ԿարևորՀասարակություն

Հրաժեշտ՝ 20 օր տևողությամբ. Աղավնոյում գնալով ծանրանում է լռությունը

Անի Աբաղյան
Արցախի Հանրային ռադիո

Հրաժեշտ 20 օր տևողությամբ։ Համացանցը ողողված է Արցախի Աղավնո գյուղի բնակիչների տեղահանման կադրերով։ Աղավնոյում լրագրողնրի հետ ոչ բոլորն են ցանկանում զրուցել․ հոգնել են ցավից խոսելուց, այն ամեն անգամ վերապրելուց։ Աղավնոյի 30 տարվա բնակիչները 20 օր ունեն գյուղն հրաժեշտ տալու համար: 

Աղավնո գետը այսքան աղմկոտ չէր եղել. գուցե, որովհետև գյուղի լռությունն այսքան ծանր երբեք չէր եղել: Գյուղացիները հոգնել են ցավից խոսելուց, ցավը վերապրելուց, հենց այդ պատճառով այսօր ավելի շատ ես եմ պատմելու։ 15 օր ունեն հեռանալու համար, բայց շատերը չգիտեն՝ որտեղ են ապրելու 16-րդ օրը: Ոմանք էլ տուն են գտել, բայց գույքը տեղափոխելու հնար չունեն։ Ասում են՝ մեկ բեռնատար ավտեմեքենան վարձելու համար 400 000 դրամ են պահանջում։ Ի՞նչպես վճարեն, որտե՞ղ ապրեն՝ չգիտեն․․․ Բնակիչները տները չեն վնասում, բայց գյուղում՝ դպրոցի մոտ մուրճի թխկթխկոց է հնչում: Օգոստոսի 5-ի տարհանման հրամանից հետո գյուղում իրականացվող աշխատանքներից է պատմում համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։ 

«Հիմա տարհանման պլանն ենք կատարում, գյուղացիներն իրենց անձնական գույքն են տարհանում, պետությունն էլ այս երկու օրվա ընթացքում պետական գույքը կտարհանի։ Բնակիչների մի մասը շարունակելու է Արցախում ապրել, մի մասը Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում։ Անում ենք այն, ինչ ասում են մեզ»։ 

Աղավնոյում հույզերն իրար են խառնվել: Մարդիկ զգայուն են անցող-դարձողի, համացանցում ավել-պակաս գրողների հանդեպ: Ինքնապաշտպանության կոչեր, պաթոսային գրառումներ, նաև մեղադրանքներ՝ դպրոց   վառելու, ծառեր հատելու, գյուղը թալանելու մասին: Այս ամեն ինչը համացանցում է․ միայն համացանցում: 

«Համացանցում հիմա ամեն ինչ գրում են։ Մեր ուսուցիչները, աշակերտները ոչ թե դպրոցն էին վառում, այլ միայն ոչ պիտանի թղթերը»։ 

Երեկ Քաշաթաղի շրջանում ոչ միայն մարդիկ էին ճամպրուկում իրերը, այլև պետությունը: Վերամբարձ կռունկը հավաքում էր մշակութային կոթողներն ու խաչքարերը, որոնցով այդքան հարուստ է Քաշաթաղը։ Մեր ձեռքով կանգեցված խաչքարերը սեփական հողից հանում, տանում ենք։ Տեսնելով, թե ինչ է կատարվում թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքներում՝ մեր հուշարձանները, մշակութային կոթողները ստիպված ենք տարհանել՝ ասում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը։

 «Դեռևս 2021 թվականի փետրվար ամսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Ծաղկավանք եկեղեցում հայտարարել էր, որ հայկական բոլոր հուշակոթողները, որոնք կառուցվել են վերջին 30 տարում ավերվելու են, արձանագրությունները՝ մաքրվելու։ Այսքանը մեզ թույլ է տալիս, որ մեր մոնումենտալ արվեստի հուշարձանները տարհանենք»: 

Վերջին օրերին բանուկ է նաև Բերձորի ճանապարհը, մարդաշատ՝ Աղավնոյի վանքը: Արթուր Աբելյանը 1992-ին 17 տարեկան էր, երբ Բերձորի մարտերում մահացավ եղբայրը։   Արթուրի և եղբոր «հանդիպումների» վայրը միշտ Աղավնոյի վանքն է եղել:   

 «Բոլոր վերքերս բացվել են, նորից ապրում եմ 1992-ական թվականները։ Այս երկու նռնենու ճյուղն ա, որ տանելու եմ դնեմ նկարի մոտ, որ ընտանիքով նորից սգանք։ Ինչի համար իրենց արյունը թափվել է, այսօր արդեն անիմաստ է դառնում։ Ովքեր այս ամենը կազմակերպեցին, ինչ օրի հասցրին մեզ, իրենք հանգիստ չեն ապրելու, միևնույնն է»։ 

Օգոստոսի 25-ից Աղավնոն փոքրիկ Սփյուռք կունենա․ իրար կհանդիպեն նորից, կհիշեն գյուղի աղմկոտ գետը, գետափին անցկացրած լավ ու վատ օրերը։  Աղավնոն դատարկվում է․ մարդիկ փնջում են հիշողությունները, հավաքում այն ամենն, ինչ կարելի է տեղավորել  ճամպրուկների մեջ․ բայց ամենաթանկը տանել չեն կարող ո՛չ մարդիկ, ո՛չ էլ պետությունը: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասում է. «Եկեղեցին կանգուն են թողնելու”։ 

«Բերձորի և Աղավնոյի եկեղեցիները նոր եկեղեցիներ են, բայց ճարտարապետական առումով շատ գեղեցիկ, գմբեթավոր եկեղեցիներ են։ Շարժական այն գույքը, որ եկեղեցում է, պետք է հանենք, իսկ եկեղեցին՝ խաչով, գմբեթով ու զանգակատնով, մնալու է։ Եկեղեցիների հետագա ճակատագիրը չգիտեմ՝ ինչ պիտի լինի․ երևի կպղծվեն, վանդալիզմի շարքերում դրանք էլ կավելանան։ Օգոստոսի 20-ին Բերձորի եկեղեցում իմ գլխավորությամբ պատարագ ենք մատուցելու։ Չեմ ուզում ասել վերջին անգամ։ Հուսանք՝ նորից հնարավորություն կունենանք եկեղեցում պատարագ մատուցելու»։ 

Աղավնոյից հեռացողի սիրտը բեռնված է ավելի, քան ճամպրուկը: Լեռները, եկեղեցիները, գյուղի փողոցները, գետը՝ ծառերով պարուրված, դպրոցի հայտնի պատը՝  «Մենք պարում էինք և կրկին կպարենք» գրությամբ կսպասեն իրենց իրական տերերի վերդարձին: Լինի դա 20 օր, թե 20 տարի: 

Back to top button