ԿարևորՀասարակությունՏեսանյութ

«Գորտի աղբյուրից» ղանթարով էլ ջուր չեն կրի. Բագարանը 50 տարի անց խմելու ջուր կունենա

Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում խմելու ջրագծեր են կառուցվում: Շուրջ 50 տարի գյուղի 140 տնտեսություն զրկված է խմելու ջրից: Գյուղացիները խմելու ջուրը ղանթարներով ու մեքենաներով են բերում կմ հեռվից՝ «Գորտի աղբյուրից»: Համայնքի սուղ բյուջեով նախկինում հնարավոր չի եղել Բագարանում նոր ջրագծեր կառուցել: Դա իրականացվեց միայն խոշորացումից հետո, երբ կառավարությունը հատկացրեց ծրագրի արժեքի 70 տոկոսը:

Բագարանում արդեն մեկ շաբաթ չի դադարում տեխնիկայի ձայնը. փողոցներում ջրագծի փոսեր են փորում: Ժամանակավոր անհարմարությունները չեն անհանգստացնում գյուղացիներին, հակառակը՝ սպասում են. գյուղը մոտ 50 տարի խմելու ջուր չունի, կենցաղում օգտագործում են Ախուրյան գետի ջուրը: «Ռադիոլուրին» գյուղացիները պատմում են.

«Ծնված օրվանից գյուղում ջուր չենք տեսել»։ «Մեր կանանց ուսերին ղանթարից վերք է առաջացել»։ «Առավոտյան ղանթարով են ջուր կրում, գործից հետո՝ էլի ղանթարով»։  

«Շուրջ 50 տարի գյուղում ջուր չունենք, խմելու ջուրը «Գորտի աղբյուրից» ենք բերում՝ ղանթարով, մեքենաներով կրում, բերում ենք՝ մեկ կիլոմետր հեռվից»:

Մինչև 80-ականների սկիզբ գյուղը խմելու ջուր ուներ։ Տարիներ առաջ գյուղացիները ներքին ուժերով փորձել են վերագործարկել հին ջրագծերը, բայց վթարներն անխուսափելի են դարձել, իսկ համայնքի սուղ բյուջեն չի բավարարել  նոր ջրագծեր կառուցելու համար: Հիմա տարիների երազանքն իրականանում է։ Խմելու ջրագծի կառուցումը տոն է դարձել: Արմավիրի մարզպետին Բագարանում աղուհացով, երգ ու պարով են դիմավորում.

 «Շնորհավորում եմ ձեզ, իրականում ձեր համայնքի համար տոն է: Այս տարի խոշոր ձեռքբերման տարի է, որ հնարավորություն եղավ համայնքների խոշորացումից հետո այսպիսի մեծ ծավալի գումար ներդնել և ջրամատակարարման ցանցը հիմնովին կառուցել»:

Բագարանն անցած  դեկտեմբերից Բաղրամյան խոշորացված համայնքի կազմում է: 14 գյուղերի բյուջեն հավաքվել է մի տեղ, որով էլ հնարավոր է դարձել մասնակցել սուբվենցիոն ծրագրերին ու լուծել առաջնահերթ խնդիրները: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը նշում է՝  կառավարությունը ֆինանսավորել է աշխատանքի 70 տոկոսը .

«Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ ամբողջ Բագարանը խմելու ջուր կունենա: Նախագծով «Գորտի աղբյուրից » են ջրագիծն անցկացնում, եթե չբավարարի՝ սահմանի ներսում մի քանի բնական աղբյուր կա, դրանք կմիացնենք ցանցին: Բայց մասնագետները եզրակացրել են, որ ջուրը լիովին կբավարարի»:

Սահմանից ներս բնական աղբյուրներից ջրագծերը կկառուցվեն հրատապ ծրագրով, իսկ սուբվենցիոն աշխատանքների  արժեքը 151 մլն դրամ է: Նախատեսվում է կառուցել մոտավորապես 7,5 կմ ջրամատակարարման ներքին ցանց, ջրաչափական հանգույցներ, 150 տ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրավազան: Շուրջօրյա ջրամատակարարումը նոր տեխնոլոգիաներով է գործելու, 2-րդ ջրավազանի անհրաժեշտություն չկա: «Պրոֆբիլդ» ՍՊԸ տնօրեն Համազասպ Ղազարյան.

«Մենք ունենք բավականին նոր ժամանակակից պոմպեր, որոնք 24 ժամ աշխատում են, և ամբողջն ավտոմատացված է՝ ներսից ինքնակառավարվում է»:

Գյուղաշխատանքին զուգահեռ՝ բագարանցիները հետևում են շինարարության ընթացքին, որ ջրագծերը որակով կառուցվեն: Հրաչ Բարսեղյանը Բագարանից է ու տեխնիկական հսկողություն է իրականացնում.

«Արդեն 700մ-800մ փորել ենք, ծածկել: Մինչև ռուսական զինվորական զորամասն ենք հասնելու, որը վերջին կետն է և ջուրը բարձրանալու է մինչև զորամաս: Ինձ հատուկ են գյուղից նշանակել, որ աշխատանքները տնավարի արվեն ու ոչ մի խախտում չլինի: Միայն ես չեմ հսկում, ամբողջ գյուղով հսկում ենք. ես աշխատանքներն եմ հսկում, գյուղացիք էլ՝ ինձ»:

2020թ-ին պետական բյուջեով հիմնանորոգվել է Թալին-Քարակերտ-Թուրքիայի պետական սահման Մ-9 միջպետական ճանապարհի 4.2 կմ հատվածը, որի մի մասն անցնում է Բագարանով: Խմելու ջրագիծն անցնում է հենց այդ տարածքով: Բնակիչները մտահոգված են՝ չքանդեն 2 տարի առաջ կառուցված ասֆալտը:
Սահմանամերձ Բագարանում խմելու ջրագծերը նախատեսել են շահագործել դեկտեմբերի սկզբին, իսկ հաջորդ տարի սուբվենցիայով կկառուցեն հանդիսությունների սրահն ու կնորոգեն մշակույթի տան տանիքը:

Back to top button