կյանքը նվիրեց հայ երաժշտության պահպանման ու տարածման գործին։ Հենց նրա շնորհիվ էր, որ ամերիկահայությունը ծանոթանում էր հոր` Գրիգոր Սյունիի ստեղծագործություններին, հենց նա էր պահպանել հոր արխիվը։

Գրիգոր Սյունիի  երաժշտության պահպանման խնդիրներով հետագայում զբաղվեց Ռոնալդ Սյունիի կինը` դաշնակահարուհի Արմինա Փըրլ  Մարտիրոսյանը։ Հենց նա էր, որ ստեղծեց «Սյունիի երաժշտության պահպանություն» հասարակական կազմակերպությունը։ Պատմությունը շարունակում է արվեստագետ Աննա Ասատրյանը։

Դաշնակահար Սերժ Սյունին Գրիգոր Սյունու թոռն  է, դստեր՝ Սեդայի որդին։ Իր անդրանիկ համերգով հանդես է եկել 17 տարեկանում։ Ավարտել է Ջուլիարդի կոնսերվատորիան, բազմաթիվ  մենահամերգներով հանդես է եկել տարբեր քաղաքներում։

Դե իսկ Ռոնալդ Սյունի քաղաքագետի, հայի, հայրենասերի և գործընկերոջ մասին ինչ է ասում նրա մտերիմ ընկերը` հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը. Ռոնալդ  Սյունին  և  Արմինա  Մարտիրոսյանը  ունեն երկու  դուստր՝ Սևան Սիրանույշը և Անուշ Թամարը։ Թեև նրանք երաժշտական կրթություն ստացել են, բայց իրենց կյանքը երաժշտության հետ չեն կապել, Սևանը կենսաբան է, Անուշը` արևելագետ։

Կոմպոզիտոր և դիրիժոր Գրիգոր Սյունին կյանքի վերջին  տասնամյակում Ֆիլադելֆիայում հիմնում է Հայ արվեստի միություն երաժշտական, թատերական և պարի բաժանմունքներով։ Նա իր երգչախմբով  հայ  ժողովրդական երգը ներկայացնում էր միջազգային լսարաններում։

Նա էր, որ շատ երկրներում ներկայացնում էր հայկական և արևելյան թեմայով ստեղծած «Պայքար և զոհողություն» մանկական օպերան, որի  բոլոր դերակատարները մանուկներ և  պատանիներ էին։

Հիվանդությունն այդպես էլ հնարավորություն չտվեց նրան հայրենիք գալ, բայց նա Հայաստան էր ուղարկում երաժշտական  գործիքներ, նոտաներ, պարտիտուրներ գրելու համար նախատեսված թղթեր, որոնց կարիքն այն ժամանակ Հայաստանում շատ էր զգացվում։ Սյունին վախճանվեց 85 տարեկան հասակում։ Նրա և կնոջ աճյունասափորները Հայաստանում ամփոփվեցին իր մահվանից քսան տարի անց` 1959 թվականին։   

Back to top button