ԿարևորՀասարակություն

ՊԵԿ-ն այլևս չի զգուշացնի, կտուգանի

Հուլիսի 1-ից Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող գործարքները բացառապես անկանխիկ պետք է իրականացվեն։ Օրենքն արդեն մեկ ամիս է՝ ուժի մեջ է, բայց քանի որ տնտեսվարողները պատրաստ չէին, ՊԵԿ-ը իրազեկման քաղաքականություն էր որդեգրել՝ ժամանակ տալով բոլորին դիմել և տեղադրել անկանխիկ վճարման համակարգ։

50.000 հարկ վճարողներից, սակայն, միայն 20 հազարն է դիմել պոս-տերմինալի տեղադրման և ակտիվացման համար։ Հաշվի առնելով նման պասիվությունը՝ ՊԵԿ-ը որոշել է անցնել կոշտ գործողությունների։ Առայժմ դեռ ծանուցում է տնտեսվարողներին, հաջորդ քայլը կոշտ վարչարարությունն է։

Մինչ տնտեսվարողներն իրավիճակից խելամիտ ելքեր են փնտրում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն արդեն ուժի մեջ է. Հայաստանում 300 հազար դրամը գերազանցող՝ օրենքով սահմանված գործարքները պետք է արվեն բացառապես անկանխիկ։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքն արդեն լուրջ խնդիրներ է ստեղծել տնտեսվարողների համար։ ՀԴՄ սարքերի վրա պոս-տերմինալների ակտիվացումը խնդիրներից մեկն է. «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյան

«Բոլոր նրանք, ովքեր դիմել են, նրանց մոտ չեն ակտիվացել ՀԴՄ սարքերի վրայի ՊՈՍ-ապարատները։ Եվ նրանք, ովքեր դիմել են ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվությունների միջոցով, և նրանք, ովքեր դիմել են իրենց սպասարկող բանկերին, ոչ մեկի մոտ դեռ չի ակտիվացել ՊՈՍ-ապարատը»։

Պետական եկամուտների կոմիտեն դեռ հունիսին հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջով որոշ ժամանակ վարչարարություն չի իրականացնի։ Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման գործառույթն ակտիվացնելը հեշտացնելու համար հաշվետվությունների էլեկտրոնային համակարգում դեռ հուլիսից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը: Բայց կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ հարկ վճարողներ նույնիսկ չեն էլ դիմել ՊԵԿ-ին կամ բանկերին՝ ակտիվացնելու պոս-տերմինալները։ ՊԵԿ-ն էլ առայժմ  ծանուցում է, բայց  որոշել է անցնել կոշտ քայլերի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնում է ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանը։

«30.000 հարկ վճարողի կողմից առհասարակ դիմում չներկայացնելը, կարծում ենք, հիմք է, որ հսկողություն իրականացնենք, որ գոնե դրա միջոցով հարկ վճարողներին ուղորդենք դիմել։ Այլ խնդիր է, թե դիմելուց հետո որքան կտևի այդ գործընթացը։ Արդեն բանկերը, կենտրոնական բանկը կասեն։ Ընդհանուր առմամբ 50.000 հարկ վճարող պետք է ակտիվացներ իրենց ՊՈՍ-տերմինալները, որից 30.000-ը ընդհանրապես չի էլ դիմել»։

Ոչ թե չեն դիմում, այլ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է պոս-տերմինալների տեղադրումը հենց բանկերի կողմից՝ իր հերթին վրդովվում է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը։

«Մարդիկ ահազանգում են, որ դիմել են բանկեր, մի ամսից ավելի է՝ դեռ ծառայությունը միացված չէ, կամ բանկերն են մերժում։ Այս պայմաններում գնալ տուգանելը նշանակում է՝ պետությունը պայմաններ է ստեղծել տուգանք կիրառելու համար։ Մարդկանց այնպիսի վիճակի մեջ են դնում, որ նրանք չկարողանան օրենքի պահանջները կատարել, միաժամանակ տուգանքներ կիրառել։ Չգիտեմ, այս պահին սա խայտառակություն է»։

Տնտեսագետ Սուրեն Պարսամյանը կողմ է 300 հազար դրամից բարձր գործարքներն անկանխիկ անելուն, բայց ոչ այս գնով։ Կառավարության բարեփոխումն ամենից ցավոտ փոքր և միջին բիզնեսն են զգալու՝ ասում է։ Առավել ևս, երբ բանկերը, բացի միջնորդավճարներից, նաև որոշակի շրջանառություն են պարտադրում տնտեսվարողին։ Որոշ գնահատումներով՝ բանկերը նույնիսկ «2-րդ հարկային» անունն են ստացել։

«Ակնհայտ է, որ փոքր բիզնեսի համար 1-3 տոկոս միջնորդավճարը դառնում է հարկ, այն դեպքում, երբ, օրինակ, շրջհարկով աշխատող տնտեսվարողը վճարում է 1.5 տոկոս։ Ստացվում է, որ բանկի միջնորդավճարը և սպասարկման գումարն ավելի բարձր են, քան շրջանառության հարկի տոկոսադրույքը։ Սա անտրամաբանական իրավիճակ է։ Չնայած հայտարարվում է, որ բանկերը հետագայում կվերանայեն իրենց սակագնային քաղաքականությունը, բայց այս պահին դա մեծ ճնշում է փոքր և միջին բիզնեսի համար»։

Անկանխիկ գործարքների մասով նոր նորմերի ներդրումն, իհարկե, լավ է, բայց պետությունը միայն պարտադրում ու ոչ մի կերպ չի խրախուսում դրանք։ Պարտադիր անկանխիկ վճարումները կանխիկով անելու տուգանքը սկսվում է 100 հազար դրամից, սակայն «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը վստահ է՝  ամենամեծ շահողը պետությունը չէ։ Ամենաշատը բանկերն են շահելու, տուժելու՝ քաղաքացիները։ Ծառայությունների արժեքը, ըստ մասնագիտական հաշվարկների, կբարձրանա շուրջ 5 տոկոսով։ Ճիշտ նույնքան, որքան վնասն է կազմելու այս օրենքով։ Հաջորդ տարվանից օրենքը տարածվելու է նաև մարզերում, ինչն, ըստ մասնագետների, կբազմապատկի  տագնապն ու խնդիրները։

Back to top button